ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մոսկվան ու Վաշինգտոնն իրար չհամոզեցին, բայց պատերազմ չի լինի

Մոսկվան ու Վաշինգտոնն իրար չհամոզեցին, բայց պատերազմ չի լինի
13.04.2017 | 12:43

Երեկ աշխարհը մի փոքր շունչ քաշեց` հետևելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մոսկովյան այցին: Վաշինգտոնից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան շուրջ չորս ժամ դռնփակ ռեժիմով հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ապա երկու նախարարները հյուրընկալվել են նախագահ Պուտինին: Դժվար է կանխատեսել, թե դիվանագետները, ապա նաև նախագահն ինչ են խոսել փակ դռների հետևում, սակայն Մոսկվան ու Վաշինգտոնը, դատելով Լավրովի ու Թիլերսոնի հրապարակային հայտարարություններից, ընդհանուր հայտարարի չեն հանգել սիրիական քաղաքականության առանցքային հարցերում: Թրամփի վարչակազմում կարծում են, որ Ասադը չպետք է տեղ ունենա քաղաքական երկխոսության ու Սիրիայի նոր իշխանության ձևավորման գործընթացում:

Իհարկե, Թիլերսոնը Մոսկվայում այս դիրքորոշումը պնդել է, բայց ակնհայտորեն ոչ այն ուլտիմատիվ ձևաչափով, որ նախօրեին հնչել է Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպմանը: Լավրովը երեկ պաշտպանել է Ասադի իշխանությանը, սակայն դա արել է դիվանագիտական բառապաշարով: Քիմիական զենքի օգտագործման և ամերիկյան հրթիռակոծումների հարցերում կողմերը մնացել են իրենց` տրամագծորեն տարբերվող տեսակետներին: Եթե ամփոփենք, ապա, բովանդակային առումով, Մոսկվան ու Վաշինգտոնը երեկ չեն հանգել որևէ համաձայնության, նույնիսկ` կոմպրոմիսի: Սա, իր հերթին, ենթադրում է, որ մոտ ապագայում տեսանելի չեն ռուս-ամերիկյան ճգնաժամի հաղթահարման, ըստ այդմ` սիրիական խնդրի կարգավորման հեռանկարները:

Սրանով հանդերձ, Թիլերսոնի մոսկովյան երեկվա հանդիպումները հուսադրող էին, որովհետև դրանք, ըստ էության, չեղարկեցին գլոբալ պատերազմի սանձազերծման իրական նախադրյալները, որոնք իրական էին դեռ մի քանի օր առաջ: ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները գուցե երեկ նույնպես հարաբերվել են «սառը պտերազմի» հռետորաբանությամբ, սակայն դա ավելի շուտ քարոզչական ֆոն է եղել, իսկ գործնականում փորձ է արվել ձևակերպել ինչ-որ օրակարգ, ձևաչափ, որը կօգնի ռուս-ամերիկյան ճգնաժամի հաղթահարմանը: Թիլերսոնն ու Լավրովը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծելու մասին:


Մոսկվան և Վաշինգտոնն իրար չհամոզեցին, բայց չեն պատերազմելու: Սա արդեն լավ է, ու պատահական չէ, որ երեկ, ուշ երեկոյան, Դոնալդ Թրամփն ասել է, թե Մոսկվայի ու Վաշինգտոնի բանակցություններն ավելի հաջող են անցել, քան ենթադրվում էր:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ