ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՀԱՅ ՄԱՍՈՆՆԵՐ

ՀԱՅ ՄԱՍՈՆՆԵՐ
17.02.2012 | 00:00

Մասոնությունը կամ ֆրանկմասոնությունը (ֆրանսերեն` franc mason - ազատ որմնադիր) ուղղություն է, որ սկիզբ է առել Անգլիայում և իր գոյության մասին առաջին անգամ հայտարարել է 1717-ին։ Այդ շարժման կազմակերպական կառուցվածքը որքան խորհրդավոր, նույնքան էլ պատմագիտական բացատրություն ունի։ Միջին դարերում առանձնացված դաս` եղբայրություն, էին կազմում որմնադիրները, որոնք կրում էին իրենց արհեստավորական պիտույքները` մուրճ, կարկին, կապարալար, գոգնոց և այլն։ Նրանք ունեին ներքին բաժանում. առաջին խմբի մեջ մտնում էին ճարտարապետները, երկրորդի մեջ` ճարտարապետներին օգնող շինարար-վարպետները, երրորդի մեջ` աշակերտները կամ սկսնակները։
Այս աստիճանակարգը պահպանվել է դարեր շարունակ։ Աշխատանոց կոչվող միավորումներն ունեին հետևյալ բաժանումները. առաջին` 1-18-րդ աստիճաններն ընդգրկում էին սկսնակներին, երկրորդ` 18-30-րդ աստիճաններում ներգրավված էին օգնականները, որոնք ձևավորում էին ժողովներ, իսկ բարձրագույն` 30-33-րդ աստիճանների մասոնները կազմում էին փիլիսոփայական խորհուրդները։ Այստեղ էր գտնվում մասոնության վերնախավը` Կադոշ-ասպետը, Մեծ տեսուչը, Ընդհանուր հավատաքննիչը, Արքունական գաղտնիքների գերագույն իշխանը և Գերագույն ընդհանուր մեծ տեսուչը։
Միմյանց ճանաչելու համար մասոնները գործածում էին հատուկ արտաքին նշաններ` ձեռքսեղմման, դիմախաղի, բառային ակնարկների, առարկաների հետ վարվելու կերպեր, որոնք միայն իրենց էին հայտնի։ Միմյանց գաղտնաբար աջակցելով` մասոնները ձեռք էին բերում բարձր դիրք, համբավ, պատիվ, ճանաչում, ֆինանսական վիթխարի հնարավորություններ։ Սակայն պահանջվում էր երկու բան` խիստ գաղտնապահություն, որը խախտելու համար հաճախ կարելի էր հատուցել կյանքով, և բացարձակ հնազանդություն։
Սա մասոնության արտաքին, կազմակերպական կողմն է։ Իսկ ո՞րն է գաղափարական էությունը։
1723-ին անգլիացի բողոքական Անդերսոնը գրեց մասոնության առաջին կանոնադրությունը` Կանոնագիրքը կամ Սահմանադրությունը, որտեղ շարադրված էր իմաստային հենքը։
Հռչակված էր երեք սկզբունք` Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն, այսինքն` մասոնությունը փոխօգնության, մարդասիրության, սոցիալական համերաշխության մի համաշխարհային հանրակցություն պիտի լիներ և իր սկզբունքների կենսագործմանը հասներ կրթության, գիտության, արվեստների և առհասարակ մարդկային զարգացման, առաջընթացի շնորհիվ։
Իսկ ի՞նչ տարբերություն կա մասոնության և, ասենք, այլ կրոնական կամ աշխարհական մարդասիրական գաղափարաբանությունների միջև։ Տարբերությունը վիթխարի է, էական և հիմնված է ժխտողականության, մերժողականության վրա։
Նախ, ժխտվում է քրիստոնեությունը, մարդն է հռչակվում Աստված, Աստված փոխարինվում է մարդով, իսկ «Ազատ որմնադիր» բառակապակցության առաջին բառով շեշտվում է ազատությունն ու անկախությունն ամեն ինչից, այդ թվում` քրիստոնեությունից։
Երկրորդ, հիմնովին մերժվում է ազգային պատկանելության գաղափարը. քանի որ մարդն է Աստված, ապա պետք է լինեն մարդկային հանրակցություններ, այլ ոչ ազգեր։ Եվ պատահական չէ, որ «Մարդկային իրավունքների ընկերակցության» ստեղծումը նախաձեռնեց ֆրանսիացի մասոն Լյուդովիկ Թրարիոն։
Երրորդ, լիովին բացասվում է «հայրենիք» հասկացությունը։
Չխորանալով հարաբուխ այլ դրույթների մեջ, կուզենայինք անդրադառնալ մասոնության մի կարևորագույն դրսևորման քաղաքական նպատակներին։ Վաղուց անտի գոյություն ունի տեսակետ, թե մասոնության բուն էությունը հայրենիքի և ազգային պատկանելության զգացումից զերծ անհատներից բաղկացած միջազգային հանրակցության ստեղծումն է, որը գաղտնաբար կձգտի համաշխարհային տիրապետության։ Այդ մասին 1926-ին անթաքույց գրել է անգամ «Վիեննայի մասոնական թերթը». «Մասոնությունը` իբրև համաշխարհային միացյալ մասոնություն, պատմություն կերտող մի հսկայական ազդակ է։ Մասոնությունը մի աշխարհակերտ գաղափար է, իսկ աշխարհակերտ յուրաքանչյուր գաղափար ինքնին քաղաքականություն է»։ Հարկ է նշել նաև, որ մասոններ են եղել և են համաշխարհային քաղաքականության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, բիզնեսի և այլ ոլորտների հարյուրավոր ականավոր գործիչներ։
Սույն հրապարակման նպատակն է առաջին անգամ համառոտ տեղեկություններ ներկայացնել հայ մասոնների վերաբերյալ (մեր ձեռքի տակ եղած աղբյուրները միանգամայն հավաստի են)։ Ընդ որում, մենք կխուսափենք ինչ-ինչ հետևություններ անելուց։ Միայն մեկ դիտարկում. թե ստորև ներկայացվող անձինք ինչ դրդապատճառներով են անդամագրվել մասոնությանը կամ ինչպես ընտրվել, դժվար է ասել, սակայն սույն ցանկից ակնհայտ է, որ նրանք հայոց վերնախավի ներկայացուցիչներ են։ Եվ այստեղ հարց է ծագում` արդյո՞ք նաև այս մարդկանց միջոցով մասոնության կողմից չի վերահսկվել Հայոց հարցը...
Եվ այսպես։
Ըստ մեր ուսումնասիրության, հայոց մեջ մասոնությունը սերմանել են ակնցիները (Ակն քաղաքը գտնվում է Եփրատի աջ ափին` Խարբերդի ու Երիզայի միջև)։ Պոլսո ամիրաների զգալի մասն ակնցի էր, ինչպես, օրինակ, Տատյանները, Ճեզայիրլյանները, Միսաքյանները, Արփիարյանները, Չերազյանները, Սողբոսյանները և այլք։
Ակնցի էր նաև Հարություն Հակոբիկի Նորատունկյանը (1845-1899), որն առաջին հայ մասոնն է։ Նա Պոլսում հիմնեց «Սեր» անվամբ «Ազատ որմնադիրների» օթյակ, որին անդամագրվեցին Տիգրան Յուսուֆյանը, Հարություն Մերեմգուլին, Միքայել Խորասանճյանը, Հովհաննես Խորասանճյանը, Սիմոն և Միքայել Մաքսուդները, Կարապետ Շահնազարը, Տիգրան Բաբաղամյանը, Անտոն Հաճյանը, բժիշկ Քյաթիպյանը, Ասլանյան փաշան և այլք։ Հ. Նորատունկյանի կրտսեր որդին էր Միքայելը, որը հետագայում դարձավ տնտեսագիտության դոկտոր և Ռումինիայի «Ազատ որմնադիրների» միության նախագահ։ Իսկ ավագ որդին էր հանրահայտ Գաբրիել Նորատունկյանը։
1920-ի մայիսի 15-ին Կիլիկիայի 275 հազար քրիստոնյաների (այդ թվում` 150 հազար հայերի) ներկայացուցիչները կոչ հղեցին դաշնակից և այլ պետությունների, ինչպես նաև Հռոմի պապին և ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որպեսզի Կիլիկիան չհանձնեն թուրքերին։ Ի թիվս այլոց, կոչը ստորագրել էր նաև Ադանայի մասոնական օթյակի համաժողովի կողմից Ավետիս Ավետիսյանը։
Աղաջանյան Արթուր (Անդրանիկ) Մեսրոպի, ծնվել է 1907-ին, Կարսի մարզի Օրթա-Քիլիսե գյուղում։ 1922-ին ընտանյոք արտագաղթել է ԱՄՆ։ 1936-ին նա Արտեզիայում գնել է մի կալվածք, հիմնել խոզաբուծական ֆերմա, որը 60-ական թթ. Կալիֆոռնիայում ամենաշահութաբերն ու խոշորագույնն էր։ Ապա Ջեկ Առաքելյանի ու Ջանի Գաբրիելյանի հետ Մոնտեբելլոյում հիմնել է «Գերֆիլդ» բանկը։ Ա. Աղաջանյանը մասոն էր։
Աղաջանյան Կարապետ Սարգսի (1876, Թիֆլիս-1955, Փարիզ) - նյարդաբույժ, գիտնական, հասարակական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ 1924-1948 թթ. Ֆրանսիայի Մեչնիկովի անվան ռուս բժիշկների ընկերության անդամ, վարչության անդամ, վարչության նախագահ, պատվավոր նախագահ։ 1928 թ. Սորբոնի համալսարանում պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի ատենախոսություն։ Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։
1950-ից` Ռուսահայերի միության նախագահ (Ֆրանսիա)։
1931 թ. Փարիզում եղել է «Ազատ Ռուսաստան» օթյակի հիմնադիրներից, 1926-1934 թթ.` «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ։
Ամբարդանյան Գրիգոր Միքայելի (1876, Վարշավա-1962, Փարիզ) - բժշկական գիտությունների դոկտոր։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո արտագաղթել է Փարիզ, աշխատել է Կարմիր խաչի ռուսական ամբուլատորիայում։
1931-1956 թթ.` «Հերմես» օթյակի անդամ, կատարել է սեղանապետի, դրոշակակրի, կնիքի պահապանի, ընծայատուի պարտականություններ։
Բերբերյան Լևոն Ռուբենի (1902, Նախիջևան-1972, Փարիզ) - բոլշևիկյան հեղափոխությունից հետո տարագրվել է Ֆրանսիա։ Ռ. Բերբերյանի որդին է։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ 1947-ին ընտրվել է ֆրանսիական բանակի «Սպաների միության» փոխնախագահ։ Եղել է խաղողի այգիների խոշոր հողատեր։
«Աստրեա» օթյակի հիմնադիր-անդամ, «Հերմես» օթյակի գրապահ-արխիվիստ, ծիսակատար։
Բերբերյան Ռուբեն Հովհաննեսի (1873, Նախիջևան-1942, Բորմս, Ֆրանսիա) - արդյունաբերող, լրագրող, գրական գործիչ։ ՈՒսանել է Ժնևում ու Փարիզում։ 1902 թ. անդամագրվել է Փարիզի «Les Compagnons Ardents» օթյակին, նույն թվականին ընտրվել է Փարիզի սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, վարել է միջազգային առևտրի դասընթաց։
1903-1907 թթ.` Ռոստովի Փոխադարձ վարկի 2-րդ ընկերության հիմնադիր ու նախագահ, 1903-1910 թթ.` Ռոստովի դատական շրջանի պատվավոր հաշտարար դատավոր, 1907-1918 թթ.` «Վոլգա-Կամյան բանկի» և «Պետրոգրադի հաշվառու բանկի» ռոստովյան գրասենյակների տնօրեն, 1917-1919 թթ.` «Խարկովի լեռնարդյունաբերական բանկի» և «Վոլգա-Գրոզնի նավթային ընկերության» վարչության նախագահ։ Եղել է Դոնի մարզի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1920 թ., որպես հայկական կառավարության պատվիրակ, մասնակցել է Բրյուսելում կայացած միջազգային ֆինանսական կոնֆերանսին։

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո տարագրվել է. 1928 թ. եղել է Լոնդոնի «Անգլո-կովկասյան նավթային ընկերության» վարչության անդամ, նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, զբաղվել գրական ու լրագրողական գործունեությամբ։ Հեղինակն է Ռ. Պատկանյանի ու Մ. Նալբանդյանի կենսագրական գրքերի, Հայոց գրական ակումբի նախագահ (1932-1933)։
1928 թ. «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ, ստացել է 18-րդ աստիճանի Վարպետի կոչում, 1930-ին` Ծեսերի վարպետ։ 1931-1932 թթ.` «Ազատ Ռուսաստան» օթյակի, 1932-1933-ին «Հյուսիսային աստղի տիրական շքանշարանի» քարտուղար։
Գամպերյան Հովհաննես, ծնվել է 1870 թ. Սիվրի-Հիսարում, նախնական կրթությունն ստացել է Մարզվանում, 1889 թ. ավարտել «Անատոլիա» քոլեջը։ Սամսունում հիմնել է ալյուրի արտադրության ընկերություն։ Հետագայում արտագաղթել է Մանչեստր և զբաղվել առևտրով։ Հինգ տարի եղել է Մանչեստրի հայոց Ընդհանուր ժողովի ատենադպիրը, հանդիսացել ՀԲԸՄ տեղի մասնաճյուղի հիմնադիրներից։ 1907-ին անդամագրվել է մասոնությանը, իսկ 1914-ին ձեռնադրվել է Ազատ որմնադիրների օթյակի լիազոր։ 1915-ից անգլիական կառավարությունում ներկայացրել է անգլահայ համայնքի շահերը, եռանդուն մասնակցություն ունեցել Հայ դատը պաշտպանելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու գործում։
Եղիազարյան Ստեփան Սմբատի (1889, Շարուր-1976, Փարիզ)-գնդապետ, իրավաբան, կոմպոզիտոր, ձեռնարկատեր։ Ավարտել է Թիֆլիսի Միխայլովյան ռազմական ուսումնարանը և Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին։ 1917 թ.` հայկական բանակի զինվորական դատախազ։ Երաժշտագիտություն է ուսանել Ա. Սպենդիարյանի մոտ, Ստիվինսկի կեղծանունով գրել է ռոմանսներ։
1921-ին տարագրվել է Փարիզ, զբաղվել է օծանելիքի բիզնեսով, հիգիենայի ու գեղեցկության «Արաքս» սալոնի սեփականատերն էր։
1930-ական թթ. եղել է «Մեծ պատերազմի նախկին անդամ հայ սպաների միության» հիմնադիրներից, դրա վարչության անդամ։
Թովմասյան Ծատուր, 1880-ական թթ. Ինդոնեզիայի մայրաքաղաք Բաթավիայում (Ջակարտա) զբաղվել է վաճառականությամբ։ Եղել է Ազատ որմնադիրների օթյակի Մեծ վարպետ։
Թոփագյան Գրիգոր, ծնվել է 1892 թ. Կոնիայում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ազգային վարժարանում, ապա ընտանյոք տեղափոխվել Պոլիս, հաճախել Բագրատունու առևտրական վարժարանը և Օսմանյան առևտրական բարձրագույն վարժարանը։ Աշխատել է «Աստարճյան» վաճառատանը։ 1921 թ. արտագաղթել է ԱՄՆ, հաճախել Նյու Յորքի «Վաշինգտոն Իրվինգ» բարձրագույն դպրոց, որից հետո զբաղվել է արևելյան գորգերի առևտրով։ Եղել է Կեսարիայի վերաշինաց միության վարչության անդամ։
Ամերիկյան «Ազատ որմնադիրների» օթյակի անդամ։
Լիանոսյան Ստեփան Գևորգի (1872, Մոսկվա-1949, Փարիզ)-խոշորագույն նավթարդյունաբերող, քաղաքական, հասարակական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բնագիտական և իրավաբանական ֆակուլտետները։ 1901-ից Բաքվում զբաղվել է նավթաբիզնեսով, եղել ավելի քան 20 նավթարդյունաբերական ֆիրմաների վարչության անդամ, 1912-ին հայ և այլազգի ձեռնարկատերերի հետ հիմնել է Ռուսաստանի ամենախոշոր «Օյլ» նավթարդյունաբերական կորպորացիան։ 1917-ին անցել է Ֆինլանդիա և դարձել հակաբոլշևիկյան շարժման կազմակերպիչներից մեկը։ 1919 թ. Տալլինում ստեղծել է Հյուսիս-արևմտյան Հանրապետությունը, եղել նրա վարչապետը, թողարկել է սեփական թղթադրամներ։ 1920-ին տարագրվել է Փարիզ և հանդիսացել «Տորգպրոմ» հակաբոլշևիկյան կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Եղել է մի շարք ռուսական էմիգրանտական կազմակերպությունների եռանդուն անդամ։
«Հերմես» և «Ոսկե գեղմ» օթյակների հիմնադիր-անդամ։ 1936-1949 թթ.` Ռուսական օթյակների միավորման խորհրդի պատգամավոր։ Կատարել է պատվելի վարպետի, դռնապանի, դրոշակակրի պարտականություններ, մի շարք օթյակներում հանդես է եկել դասախոսություններով։
Խատիսյան Ալեքսանդր Հովհաննեսի (1874, Թիֆլիս-1945, Փարիզ) - պետական գործիչ։ ՈՒսանել է Մոսկվայի ու Խարկովի համալսարանների բժշկական ֆակուլտետներում, Բեռլինում ուսումնասիրել է առողջապահություն։ 1900 թ. վերադարձել է Թիֆլիս, անդամագրվել ՀՅԴ-ին, մասնակցել 1905-1907 թթ. հեղափոխությանը։ 1910-1917 թթ.` Թիֆլիսի քաղաքագլուխ։ Մասնակցել է Հայ կամավորական ջոկատների կազմավորմանը։ Պետական դումայի պատգամավոր։ 1918-ին` Անդրկովկասյան Հանրապետության ֆինանսների ու պարենի նախարար։ 1919-ին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Լոզանի կոնֆերանսի մասնակից։ Փարիզահայ կազմակերպությունների եռանդուն անդամ։ Բազմաթիվ հրապարակումների հեղինակ։
«Ազատ Ռուսաստան» օթյակի անդամ, նրա 1-ին պահապան (1931-1933) և հռետոր (193), «Հյուսիսային աստղ» օթյակի կնիքի պահապան (1928), 2-րդ ծիսապետ (1928-1929)։
Ղորղանյան Գաբրիել Գրիգորի (1880, Թիֆլիս-1954, Փարիզ) - գեներալ-մայոր, հասարակական գործիչ։ Ավարտել է Թիֆլիսի կադետական կորպուսը, Միխայլովյան հրետանային ուսումնարանը, գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան։ Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Կովկասյան հեծելազորային դիվիզիայի շտաբի պետ, Կովկասյան բանակի շտաբի հերթապահ գեներալ։ 1919-ին մասնակցել է Փարիզի միջազգային կոնֆերանսներին, որպես հայկական պատվիրակության ռազմական խորհրդական։
1929-ին` «Մեծ պատերազմի նախկին անդամ հայ սպաների միության» հիմնադիր, 1930-1934 թթ.` դրա վարչության նախագահ, ապա` պատվավոր նախագահ։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
«Ֆրանսիայի Մեծ Արևելք միության Ֆրանսիա-Հայաստան» օթյակի անդամ։
Շահնազարյան Ալեքսանդր Սիմոնի (1896-1933, Փարիզ) - սպա, կինոդերասան, բեմադրիչ։ Ավարտել է Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը։ Առաջին աշխարհամարտի մասնակից, կռվել է Անդրամուրյան հեծյալ գնդի, ապա Ալեքսանդրյան հուսարական գնդի կազմում։
Տարագրության ժամանակ Ֆրանսիայում աշխատել է որպես կինոյի դերասան, ապա` բեմադրիչ։
«Գարիբալդի» օթյակի անդամ (1922-1924), «Ոսկե գեղմ» (1924) և «Պրոմեթևս» (1926) օթյակների հիմնադիր-անդամ։
Վարդապետյանց Նիկոլայ Միքայելի (1919, Եսենտուկի-1999, Ֆրանսիա) - ճարտարագետ։ Տարագրության ժամանակ, Ֆրանսիայում, աշխատել է որպես իրանյան նավթային ընկերության ճարտարագետ-տեղագիր (1971-1994)։ Ֆրանսիայի Ռուսական ճարտարագետների միության անդամ։
«Լոտոս», «Աստրեա» և այլ օթյակների անդամ։
Տեր-Պողոսյան Միքայել Մաթևոսի (1890, Երևան-1967, Փարիզ) - փաստաբան, լրագրող, հասարակական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ 1907-ից` էսէռների կուսակցության անդամ, Առաջին աշխարհամարտի ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ, քաղաքացիական պատերազմի տարիներին Ռուսաստանի հարավում, Անդրկովկասում ու Պարսկաստանում մասնակցել է մարտական գործողությունների։ 1919-ին տարագրվել է Բեռլին, 1925-ին` Փարիզ, եղել է «Arev» կինոընկերության լիազոր, «St-Cloud Palace» ստուդիայի տնօրեն։ Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ մասնակցել է դիմադրության շարժմանը, իր տանը թաքցրել է հրեաների, փախստականների։ 1945-ին` «Խորհրդային Ռուսաստանի հետ ռուսական էմիգրացիայի մերձեցման միավորման» նախագահ։
1930-ական թթ. մինչ ի մահ` «Հյուսիսային աստղ» օթյակի առաջնորդներից մեկը, 1937-ից` պատվելի վարպետ։ «Միավորված եղբայրներ», «Ֆրանսիայի Մեծ Արևելք» օթյակների պատվելի վարպետ։ 1938-ին անդամագրվել է «Դեմքով դեպ Ռուսաստան» խմբին, որը միավորում էր ֆրանսիական զանազան օթյակների մասոնների։
Ամփոփելով` մեզ մնում է մեկ հարցի պատասխանել` կա՞ն, արդյոք, այսօր Հայաստանում մասոններ։ Ինչպե՞ս կարող են չլինել, եթե կան թուրքական լրտեսներ, համասեռամոլներ, ազգուրացներ:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 23435

Մեկնաբանություններ