«Նա եղավ բոլորինը, բայց այդպես էլ ոչ մեկինը չդարձավ»
Տոնինո Գուեռա
Ոչ բոլոր երեխաներն են մանկուց տեղավորվում ծնողների երազանքների մեջ։ Ոմանք ծնվում են՝ իրենց ճանապարհն ընտրելու համար։
Այս լուսանկարում իննամյա Սարգիս Փարաջանյանն է՝ երաժշտական դպրոց ընդունվելու օրը։ Երաժշտությունն ու արվեստը նրա աշխարհն էին, մինչդեռ դպրոցական դասերը նրան գրեթե չէին հետաքրքրում։
Հայրը ցանկանում էր, որ միակ որդին շարունակի ընտանեկան գործը, բայց տղան վաղուց արդեն ընտրել էր իր ճակատագիրը։
Տարիներ անց նա կսիրահարվի, կկորցնի իր առաջին սերը, կհանդիպի դավաճանության, մերժման ու անարդարության։ Խորհրդային համակարգը կփորձի կոտրել նրա կամքը, կդատապարտի, կհալածի, կդարձնի վտարանդի։ Սակայն չի կարողանա խլել ամենակարևորը՝ նրա երևակայությունն ու արվեստը։
Նա դարձավ մի արվեստագետ, որի ֆիլմերը փոխեցին կինոյի լեզուն, իսկ անունը դարձավ համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։
Երբ Սերգեյ Փարաջանովին վերջին ճանապարհ էին ուղեկցում, ամբողջ Երևանը կանգ էր առել։ Մարդիկ, հաղթահարելով անտանելի շոգը, քայլում էին նրա դագաղի հետևից։ Այդ օրը նա դարձյալ ապացուցեց, որ իսկական արվեստագետները չեն պատկանում ոչ մի իշխանության, ոչ մի ժամանակաշրջանի. նրանք պատկանում են հավերժությանը։
«ՄԻ ՓՈՔՐ ԺՊԻՏ»-ի ՖԲ էջից