ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Չորս գերակայություն, մեկ քաղաքական բևեռ

Չորս գերակայություն, մեկ քաղաքական բևեռ
07.11.2026 | 17:46

Քաղաքականության մեջ երբեմն շատ ավելի կարևոր է ոչ թե այն, թե ովքեր են համաձայնության եկել, այլ այն, թե ինչի շուրջ է ձեռք բերվել այդ համաձայնությունը։ Եվ արդյո՞ք այդ համաձայնությունը կարող է դուրս գալ այն ստորագրած քաղաքական ուժերի շրջանակից ու վերածվել հասարակության սեփական քաղաքական օրակարգի։

12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը հենց այդպիսի հնարավորություն է ստեղծում։ Այդ հայտարարության չորս դրույթները կարող են վերածվել հանրային գիտակցության մեջ ճանաչելի, ինքնուրույն քաղաքական օրակարգի՝ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» անվամբ։

Սակայն այստեղ խնդիրը պարզապես նոր քաղաքական անվանում ստեղծելը չէ։ Խնդիրը հասարակության մի նշանակալի հատվածի՝ տարիների ընթացքում ձևավորված արժեքային ընդհանրությունը քաղաքական ճանաչելիության, կազմակերպական ձևի և գործունակություն ունեցող ուժի վերածելն է։

Մարդը կարող է չընդունել որևէ կուսակցության, չվստահել որևէ առաջնորդի, չկիսել որևէ քաղաքական գործչի անցյալը, բայց միաժամանակ իր համար անսակարկելի գերակայություն համարել Հայաստանի ինքնիշխանությունը, արժանապատիվ խաղաղությունը, ազգային ինքնության պահպանումն ու ժողովրդավարական ազատությունների պաշտպանությունը։

Այդ դեպքում ինչո՞ւ նրա քաղաքական մասնակցությունը պետք է պայմանավորված լինի որևէ կուսակցության կամ առաջնորդի նկատմամբ վերաբերմունքով, այլ ոչ թե սեփական գերակայությունների պաշտպանությամբ, որոնք այս իշխանության ձեռամբ տոտալ վերացման վտանգի տակ են:

Հենց այստեղից պետք է սկսել քաղաքական կազմակերպման նոր տրամաբանությունը։

Չորս կետ՝ հայտարարության մեջ։

Չորս գերակայություն՝ հանրային գիտակցության մեջ։

Մեկ քաղաքական այլընտրանք՝ Հայաստանի քաղաքական կյանքում։

Սա քաղաքական բրենդավորման, ոչ պակաս կարևոր հանրային նույնականացման և կազմակերպման առաջարկ է։ Այս գործընթացի քաղաքական բրենդը պետք է լինի «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։ Բացառապես՝ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։ Ոչ թե 12 կուսակցությունները, դրանց առաջնորդները, քաղաքական դեմքերի համադրությունը կամ հերթական շարժման անվանումը։

Կուսակցությունները հայտարարության ստորագրողներն են։ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»՝ քաղաքական բրենդը։ Իսկ հասարակությունը՝ այդ գերակայությունների իրական քաղաքական կրողը։

Այստեղ կա ևս մեկ՝ առավել կարևոր քաղաքական հանգամանք։

«ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» կարող են դառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի ամբողջական հակադրությունը՝ դրա հակադիր քաղաքական բևեռը։

Այսօր Փաշինյանի իշխանությանը հակադրվելու համար բավարար չէ պարզապես դեմ լինել Փաշինյանին։ Անհրաժեշտ է նրան հակադրել քաղաքական բովանդակություն, արժեքային համակարգ, պետականության այլ պատկերացում և այդ պատկերացումն իրականացնելու կազմակերպված հասարակական կարողություն։ Իսկ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» հենց այդպիսի հակադիր քաղաքական կառուցվածքի հիմք կարող են դառնալ։

-Ինքնիշխանություն՝ ընդդեմ արտաքին պահանջներով Հայաստանի սահմանադրական ինքնորոշումը պայմանավորելու քաղաքականության։

-Արժանապատիվ խաղաղություն՝ ընդդեմ խաղաղության անվան տակ միակողմանի զիջումները քաղաքական անհրաժեշտություն ներկայացնելու մոտեցման։

-Ազգային ինքնություն՝ ընդդեմ ազգային ինստիտուտների և պատմական ինքնագիտակցության քաղաքական արժեզրկման։

-Ժողովրդավարական ազատություններ՝ ընդդեմ իշխանության կենտրոնացման, քաղաքական ճնշումների և անհամաձայնության սահմանափակման։

Սա է «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» հակափաշինյանական քաղաքական բովանդակությունը։

Ոչ թե անձնական հակակրանք Փաշինյանի նկատմամբ, այլ նրա վարած քաղաքականությանը հակադիր պետական, հասարակական և արժեքային այլընտրանք։ Փաշինյանի քաղաքական օրակարգին պետք է հակադրել ոչ թե պարզապես այլ առաջնորդ, այլ՝ քաղաքական այլ տրամաբանություն։ Որովհետև քաղաքական հակադրությունը կայուն է դառնում այն ժամանակ, երբ հասարակությունը գիտի ոչ միայն, թե ում իշխանությանն է ընդդիմանում, այլև՝ ինչ սկզբունքներով է ցանկանում կառուցել պետության ապագան։ Այստեղ է նաև առաջարկվող բրենդավորման քաղաքական առավելությունը։

Երբ քննարկման կենտրոնում կուսակցություններն են, իշխանությունը հնարավորություն է ստանում քաղաքական պայքարը տեղափոխել առաջնորդների կենսագրությունների, նախկին սխալների, փոխհարաբերությունների և վարկանիշների դաշտ։ Բայց երբ կենտրոնում «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» են, քննարկման առարկան դառնում է իշխանության վարած քաղաքականության բովանդակությունը։

Ոչ թե՝ ո՞վ է Փաշինյանի հակառակորդը, այլ՝ ի՞նչն է Փաշինյանի քաղաքականության հակադրությունը։ Եվ պատասխանը կարող է լինել՝ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։

Այս առաջարկը, սակայն, չի առաջացել դատարկ տեղում։

Նախորդ տարիներին «միասնություն», «համախմբում», «համազգային շարժում» ձևակերպումները բազմիցս դարձել են ընդդիմադիր քաղաքական գործընթացների գլխավոր կարգախոսներ։ Այդ շարժումները, չհասնելով իրենց վերջնական քաղաքական նպատակներին, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական կարևոր աշխատանք են կատարել։ Դրանք նպաստել են ընդդիմադիր հասարակության քաղաքական մասնակցության և ինքնագիտակցության բարձրացմանը։ Մարդիկ ձեռք են բերել պայքարի փորձ, ձևավորել հանրային կապեր, հստակեցրել իրենց պահանջները և աստիճանաբար ավելի որոշակի դարձրել այն գերակայությունները, որոնց շուրջ պատրաստ են գործել։ Ընկել են, հալածվել, նորից կանգնել, բյուրեղացել, նորից պայքարել իրենց գերակայությունների համար:

Եվ այս աշխատանքը զրոյից չի սկսվում։ Ընտրական թվերն արձանագրում են կարևոր միտում. 2018 թվականին ոչ իշխանական ուժերին տրված շուրջ 371 հազար ձայնը 2021-ին հասել է մոտ 590 հազարի, իսկ 2026-ին՝ շուրջ 730 հազարի։ Թեև այդ ձայները քաղաքականապես միատարր չեն, դրանց աճը վկայում է հասարակության ընտրական դիրքավորումների էական փոփոխության մասին։ Այս տարիների քաղաքական պայքարը չի անցել անհետևանք։ Բայց աճող ընտրական ներուժը դեռ կազմակերպված քաղաքական ուժ չէ։ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» խնդիրը հենց այդ ներուժը քաղաքական բևեռի վերածելն է։

Այդ գործընթացների նշանակությունը չի կարելի գնահատել միայն անմիջական քաղաքական արդյունքով։ Սակայն նախորդ փորձը բացահայտել է նաև կազմակերպական լուրջ խոցելիություն։

Երբ քաղաքական գործընթացի գլխավոր բրենդը դառնում է հերթական միասնությունը կամ շարժումը, հանրային քննարկումն արագ տեղափոխվում է դրա առաջնորդների, կուսակցությունների անցյալի, փոխհարաբերությունների և նախկին անհաջողությունների դաշտ։ Ո՞վ ում հետ միավորվեց։ Ո՞վ է առաջնորդելու։ Ինչո՞ւ նախորդ շարժումը չհաղթեց։ Ինչո՞ւ այս մեկը պետք է հաջողի։ Եվ այդ հարցերի մեջ երկրորդական է դառնում ամենակարևորը՝ ինչի՞ շուրջ է պայքարը։

«ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» քաղաքական առավելությունն այն է, որ դրանք քննարկման կենտրոն են վերադարձնում բովանդակությունը՝ թույլ չտալով քաղաքական այլընտրանքը նույնացնել միայն այն ներկայացնող անձերի հետ։ Հետևաբար, այսօր անհրաժեշտ է ոչ թե հրաժարվել նախորդ պայքարների ձեռքբերումներից, այլ փոխել դրանց ընթացքում կուտակված հանրային ներուժի կազմակերպման մեթոդը։ Եվ հենց այստեղ է առանձնահատուկ նշանակություն ստանում 12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը։

Իմ նախորդ գրառման մեջ արդեն նշել էի, որ այդ հայտարարության տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն՝ ընդդիմադիր հասարակության ստորագրությունը։ 12 կուսակցությունների հայտարարության գլխավոր քաղաքական արժեքը ոչ թե դրանց միասնության փաստն է, այլ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Դրանք են՝

-Ազգային ինքնիշխանություն:

-Արժանապատիվ, այլ ոչ թե հպատակեցնող խաղաղություն։

-Ազգային ինքնություն։

-ժողովրդավարական ազատություններ։

Այս չորս գերակայություններն ունեն հստակ քաղաքական բովանդակություն։

1.Ինքնիշխանություն։ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանություն և Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունման պարտադրանքի մերժում։

2. Արժանապատիվ խաղաղություն։ Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։

3. Ազգային ինքնություն։ Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։

4. Ժողովրդավարական ազատություններ։ Ժողովրդավարական ազատությունների և քաղաքացիական իրավունքների վերականգնում։

Սրանք են «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»՝ Փաշինյանի քաղաքականությանը հակադիր օրակարգի արժեքային և քաղաքական հիմքը։ Բայց քաղաքական բրենդը դեռ քաղաքական ուժ չէ։ Այն ուժ է դառնում, երբ դրա շուրջ ձևավորվում են կազմակերպված հասարակական կարողություններ։ Այստեղից էլ բխում է հաջորդ խնդիրը՝ հանրային հավաքագրումը։

Պետք չէ հասարակությանը հերթական անգամ համոզել, որ ընդդիմադիր կուսակցությունները միավորվել են։ Պետք է մարդկանց հնարավորություն տալ իրենց քաղաքական մասնակցությունը կառուցելու «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ։

Պետք է ներգրավել քաղաքացիներին, մասնագիտական հանրույթներին, գիտական և ակադեմիական շրջանակներին, շահախնդիր սոցիալական շերտերին,մարզային համայնքներին, սփյուռքյան կառույցներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս գերակայությունները։

Ընդ որում, հավաքագրումը չպետք է նշանակի որևէ կուսակցության անդամակցություն կամ որևէ առաջնորդի նկատմամբ հավատարմություն։ Հավաքագրման հիմքը պետք է լինի «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ համաձայնությունը, ոչ թե անձը, կուսակցությունը կամ քաղաքական անցյալը։ Սա է տարբերությունը կուսակցությունների շուրջ մարդկանց համախմբելու և հանրային գերակայությունների շուրջ քաղաքական բևեռ կառուցելու միջև։

Առաջին դեպքում հասարակությանը հրավիրում են միանալ արդեն գոյություն ունեցող քաղաքական կենտրոններին։

Երկրորդ դեպքում հասարակությունն ինքն է դառնում քաղաքական կենտրոնի ձևավորման մասնակիցը։

Սակայն միայն համաձայնությունը բավարար չէ։ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» պետք է ունենան ոչ միայն համակիրներ, այլև դրանց պաշտպանության համար աշխատող կազմակերպված հանրային կարողություններ։ Հավաքագրված քաղաքացիներն ու մասնագիտական խմբերը պետք է ունենան իրենց կարողություններին համապատասխան մասնակցության կոնկրետ գործառույթներ։

Իրավաբանները կարող են աշխատել իրավական նախաձեռնությունների, քաղաքագետներն ու անվտանգության մասնագետները՝ քաղաքական այլընտրանքների մշակման, մշակույթի և կրթության ներկայացուցիչները՝ ազգային ինքնության պաշտպանության, քաղաքացիական խմբերը՝ հանրային վերահսկողության և իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Պետք է ձևավորվեն համայնքային, մասնագիտական, կազմակերպչական և հաղորդակցական աշխատանքային ցանցեր։ Այսինքն, մարդկանց պարզապես հավաքագրելուց պետք է անցնել նրանց կարողությունները կազմակերպելուն։

Քաղաքական բևեռը մարդկանց ցուցակ չէ։ Այն ընդհանուր գերակայությունների շուրջ կազմակերպված հասարակական կարողություն է։

Այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի նաև քաղաքական հաղորդակցության որակը։ Հավաքագրված- ներառական մարդկանց հետ կապը չի կարող սահմանափակվել հանրահավաքների, ընտրությունների կամ հերթական հայտարարությունների առիթներով։ Պետք է գործի մշտական, երկկողմանի հաղորդակցության համակարգ, որտեղ մասնակիցները տեղեկացված կլինեն քաղաքական որոշումների, առաջնահերթությունների և գործողությունների մասին, կունենան առաջարկներ ներկայացնելու և դրանց քննարկմանը մասնակցելու հնարավորություն։ Այդ գործընթացը պետք է լինի հնարավորինս թափանցիկ, հաշվետու և բաց։ Քաղաքական բևեռի մասնակիցը չպետք է լինի պարզապես որոշումներ կատարող։ Նա պետք է լինի նաև դրանց ձևավորման մասնակից։

Սա է քաղաքական հավաքագրման և սովորական քաղաքական մոբիլիզացիայի տարբերությունը։

Մոբիլիզացիան մարդկանց հրավիրում է մասնակցելու կոնկրետ գործողության։

Հավաքագրումը, ներառումն ու կազմակերպումը նրանց դարձնում են շարունակական քաղաքական գործընթացի մասնակից։ Առաջինը կարող է ապահովել բազմամարդ հանրահավաք։ Երկրորդը կարող է ստեղծել կայուն հասարակական-քաղաքական ուժ։

Եվ այստեղ է փոխվում նաև կուսակցությունների դերը։ 12 քաղաքական ուժերի համաձայնությունը պետք է դառնա ոչ թե փակ միջկուսակցական միավորման հիմք, այլ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ հասարակական լայն հավաքագրման քաղաքական մեկնակետ։ Կուսակցությունները պետք է նպաստեն այդ գործընթացին, ստանձնեն քաղաքական ներկայացուցչության պատասխանատվությունը, բայց չփորձեն սեփականաշնորհել գերակայությունների շուրջ ձևավորվող հանրային բևեռը։ Որովհետև այդ գերակայությունները պատկանում են ոչ թե դրանք ստորագրած կուսակցություններին, այլ դրանք կրող և պաշտպանող հասարակությանը։

Կրկին՝ խնդիրը 12 կուսակցությունների շուրջ մարդկանց հավաքելը չէ։ Խնդիրը «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ այնպիսի հասարակական-քաղաքական ուժի ձևավորումն է, որի գոյությունն ու պահանջները քաղաքական կուսակցություններն այլևս չեն կարող անտեսել։

Այսպիսի բևեռը կարող է փոխել նաև իշխանության հետ քաղաքական մրցակցության բնույթը։ Այդ դեպքում Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը չի սահմանափակվի առանձին առաջնորդներով, կուսակցություններով կամ նրանց փոխհարաբերություններով։

Հակադրության կենտրոնում կլինեն «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ», դրանց շուրջ ձևավորված հանրային համաձայնությունը և այդ համաձայնության պաշտպանության կազմակերպված կարողությունը։

Սա է իրական հակափաշինյանական քաղաքական բևեռի կառուցման տրամաբանությունը՝ ոչ թե իշխանության դեմ պարզապես դժգոհությունը, այլ իշխանության քաղաքականությանը հակադիր կազմակերպված այլընտրանքը։

Եվ այստեղ անհրաժեշտ է վերջնականապես փոխել միասնության մասին պատկերացումը։

Միասնությունը պետք է լինի ոչ թե քաղաքական աշխատանքի նախապայմանը, այլ՝ դրա արդյունքը։

Համախմբումը՝ ոչ թե նախապես հռչակված կարգախոս, այլ՝ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ համաձայնության և համատեղ աշխատանքի հետևանք: Իսկ շարժումը՝ ոչ թե պարտադիր մեկնակետ, այլ՝ արդեն կազմակերպված հասարակության քաղաքական գործողության հնարավոր ձև։

Նախորդ շարժումները նպաստել են ընդդիմադիր հասարակության քաղաքական բյուրեղացմանը։ Հաջորդ նախաձեռնությունը պետք է այդ բյուրեղացումը վերածի կազմակերպված քաղաքական բևեռի։

Սա է քաղաքական աշխատանքի հաջորդ փուլի իմ առաջարկած տրամաբանությունը։ Ոչ թե նոր առաջնորդի բրենդ։ Ոչ թե կուսակցությունների նոր համադրության բրենդ։ Ոչ թե հերթական շարժման անվանման բրենդ։

Այլ՝ «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»։

Դրանց շուրջ՝ հանրային հավաքագրում, մասնակցության կազմակերպում, մշտական հաղորդակցություն, գործառույթների բաշխում և քաղաքական պատասխանատվություն։

P.S. Սա տեսություն չէ, այլ իրական քաղաքականություն, քաղաքական ինժեներիա և հողի վրա կոնկրետ աշխատանք՝ հանրային ներուժը կազմակերպված քաղաքական բևեռի և գործունակ քաղաքական կոնստրուկտի վերածելու համար։ Նախորդ շարժումների ընթացքում ձևավորված հասարակական ներուժը հաջորդ փուլի քաղաքական կապիտալն է։ Այդ կապիտալը պետք չէ հերթական անգամ ծախսել միայն նոր միասնություն հայտարարելու կամ նոր շարժում ներկայացնելու վրա։ Այն պետք է ներդնել «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ հասարակության քաղաքական կազմակերպվածության մեջ։ Որովհետև Փաշինյանի քաղաքականության հակադրությունը չի կարող լինել պարզապես Փաշինյանի իշխանության բացակայության ցանկությունը։ Այն պետք է ունենա իր արժեքները, իր քաղաքական օրակարգը, իր հանրային կրողը և իր կազմակերպված կարողությունը։

«ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ որպես արժեքային հիմք։

«ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ որպես հակադիր քաղաքական օրակարգ։

«ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ որպես հանրային հավաքագրման և կազմակերպման հիմք։

Եվ դրանց շուրջ՝ մեկ կազմակերպված հասարակական-քաղաքական բևեռ։

Փաշինյանի քաղաքականությանը հակադիր բևեռը պետք է կառուցել ոչ թե նրա անձի շուրջ հակադրությամբ, այլ նրա քաղաքականությանը հակադիր «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» շուրջ։ Իշխանության փոփոխությունը քաղաքական արդյունք է։ Իսկ այդ փոփոխության բովանդակությունը պետք է ձևավորվի իշխանափոխությունից առաջ։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ