Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին
06.12.2016 | 09:06

Դեկտեմբերի 5-ին Վիեննայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում մասնակցեց Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, որին ներկա էին ԱԷՄԳ 140 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Ելույթ ունենալով հանդիպմանը` նախարար Նալբանդյանը ասաց. «Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը խաղում է համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում և այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման և համակարգման գործում:
Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և ազգային, և միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: 2015-ին մենք ընդունել ենք մի շարք փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին և հայկական ատոմակայանի ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս միջոցառումներն իրականացվում են ի հավելումն Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի դրույթների իրականացմանը:


Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ստանձնած միջազգային պարտավորությունները: Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020 թթ. ծրագիրը նախանշում է մի շարք հստակ քայլեր, որոնք վերաբերում են, ինչպես արդեն իրականացված ազգային միջոցառումներին, այնպես էլ ընթացիկ և գալիք քայլերին:


Մենք ակտիվ ներգրավված ենք միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը և Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում ազգային կարողություններն ավելի ամրապնդելու համար:


Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն և կանոնավոր համագործակցություն է ծավալել ԱԷՄԳ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ: ԱԷՄԳ բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, և հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել:


Այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան անհարգալի վերաբերմունք դրսևորելով ԱԷՄԳ-ի, նրա եզրակացությունների նկատմամբ՝ փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:


Անվերապահորեն աջակցելով չտարածման քաղաքականությանը՝ Հայաստանը վերահաստատում է լիակատար հավատարմությունը պայմանագրերին և ԱԷՄԳ երաշխիքների համաձայնագրին ու լրացուցիչ արձանագրությանը։ Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»: Միջազգային համաժողովի արդյունքներով ընդունվեց եզրափակիչ հռչակագիր, որում համաժողովի մասնակից երկրները վերահաստատեցին հանձնառությունը միջուկային անվտանգության ամրապնդմանը, միջուկային չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ