Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր գործիչներին՝ մատնացույց անելով Թբիլիսիում ենթադրաբար առևանգված և Բաքվում կալանավորված լրագրող Աֆղան Մուխթարլիին։ Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրողը մայիսի 29-ին անհետացել էր, հետո հայտնվել Բաքվում՝ նախնական կալանքի բանտախցում։ Ադրբեջանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:
Այս սկանդալային միջադեպը դժգոհության ալիք բարձրացրեց ոչ միայն Վրաստանում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատեցին Թբիլիսիին՝ կոչ անելով շուտափույթ հետաքննել գործը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խոստացել է, որ կարճ ժամկետում թափանցիկ հետաքննություն կիրականացվի և հանրությանը պատասխաններ կտրվեն։