Սպիտակ տան որոշումը՝ հրաժարվել բազմամյա քաղաքականությունից և ՄԱԿ Անվտանգության խորհրդին թույլ տալ, որ դատապարտի պաղեստինյան տարածքներում իսրալելական բնակավայրերի շինարարությունը, դարձավ նախագահ Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի լարված հարաբերությունների գագաթնակետը՝ նշված է The Hill-ում: Օբամայի որոշումը նրան քաղաքական սպեկտրի բոլոր կողմերի քննադատության օբյեկտ է դարձրել:
Հեռացող նախագահն այդ որոշումը չէր ընդունի, եթե նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը հաղթեր: Օբամային քննադատել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և աջ ուժերը, իսկ նրա որոշումը կարող է Կոնգրեսում ՄԱԿ-ի ֆինանսավորման շուրջ լուրջ վեճերի հանգեցնել: Բայց Օբամայի թիմը որոշել է, որ արժի պայքարել:
Ամերիկյան շատ վարչակազմեր են հանդես եկել Իսրայելի բնակեցման քաղաքականության դեմ այն տարածքներում, որոնց պաղեստինցիներն են հավակնում՝ համարելով հակամարտության երկկողմանի խաղաղ կարգավորման ճանապարհի գլխավոր խոչընդոտը: ՈՒրբաթ ընդունված բանաձևի ձևակերպումները համապատասխանում են ԱՄՆ-ի այս քաղաքականությանը:
Սակայն 1980-ից սկսած ԱՄՆ-ը վետո էր դնում ՄԱԿ-ի բանաձևերի վրա, որոնք դատապարտում էին Իսրայելի բնակեցման ակտիվությունը: Հնարավոր է, որ այս քայլն Օբամայի համար բացասական հետևանքներ ունենա՝ Նեթանյահուին և Թրամփին սադրելով խստացնել պաղեստինցիների նկատմամբ քաղաքականությունը, որը հակասում է հեռացող նախագահի մոտեցմանը: «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, հունվարի 20-ից հետո ամեն ինչ կփոխվի»,- իր «Թվիթերում» գրել է Թրամփը: Այս որոշումը Օբամայի վերջին հնարավորությունն է միջազգային ասպարեզում իր ազդեցությունը Թրամփին ցուցադրելու համար, որը հրապարակավ հայտարարել է այնպիսի արտաքին քաղաքականություն վարելու պատրաստակամության մասին, որը կհակասի ընթացիկ վարչակազմի քաղաքականությանը: Սա կարող է ապագայում հնարավոր խաղաղ բանակցությունների գործընթացում լրջորեն բարդացնել Իսրայելի կառավարության վիճակը, չնայած Թրամփը պատրաստ է այդ քաղաքականությունը փոխել:
Չնայած ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը ոչ մի քաղաքական հետևանքների չի հանգեցնում, կարող է պաղեստինցիների համար այն նախադեպը դառնալ, որը կազդի Իսրայելի հետ ապագա բանակցություններում խաղաղ համաձայնագրի մշակման գործընթացի վրա: Դա կարող էր խաղաղ համաձայնագրի հասնելու Քլինթոնի խնդիրը բարդացնել, եթե նա հաղթեր ընտրություններում: Հիմա դա արդեն Թրամփի խնդիրը կլինի: