Եվրոպական միությունը ծրագրում է պարտավորեցնել Լոնդոնին ամենամյա վճարումներ կատարել, երբ 2019-ին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, հաղորդում է DW-ն: Եվրամիությունը կարծում է, որ Միացյալ Թագավորությունը պիտի թույլ տա ԵՄ քաղաքացիների ընտանիքների վերամիավորումը Մեծ Բրիտանիայում: Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանում Լոնդոնը պետք է ենթարկվի Լյուքսեմբուրգի Եվրոպական միության դատարանի որոշումներին (EuGH):
Փաստաթուղթը պետք է դառնա Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների համար մանդատի հիմքը, որի դրույթներով պետք է առաջնորդվի Եվրամիության կողմից բանակցային գործընթացի ղեկավար Միշել Բարնիեն: ԵՄ պետությունների ղեկավարները ծրագրում են մանդատը քննարկել ապրիլի 29-ին Բրյուսելի գագաթնաժողովում:
Փաստաթղթի նախագիծը ենթադրում է, որ Brexit-ի շուրջ բանակցություններում կոնկրետ գումարի մասին կխոսվի, որը Լոնդոնը պետք է վճարի եվրոյով: Գումարի վերջնական չափը չի նշվել, Մեծ Բրիտանիան արդեն մերժել է ավելի վաղ Եվրահանձնաժողովի նշած 60 միլիարդ եվրոն: Համաձայն փաստաթղթի այլ դրույթների` Միացյալ Թագավորությունը պետք է պահպանի աշխատանքի իրավունքն ու ԵՄ քաղաքացիներին ցմահ կենսաթոշակ նշանակի, որոնք Եվրամիության կազմից դուրս գալու պահին ապրում են այնտեղ: