Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ցեղասպանության խաբկանքը

Ցեղասպանության խաբկանքը
09.11.2026 | 13:49

Նկատե՞լ եք, թե ինչ հաճույքով ու ոգևորությամբ են քպականներն ու իրենց պարագլուխը շեշտում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում չէ, և որ ցեղասպանության հարցը չպետք է վերածվի մանրադրամի տարբեր երկրների միջպետական հարաբերություններում:
Ցեղասպանության ու դրա հետևանքների մասին անգամ մակերեսային պատկերացումներ ու գիտելիքներ չունեցող Նիկոլ Փաշինյանը հատուկ դիտավորությամբ է անում այդ շեշտադրումը, և ոչ միայն Անկարային հաճոյանալու ցանկությունից դրդված:
Հիմա բացատրեմ, թե ինչու՞ են խունտայի ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմայով թեկնածուական ատենախոսություններ պաշտպանած Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, միմիայն այս դրվագին շարունակաբար անդրադառնում:
Պատճառները հետևյալն են.
1. Նախ՝ չպետք է զբաղվենք ինքնախաբեությամբ. վերջին 35 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը իրապես չի հանդիսացել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, և տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության ու դրա հետևանքների ճանաչումը հիմնականում տեղի է ունեցել կամ սփյուռքյան համայնքների լոբբինգի արդյունքում, կամ այս կամ այն պետության կողմից Թուրքիային մի փոքր նեղը գցելու ցանկության հետևանքով: ՀՀ պետական քաղաքականությունն այս հարցում շատ քիչ ներազդեցություն է թողել պաշտոնական ճանաչումների գործընթացի վրա: Սա այն խաբկանքներից մեկն է, որը հաստատուն տեղ է գտել քպականների խոսույթում:
2. Ցեղասպանության հարցը տարբեր երկրների հարաբերություններում մանրադրամի չվերածելու հրամայականի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը որևէ նորություն չի ասում և այդ առումով բնավ օրիգինալ չէ. տողերիս հեղինակի և ոչ միայն իմ՝ վերջին քսան տարիների տասնյակ հարցազրույցներում այս դրույթը հանդիսացել է հիմնական արձանագրումը՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթ ընդունելու գործընթացը մեկնաբանելիս: Եվ վերջապես, մի կարևոր մանիպուլյացիա ևս՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ. հիմնական երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, տարբեր տարիների պաշտոնապես ճանաչել ու ընդունել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ ու բանաձևեր, ուստի ևս մեկ անգամ առաջ բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու դրույթը շատ պարզունակ քարոզչական ծուղակ է, որի հիմնական ու գերագույն նպատակը հետևյալն է.
ա. Փաշինյանի ու քպականների քարոզչական այդ ստոր հնարքն առաջին հերթին միտված է փոխարինելու և շեղելու արցախահայության դեմ իրականացված էթնիկ զտման ու ցեղասպանական գործողություններին անդրադառնալու կարևորությունից ու տեղի ունեցածին հենց այդպիսի որակում տալու հրամայականից:
բ. Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020-2023 թվականներին, ցեղասպանություն էր և լիովին համապատասխանում էր ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայում արձանագրված ձևակերպումներին: Պատերազմի սանձազերծում, ագրեսիա խաղաղ բնակչության դեմ, շրջափակում և զինված ճնշման արդյունքում կատարյալ էթնիկ զտում՝ այսպես կոչված խաղաղապահների ներկայությամբ, որոնք ավելի շուտ մասնակցություն բերեցին այդ գործողություններին: Փաշինյան Նիկոլը հո՞ ձեզ չի հիշեցնի այս ամենը, ինչին մենք ականատես եղանք: Նա հո՞ ձեզ չի հիշեցնի, որ 1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան որակել էին որպես Օսմանյան Թուրքիայի կողմից «մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացված նոր հանցագործություն», ու չի էլ ասի, որ հարյուր տարի անց՝ 21-րդ դարասկզբին, նավթագազային շահերը գերադասելով, այդ նույն տերություններն այս անգամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասնաբար հովանավորեցին ու լռությամբ հետևեցին հայ ժողովրդի դեմ իրականացված նոր ցեղասպանությանը:
գ. Նիկոլն ու հանցագործ քպականները դա չեն անի, որովհետև հենց դրա համար են իրենց իշխանության բերել ու պահում այնքան ժամանակ, որքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը: Հենց այդ պատճառով էին տերությունները միացել հայաստանյան խորհրդարանական ընտրություններին ու իրենց աջակցությունն էին հայտնում հանցագործ իշխանազավթ խունտային, ինչը մենք նկատեցինք ու արձանագրեցինք որպես աննախադեպ երևույթ: Հիմա էլ կհամոզեն, որ Սահմանադրություն էլ պետք է փոխեք, նոր տարածքներ էլ պիտի տաք, քանի որ հավատում եք մեր խոստումներին:
դ. Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ ու ամեն տեսակի ստոր ձևակերպումներով փորձելու է ձեզ շեղել ու ապակողմնորոշել ցեղասպանության հարցում, որովհետև անձամբ իր հանցակիցների հետ միասին մեղադրվում է հայ ժողովրդի դեմ իրականացված նոր ցեղասպանության մեջ գործուն մասնակցություն ունենալու համար՝ ծանրագույն հանցագործության պարզունակ գործիքի կարգավիճակով: Արցախի ու արցախահայության իրավունքների վերաբերյալ իր բոլոր ջղաձգումները, իրերն ու տեղի ունեցածն իրենց անունով կոչելուց խուսափելու հիմնական պատճառն էլ հենց սա է, որի կապակցությամբ կա նույնիսկ ինքնախոստովանություն առ այն, որ Արցախի հարցի լուծումը քպականները, ի դեմս Նիկոլի, իրականացրել են Իլհամ Ալիևի հետ համախորհուրդ: Սրա համար մի քանի տասնյակ քպականների ապագան կարձանագրվի ցմահ ազատազրկումների տեսքով:
ե. Ու ամենակարևորը. մեծ տերությունների նորօրյա ցեղասպանական օրակարգը սպասարկելու արդյունքում քպական խունտան Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների համար ստեղծել է նոր վտանգներ ու մարտահրավերներ՝ կարծելով, թե տված խոստումները, Արցախի հարցը իբր նման կերպ լուծելու արդյունքում հնարավոր կլինի խաղաղություն հաստատել ու ապաշրջափակել Հայաստանը, կիրականանան: Իսկ դա, ինչպես տեսնում ենք, տեղի չի ունենում, որովհետև մեծ քաղաքականության մեջ խոստում տալն ու հավատացողին կրկնակի խաբելը հնուց անտի ընդունված գործելաոճ է:
Դե իսկ քպականների պարագլուխը շարունակաբար խաբկանքների ու խաբեությունների նոր օրակարգեր է մեջտեղ բերելու` 21-րդ դարասկզբին իրենց մասնակցությամբ հայ ժողովրդի դեմ իրագործված նոր ցեղասպանության գործում իրենց ուղղակի մասնակցությունը քողարկելու համար:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ