Թուրքիան հույս ունի, որ Վաշինգտոնն ի վերջո կարտահանձնի կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետական հեռուստատեսության եթերում: Նրա խոսքով՝ ինքն այս թեման պատրաստվում է մեկ անգամ ևս քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Ես այդ հարցը Թրամփի հետ քննարկելու եմ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո: Կարծում եմ՝ հենց այդ ընթացքում կձևավորվի համատեղ գործողությունների ծրագիրը»,- նշել է Էրդողանը:
Նա վստահեցրել է, որ Թուրքիան Գյուլենի արտահանձնման համար անհրաժեշտ բոլոր փաստերն արդեն տրամադրել է Վաշինգտոնին: «Գյուլենի անօրինական գործունեության մասին Վաշինգտոն ուղարկված ապացույցների ընդհանուր ծավալը հասնում է 80-85 արկղի»,- նշել է Թուրքիայի նախագահը: