«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Թե ուզում ես տապակվել

Թե ուզում ես տապակվել
12.06.2012 | 02:20

Թե ուզում ես տապակվել առանց թավայի և յուղի, և եթե սույն գործընթացը կարող է առողջարարական նշանակություն ունենալ (զորօրինակ կարող է բուժել թութքը, սնկային մղձավանջն ու քաղաքական դյուրահավատությունը), ապա շտապեք առաջին պատահած կանգառը՝ մայրաքաղաքի ցանկացած հատվածում, զովաշունչ Նորքում, բարեխառն Արաբկիրում կամ էլ տոթակեզ Չարբախում (բացառություն չեն Երևանի էլիտար կենտրոնն ու Նուբարաշենի աղբաբույր-մոլորված ճանապարհը): Այսպիսով մուտքագրվեք կանգառ, մեկ-երկու հոգեբանական վարժություն կատարեք և ձեր պատվարժան նստուկը հանձնեք մետաղյա նստարանի բարեգթությանը: Բարեգո՜ւթ երկինք, հիվանդություններդ անէանում են, կորչում ու փախչում: Զի մետաղյա նստարանը շիկանում է ամենաշոգ շոգեբաղնիքին հարիր թափով: Զի կանգառի կառուցվածքն է այդպիսին, արևի առաջին շողերն անբռնազբոս թափանցում են մինչև կանգառասրահի խորքերը և շուլալվում նստարաններին: Նախ պարզամտորեն կարծեցինք, որ դա քաղաքապետարանի (խոսքը նախորդ տարիների մասին է, այս յուրահատուկ կանգառասրահ-բուժկայանները մայրաքաղաքում ի հայտ եկան կամ Երվանդ Զախարյանի, կամ Ռոբերտ Նազարյանի օրոք) հերթական «բռնարարքն է» մայրաքաղաքի ու նրա բնակիչների հանդեպ: Զի երեկ էլ, այսօր էլ շոգերն ընկնելուն պես, մայրաքաղաքի կանգառներն անչա՜փ հանելուկային տեսք են ստանում, արևն այրում է, հանրությունը պատսպարվում է հարևան ծառի ստվերում: Եթե, անշուշտ, հարևանությամբ ծառ կա:
Այսպիսով մետաղյա նստարանը շիկացել է ու բուրում է ներկահոտով: Նստեք և դիմացեք 2-3 րոպե: ՈՒ թե դիմացաք, ուրեմն անկցին վերոնշյալ և ներքոհիշյալ (ամառային հարբուխ, սննդային թունավորում, հանրային անհարկի ըմբոստություն) բոլոր հիվանդությունները: Էնպես որ, կեցցե՛ն մայրաքաղաքային մեր անվճար կանգառ-բուժկայանները: Այնպես որ, նայում ենք էս ամենին խիստ լավատեսորեն: Հակառակ պարագայում, պիտի թմբկահարենք եռանդուն՝ կորչե՛ն նման խայտառակությունները, և բռնենք ու անարգանքի սյունին գամենք (այսինքն՝ ստիպենք, որ 2-3 րոպե դեմքերի բարեհոգի արտահայտությամբ դիմանան նստարան-թավաների վրա) դրանք կառուցած և տեղակայած ճարտարապետին, ճարտարագետին ու քաղաքագլխին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ