Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Գազի սակագնի նվազեցումը դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա». Իգնատի Առաքելյան

«Գազի սակագնի նվազեցումը դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա». Իգնատի Առաքելյան
14.01.2017 | 17:14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով: Հիմնադիր Մարկոս Ղարիբյանի խոսքով՝ նպատակ ունեն ընդլայնել ջերմատնային տնտեսությունների տարածքը ևս 15 հեկտարով, որի շնորհիվ ընկերությունը կարող է դառնալ վարդեր աճեցնող աշխարհի ամենախոշոր ջերմատունը:

Բացի այդ, ջերմատան տարածքի ընդլայնումը հնարավորություն կտա վարդերի ինքնարժեքը նվազեցնել մոտ 20-22 տոկոսով և կրկնապատկել արտահանման ծավալները: Անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը` նա նշել է, որ դա անակնկալ էր իրենց համար, քանի որ էներգակիրները կազմում են իրենց արտադրանքի ինքնարժեքի մոտ 50 տոկոսը, ուստի այն ևս կնպաստի վարդերի ինքնարժեքի նվազմանը մոտ 5-6 տոկոսով: Նշելով, որ «Էկոտոմատո» ընկերությունում 2016 թվականին աճեցվել է մոտավոր հաշվարկներով 19 մլն վարդ, Մարկոս Ղարիբյանը ավելացրել է, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելացնել այդ ցուցանիշը: Նրա խոսքով` արտադրանքի 70-80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և Վրաստան, իսկ մնացածը սպառվում է ներքին շուկայում: Այժմ քայլեր են ձեռնարկվում արտահանումները հոլանդական և ֆրանսիական շուկաներ վերսկսելու ուղղությամբ: Այնուհետև նախարարն այցելել է Արամուսում գտնվող միջին հզորության ջերմատուն, զրուցել հիմնադիր Սամվել Թևոսյանի և Քաջիկ Հակոբյանի հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես ագրո» ընկերությունում, որի հիմնադիր Սամվել Կարապետյանը նշել է, որ ընկերության արտադրանքի մոտ 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Լոլիկի բերքատվությունն այստեղ կազմում է 51-52 կգ/քմ, համախառն բերքը տարեկան կազմում է շուրջ 1900 տոննա: Ջերմատանը լոլիկի մշակությունն իրականացվում է հիդրոպոնիկ եղանակով:

Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել ևս 12,2 հա ջերմատուն: Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մի շարք խոշոր և միջին ջերմոցային տնտեսություններում առկա խնդիրներին և ընկերությունների ղեկավարների հետ քննարկել գազի սակագնի նվազեցման հնարավոր արդյունքները: «Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա, քանի որ կառաջանան ազատ շրջանառու միջոցներ, որոնք նրանք կկարողանան ներդնել` ոլորտը զարգացնելու համար», – նշել է Իգնատի Առաքելյանը: Ընդգծելով, որ ջերմոցային տնտեսությունների ոլորտն ամբողջ աշխարհում գյուղատնտեսության բնագավառի ամենաարագ զարգացող և մեծ ներուժ ունեցող ոլորտներից է` նախարարը կարևորել է պետության կողմից աջակցության ցուցաբերումը: Նախարարը կարևորել է նաև համապատասխան մասնագետների պատրաստումը, ինչին կնպաստի Համաշխարհային բանկի կողմից Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ ջերմատների մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Իր հերթին Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշել է, որ գազի սակագնի նվազեցումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների շահութաբերության բարձրացմանը և չաշխատող ջերմոցների վերագործարկմանը:

Նրա խոսքով` ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացնելու ծրագիր, որով նախատեսվում է Հայաստանը վերածել ջերմատնային արդյունաբերական երկրի` տեղում համապատասխան սարքավորումներ ու համակարգեր արտադրելու, տեղական սերմն ու տնկանյութը կիրառելու միջոցով, ինչը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ