Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Հաց և տեսարաններ»՝ TikTok-ի ձևաչափով

«Հաց և տեսարաններ»՝ TikTok-ի ձևաչափով
29.01.2026 | 14:35

Թերևս կհամաձայնեք, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ թմբուկ նվագելը, «վարչաբենդ» անվան տակ դիսկոտեկային շոուների կազմակերպումը, TikTok-յան ձևաչափով քաղաքական իրականության կառուցումը, ինքնանպատակ էքսցենտրիկություն չէ։ Սա քաղաքական վարքագծի մի փուլ է, որն ունի հստակ պատմական օրինաչափություն և կրկնվել է տարբեր ժամանակներում ու տարբեր համակարգերում՝ անկախ գաղափարական կարգախոսներից։

Պատմության մեջ իշխանությունները սովորաբար քաղաքականությունը վերածել են տեսարանային շոուների այն պահին, երբ կառավարման բովանդակությունը սպառված է եղել, իսկ ապագայի մասին խոսելու ռեսուրսն ուղղակի գոյություն չի ունեցել։ Ուշ խորհրդային շրջանում (Բրեժնևի ժամանակ և նրանից հետո), համակարգային ճգնաժամի խորացման փուլում, քաղաքական դիսկուրսը փոխարինվել էր զանգվածային մշակութային միջոցառումներով և «ժողովրդականության» արհեստական սիմվոլներով։ Նմանատիպ պատկեր կար նաև 1930-ականների վերջի Իտալիայում, երբ Մուսոլինիի ռեժիմը, կորցնելով վերահսկողությունն ու բախվելով արտաքին և ներքին ճնշումների, գնալով ավելի էր ապավինում թատերական ժեստերին և բեմականացված հանրային ներկայությանը՝ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն։

Ի դեպ, Լատինական Ամերիկայի պոպուլիստական ռեժիմներում ևս քաղաքական լիդերը հաճախ վերածվել է ոչ թե պետական գործչի, այլ՝ մեդիա-դերասանի։ Օրինակ, Ուգո Չավեսի ուշ շրջանի Վենեսուելայում քաղաքական իշխանությունը միանգամից տեղափոխվեց հեռուստաեթեր՝ երգի, կատակների և ուղիղ եթերների միջոցով փորձելով պահպանել զանգվածային կապը մի հասարակության հետ, որն արդեն իսկ բախվում էր սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամի։ Այս բոլոր դեպքերում ընդհանուրն այն է, որ իշխանությունը փորձում է կառավարել ոչ թե իրականությունը, այլ՝ դրա ընկալումը։

Այս տրամաբանության արմատները շատ ավելի խորն են։ Դեռ Հին Հռոմում, հանրապետության անկման շրջանում, իշխանությունը քաղաքացիների քաղաքական պահանջները փոխարինեց «հաց և տեսարաններ» բանաձևով։ Ժամանակակից մեդիա-դարաշրջանում այդ նույն տրամաբանությունը պարզապես ստացել է TikTok-ի ձևաչափ։

Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման փուլերը երբեք երկարատև չեն լինում։ Քաղաքական շոուն կարող է ժամանակավորապես շեղել հանրային ուշադրությունը, բայց չի կարող փոխարինել պետականության հիմքերը։ Ամեն անգամ, երբ իշխանությունն ընտրել է թմբուկը ռեալպոլիտիկի հետ, պատմությունը անխուսափելիորեն փակել է այդ փուլը ճգնաժամով կամ իշխանության քայքայմամբ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 213

Մեկնաբանություններ