Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Հայկական ֆուտբոլային աշխարհը մինչև ե՞րբ պիտի հանդուրժի այս խայտառակությունը

Հայկական ֆուտբոլային աշխարհը մինչև ե՞րբ պիտի հանդուրժի այս խայտառակությունը
07.10.2026 | 17:12

Մեր Ազգային հավաքականի վերջին խաղաշարը նորից խորը հիասթափեցրեց բազմահազար հայ ֆուտբոլասերներին։ Անցկացրած 4 խաղից հետո մեր ընտրանին իր 4 թիմանոց ենթախմբում հանգրվանել է 3 րդ տեղում։ Դե ինչ, ողջունելի է, մենք եռյակում ենք։ Իսկ ավելի լուրջ՝ սա, մեղմ ասած, խայտառակություն է։ Հանուն արդարության պետք է նշել, որ մենք արդեն կարծես թե ընտելացել ենք նմանատիպ խայտառակություններին, բժշկական տերմինոլոգիայով ասած՝ իմունիտետ ենք ձեռք բերել։ Այս ամենի մեջ, սակայն, կա մի մեծ բայց. այնուամենայնիվ, մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս վիճակը, մինչև ե՞րբ հայկական ֆուտբոլային աշխարհը պիտի հանդուրժի բռնի իր վզին փաթաթած այս թափթփուկներին, մինչև ե՞րբ պիտի հանդուրժի տարատեսակ մանիպուլյատիվ ելույթներով ու հարցազրույցներով իրեն խաբել փորձող ֆուտբոլային տարբեր տրամաչափի չինովնիկներին։

Այդպիսի հարցազրույցներից մեկը եթեր հեռարձակվեց օրերս՝ Հանրայինի եթերով։ Չեմ ցանկանում անդրադառնալ մոլորեցնող ու սին խոստումներով լեցուն այդ հարցազրույցին ամբողջությամբ, սակայն մի քանի դրվագ չեմ կարող չառանձնացնել։ Հանրայինի եթերում իր մտքի գոհարներով «փայլում» էր մեր Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, հայրենասիրության մաստեր֊կլաս էր անցկացնում, բարձրագոչ ու վեհ գաղափարներից էր խոսում։ Մի ասող լինի՝ թե այդքան հայրենասեր ես, բա հրաժարվիր մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձիցդ հանուն հայկական ֆուտբոլի, Հայաստանում ոչ ցոփ ու շվայտ կյանք վարելու մի գումար ստացիր, իսկ տնտեսածն ուղղիր ֆուտբոլի մարզադպրոցների զարգացմանը։ Հարցազրույցում ականջ էր մաշում «ժամանակ է պետք» արտահայտությունը, մոտավորապես «արա, դե թողեք աշխատեն» ոճով. այստեղ հետաքրքիր հարց է առաջանում՝ իսկ ո՞ր մարզչին ժամանակ պետք չէր՝ Պետրակովի՞ն, Վան Տ Սխիպի՞ն, Կապարոսի՞ն։ Իսկ ամենազազրելին, ըստ իս, երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանին վերաբերող հատվածն էր։ Կուզենամ մի խորհուրդ տալ հավաքականի մարզչին. մի արա այն, ինչ անում ես, քո անձնական ամբիցիաներին հագուրդ մի տուր երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների ճակատագրերի հաշվին, մի փորձիր նմանվել նախկինի «քանի ես կամ»-ին, դու չես կարող ուսերիդ վրա այդչափ ծանրություն տանել, կսայթաքես ու շատ ցավոտ կլինի, իջիր քո «Ես»֊ի բլրի բարձրությունից, հնարավորինս շուտ դարձիր «Մենք»։ Շաղոյանին վերաբերող անցուդարձի մասին կասեմ՝ իրոք Շաղոյանի խաղը չստացվեց այդ օրը, և ի՞նչ, բոլորի սխալները ներվում են, նրանը՝ո՞չ, ի՛նչ սուբյեկտիվ մոտեցում, այդպես հավաքականում կկորցնեք տաղանդավոր ֆուտբոլիստ ու կնվնվաք, թե ունենք կադրերի խիստ պակաս, տեր կանգնեք ձեր եղածին։ Որպես նախկին ֆուտբոլիստ՝ իմ աջակցությունն եմ հայտնում Ժիրայրին ու լիահույս եմ, որ նա դեռ բարձր ձայնով կխոսի իր մասին։ Ցանկացած խելամիտ մարզիչ երազում է իր ձեռքի տակ ունենալ այնպիսի արագությունով ու տեխնիկայով օժտված ֆուտբոլիստ, ինչպիսին Շաղոյանն է։ Որպես նախկին ֆուտբոլիստ, կասեմ՝ մարզիչը կարող է ֆուտբոլիստին չհրավիրել հավաքական, կարող է չներկայացնել հայտացուցակում, կարող է շատ այլ ադմինիստրատիվ մեթոդներ կիրառել, բայց կայանալ երիտասարդ ֆուտբոլիստի հաշվին՝ իրավունք չունի և տվյալ դեպքում պարտավոր է հայցել , առնվազն, ֆուտբոլի երկրպագուների ներողամտությունը։

Հիմա , առավել քան երբևէ, համոզված եմ՝ հայկական ֆուտբոլը փրկության ճիչ է արձակում բոլորիս, եկեք փրկենք հայկական ֆուտբոլը այսօրվա չինովնիկներից։

Հովհաննես Պողոսյան

Դիտվել է՝ 244

Մեկնաբանություններ