Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին և կասեցնել նրան առաջադրված բոլոր մեղադրանքները: Ստրասբուրգում ընդունված փաստաթուղթը պաշտպանել են Եվրախորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Բանաձևը դատապարտում է լրագրողի առևանգումը Վրաստանում և «շինծու մեղադրանքներով» քրեական հետապնդումը Ադրբեջանում: Եվրախորհրդարանի պատգամավորները խոր մտահոգություն են հայտնել լրագրողի հետապնդման առնչությամբ, նշելով, որ Մուխթարլիի գործն արտերկրում ապրող վտարանդի քննադատներին, իսկ երկրի ներսում՝ նրանց ազգականներին Ադրբեջանի իշխանությունների կողմից թիրախավորելու և հետապնդելու «ևս մեկ օրինակ է»:
Վրաստանում Մուխթարլիի անհետանալու առնչությամբ՝՝ Եվրախորհրդարանը նաև Վրաստանի իշխանություններին է կոչ ուղղել՝ հորդորելով շուտափույթ անցկացնել թափանցիկ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն:
Աֆղան Մուխթարլին կնոջ հետ 2015-ին տեղափոխվել էր Վրաստան, մտահոգված իրենց անվտանգության համար: Նա Ադրբեջանի իրավապահների ուշադրության տակ էր հայտնվել նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր կոռուպցիոն գործարքներին առնչվող հետաքննությունից հետո: Մուխթարլին Վրաստանում անհետացել էր մայիսի 29-ին: Ավելի ուշ Ադրբեջանի իշխանությունները հայտնեցին, թե նա Բաքվի մեկուսարանում է՝ կասկածվելով պետական սահմանն անօրինականորեն հատելու և կանխիկ գումարի մաքսանենգության մեջ: Ադրբեջանի դատարանը 43-ամյա լրագրողին երեք ամսով նախնական կալանքի ենթարկելու որոշում է ընդունել:
Ստրասբուրգում խորհրդարանական երկու խումբ՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական (EPP) և Եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների (ECR) կուսակցությունները, փորձել է հետաձգել քվեարկությունը՝ առաջարկելով հնարավորություն տալ Եվրամիության «լուռ քաղաքականության» համար, նշելով, թե Եվրամիության հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հունիսի 15-ին այցելում է Բաքու: Քվեարկությունը հետաձգելու այս առաջարկը չի ընդունվել: Ադրբեջանցի լրագրողի հարցով հայտարարություն էր տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը, նշելով, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Աֆղան Մուխթարլիի՝ Վրաստանում «ենթադրյալ առևանգման» և Ադրբեջանում կալանավորվելու կապակցությամբ: