ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Փոքր քաղաքական միավորները և ԱԺ մտնելու գայթակղությունը

Փոքր քաղաքական միավորները և ԱԺ մտնելու գայթակղությունը
10.10.2025 | 18:20

Մեզանում մշտապես քննարկելի, հումորների տեղիք տվող հարցադրում է մեր փոքր պետության ու սակավ ազգաբնակչության համար անընկալելի մեծ թվով կուսակացությունների ու քաղաքական միավորների, շարժումների քանակը: Իրականության մեջ հաճախ փոքր պետության և կոնկրետ մեր սպեցիֆիկան ունեցող երկրում բարդ է արդյունավետ, բազմազան, տարբերվող լուծումներ, ուղիներ, հնարավորություններ գտնելը: Դա է պատճառը, որ 100-ից ավելի քաղաքական միավորների մեծ մասը խոսում է գրեթե նույն բաների մասին. տարբերությունը ձևաբանությունն է, պաթոսը, առավել հազվադեպ՝ թվային և փաստական հիմնավորումները, տեխնոկրատիզմը:

2026-ին սպասվելիք ընտրական գործընթացների ներքո նմանօրինակ քննարկումները բազմապատիկ ավելանալու են. այսօր արդեն իսկ օրակարգային են հանրային տրամադրությունների չափման, քաղաքական ու տնտեսական, անվտանգային խնդիրների լուծման վերաբերյալ տարբեր ուժերի ու միավորների հանրային դիսկուրսը, առաջարկների փաթեթավորումները, քննարկումները:

Այսպիսի օրակարգերի ներքո արդեն տևական ժամանակ է ձևավորվում են տարբեր նոր ուժեր, նոր «սոուսով» հին թիմեր, արհեստական ու բնական միավորներ, դաշտում վերադիրքավորվում են անհատներ, տարբեր ճանաչելիության ու անճանաչելիության գործիչներ: Սա, իրականում, բնական ու տրամաբանական գործընթաց է, քանի որ քաղաքական վակուումը և առկա ուժերի միջև ծայրահեղ անտագոնիզմը, ատելությունը օբյեկտիվորեն պետք է նոր քաղաքական ֆիգուրանտների պահանջ ձևակերպեր: Ֆիգուրանտների, որոնց հանրային աջակցության ու ճանաչելիության հիմնական չափիչները սոցցանցերն են, յութուբյան դիտումները, երբեմն՝ պաթոսն ու պոպուլիզմը, հաղորդումների ժամանակ հնչեցրած թեզերն ու FB գրառումների հասարակական արձագանքը:

Այստեղ հիմնական հարցադրում այն է, թե այդ «հայտնիները» սոցիալական ու քաղաքական ասֆալտի վրա ի՞նչ վերաբերմունքի են արժանանում կենցաղային Հայաստանում ապրող և հազար ու մի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու կողմից: Վիրտուալ Հայաստանի ճանաչելիության ծուղակը հաճախ չար կատակ է խաղում նոր ուժերի կամ քաղաքականապես ոչ այդքան գրագետ գործիչների հետ՝ նրանց առերեսելով իրական քաղաքական ճանաչելիության ու լեգիտիմության բացակայության փաստին:

Վիրտուալ Հայաստանի ծուղակից բացի նոր ձևավորվող քաղաքական ուժերի համար կայացման լրջագույն մարտահրավեր է քաղաքական իրականության, իշխանության քաղաքական հեղինակության և սեփական քաղաքական ռեսուրսների՝ ոչ միշտ ադեկվատ, օբյկետիվ գնահատումը: Իշխանությանը թերագնահատելը և սեփական ազդեցությունը գերագնահատելը կործանարար հետևանք է ունենում առաջին հերթին ՀՀ-ի համար, քանի որ դրա արդյունքում իշխանությունը հաղթում է: Դրա վառ օրինակը 2021-ի ԱԺ ընտրություններն էին, երբ քաղաքական ուժերի մեծամասնությանը թվում էր, թե պատերազմ տանուլ տվածը չի կարողանալու հաղթել. հետագայում մենք տեսանք այդ ամենը ինչով ավարտվեց: Մի շատ կարևոր հանգամանք էլ՝ 2021-ի ընտրություններում փոշիացվեց նորաթուխ քաղաքական հավակնոտ միավորներին տրված մոտ 19,95 տոկոս ձայն, որը հետագայում առավելապես բաժին ընկավ ՔՊ-ին:

Հիմա իրավիճակը որոշակիորեն նման է 2021-ին. Նիկոլի անվերջանալի կապիտուլյացիաներ, իշխանության ցածրագույն վարկանիշ, անորոշ ապագայի մասին հանրային պատկերացումներ:

Նմանօրինակ վիճակը ենթադրում է նաև նմանօրինակ զարգացումներ՝ տարաբնույթ նոր քաղաքական դերակատարների քաղաքական մասնակցության հայտեր, ընտրական անցողիկ շեմի հաղթահարման հնարավորության իբրև իրատեսական պատկերացումներ, քաղաքական ակտվիվություն և որոշների հույս՝ հայտնվելու ԱԺ-ում:

Մինչդեռ, իրական քաղաքական օրինաչափությունները շատ այլ բաների մասին են փաստում.

- Ինչպես 2021-ին, այնպես էլ ներկայումս ձևավորվող քաղաքական միավորների մեծագույն մասը ֆինանսապես ու կազմակերպչական, գործընթացային առումով ունեն սուղ միջոցներ, իսկ քաղաքականության մեջ անգամ փոքր հաղթանակը մեծ փողեր է պահանջում. դա լավ կամ վատ չէ, դա փաստ է:

- Շատ ու շատ քաղաքական, հանրային միավորների ամբիցիոզությունը, հրապարակային հավակնոտությունը պայմաններ չի ստեղծում, որ նրանք սթափ գնահատեն իրենք իրենց, իրենց ունեցած քաղաքական իրական ռեսուրսը. սնոբիզմի ու մեծամտության ախտը մեզանում շատ հաճախ է ոչնչացնում երբեմն անգամ առաջին հայացքիդ դրական, պետականակենտրոն միավորներին: Նախկին ձախողումները մեզանում, սովորաբար, լավագույն խորհրդատուի դերակատար այդպես էլ չեն դառնում:

- Մեդիա ֆիգուրանտ դառնալը, սոցիալական ցանցերում, երբեմն էլ նաև կենցաղային կյանքում ճանաչելի դառնալը երբեմն սին վիճակներ են ստեղծում, թե քաղաքական կյանքում նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել ու հաղթանակներ տոնել. քաղաքական կյանքը, սովորաբար, հակառակն է ապացուցում: Կապ, սակայն կորելացիա չկա ճանաչելիության ու հաղթանակի միջև:

- Առարկայական քննադատությունը չկամությունից չտարբերող շրջանակները հիմնականում խնդիր ունեն երևույթները սթափ, ոչ իռացիոնալ ընկալել-ճանաչել-ըմբռնելու հետ, երբեմն նաև՝ ի վնաս հենց իրենց: Քաղաքական գործունեությունների պարագայում դա նաև հանրային քաղաքական հետևանքեր է ունենում:

- Կարևոր է հասկանալ՝ ներկա իրողությունների պայմաններում ձեր համար առաջնահերթը ԱԺ-ում ամեն գնով հայտնվե՞լն է, թե՞ գործող իշխանությունից ամեն գնով ազատվելը: Եթե երկրորդը, ապա ռացիոնալ ու խելամիտ հաշվարկը հուշում է, որ, մի կողմ դնելով սեփական ամբիցիաները, պետք է կա՛մ դաշինքային իրատեսական ֆորմատ ընտրել, կա՛մ աջակցել ընդդիմադիր առավել մեծ ու կարող ուժերին, անգամ, եթե վերջինների հետ դուք ունեն տարակարծություններ: Պետության սպառնալիք իշխանության հեռացումը կարող է ջանքերի մեկտեղման լավ մոտիվ դառնալ:

- Պետք է հասկանալ նաև մեկ կարևոր փաստ, որ գալիք ընտրությունները հայ մնալ-չմնալու ընտրություններ են, այլ ոչ թե ԱԺ մտնել-չմտնելու գործընթաց: Երբ հնարավոր կլինի ԱԺ-ում միացյալ ուժերով 50+1 տոկոս ունենալ ու ժամանակավոր կոալիցիոն կառավարություն ստեղծել, նոր դրանից հետո, խելամիտ ժամանակ անց, պետք է ԱԺ արտահերթ նոր ընտրություններ կազմակերպել, որտեղ արդեն մրցակցության օրակարգը կլինի ոչ թե երկիրը նիկոլից փրկելը, այլ առավել արդյունավետ կառավարման առաջարկը ՀՀ քաղաքացուն:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ