Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Թուրքիան՝ խաղաղության միջնո՞րդ, թե՞ տարածաշրջանային ազդեցության նոր կենտրոն

Թուրքիան՝ խաղաղության միջնո՞րդ, թե՞ տարածաշրջանային ազդեցության նոր կենտրոն
03.11.2026 | 10:47

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների համատեքստում Թուրքիայի միջնորդական դերակատարությունը կրկին հայտնվում է միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում։
Անկարան ձգտում է ամրապնդել իր դիրքերը՝ ներկայանալով որպես երկիր, որը կարող է երկխոսության հարթակ տրամադրել հակամարտող կողմերին։ Թուրքիայի համար սա պարզապես խաղաղության գործընթացին մասնակցելու հնարավորություն չէ, այլև աշխարհաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու ռազմավարություն։
Թուրքիան փորձում է միաժամանակ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, խորացնել համագործակցությունն Արևմուտքի հետ և ամրապնդել իր դիրքերը Սևծովյան տարածաշրջանում։ Այս հավասարակշռությունը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես միջնորդ, սակայն այդ դերակատարության հետևում կան նաև հստակ ազգային շահեր։ Անկարայի համար յուրաքանչյուր հաջող միջնորդություն դիվանագիտական կապիտալ է, իսկ տարածաշրջանային բանակցություններին մասնակցությունը՝ միջազգային քաղաքականության մեջ իր կշիռը մեծացնելու գործիք։
Հայաստանի համար այս զարգացումները ևս անչափ կարևոր են։ Թուրքիայի ազդեցության աճը Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում պահանջում է սթափ գնահատական և հետևողական արտաքին քաղաքականություն։
Այսօր աշխարհաքաղաքական պայքարում հաղթում են ոչ միայն նրանք, ովքեր ունեն ռազմական կամ տնտեսական հզորություն, այլև նրանք, ովքեր կարողանում են իրենց դարձնել անփոխարինելի բանակցային հարթակ։ Եվ հենց այդ կարգավիճակին էլ ձգտում է Թուրքիան։

Վահան ԲԱԲԱՅԱՆ
Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ