ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ВЦИОМ-ի տվյալներով ևս «Ծառուկյան» դաշինքն առջևում է

ВЦИОМ-ի տվյալներով ևս «Ծառուկյան» դաշինքն առջևում է
09.03.2017 | 23:53

Ըստ ռուսաստանյան կենտրոնի հարցումների արդյունքների, հայաստանցիների 78 տոկոսը դժգոհ է իրավիճակից, իսկ ամեն երկրորդի (հարցվածների շուրջ 51 տոկոսի) կարծիքով, իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։
72 տոկոսը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Հայաստանցիներն ամենից շատ դժգոհել են գործազրկությունից. հարցվածների 45 տոկոսի կարծիքով` աշխատանք գտնելը շատ դժվար է, 22 տոկոսը բողոքել է ճանապարհներից, 13 տոկոսն էլ՝ աղքատությունից։ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեությունը դրական է գնահատել 77 տոկոսը, բացասական են գնահատել 12 տոկոսը։
Հայաստանի բնակչության 71 տոկոսը ուշադրությամբ հետևում է նախընտրական քարոզարշավին: Հարցումն անցկացվել է 1600 հայաստանցիների շրջանում, հանրապետության տարբեր բնակավայրերում, փետրվարի 22-26-ին։
ВЦИОМ-ի տվյալներով, քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի շրջանում ներկայումս ամենաբարձր վարկանիշն ունի «Ծառուկյան» դաշինքը՝ 26 տոկոս, իսկ երկրորդ հորիզոնականում ՀՀԿ-ն է՝ 19 տոկոսով: «Ինտերֆաքս»-ը նկատում է՝ չնայած հարցման պահին «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը 7 կետով ավելի բարձր էր ՀՀԿ-ի վարկանիշից, ռեյտինգային կարգով ընտրությունների պարագայում այս երկու քաղաքական ուժերի վարկանիշները գրեթե հավասարվում են, «Ծառուկյան» դաշինք՝ 25 տոկոս, ՀՀԿ՝ 23 տոկոս:
Նույն ուսումնասիրության արդյունքներով, դաշինքների համար սահմանված 7-տոկոսանոց, իսկ կուսակցությունների համար՝ 5- տոկոսանոց շեմը հաղթահարելու շանս ունի ևս երկու ուժ՝ «Ելք» դաշինքն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ Արդյունքները գրեթե համընկել են Gallup International Association հայաստանյան կազմակերպության հարցման արդյունքների հետ, որի արդյունքներով ևս առաջին հորիզոնականում «Ծառուկյան» դաշինքն է՝ 26,4 տոկոսով, երկրորդում ՀՀԿ-ն՝ 22,8 տոկոսով: Մյուս կուսակցություններից էլ ամենից մեծ վարկանիշն ուներ «Ելք»-ը՝ 3,9 տոկոս։


Ռուսաստանցի հայտնի լրագրող և մեկնաբան Բորիս Տումանովը վերապահումով է մոտենում ВЦИОМ-ի ուսումնասիրության արդյունքներին: «Նրանք ուղղակի կապի մեջ են Կրեմլի հետ։ Պատահում է, որ իսկապես քիչ թե շատ օբյեկտիվ հարցումներ են անցկացնում, սակայն, հազվադեպ։ Իմ գործունեության ընթացքում ես օգտվում եմ նրանց տվյալներից միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում իշխանությունը: Նրանք ճիշտ արդյունքներ են հրապարակում միայն ոչ կարևոր հարցերի մասին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բորիս Տումանովը:


Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը Հայաստանում հարցումներ էր անցկացրել նաև 2013 նախագահական ընտրությունների նախաշեմին՝ արձանագրեով, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը 47 տոկոս է, իսկ Ռաֆֆի Հովհաննիսյանինը՝ 28 տոկոս: Ընտրությունների արդյունքում, ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սերժ Սարգսյանը ստացավ քվեների ավելի քան 58 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելի քան 36 տոկոսը:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ