«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ընտրելու իրավունքից հրաժարվելը սեփական ճակատագիրն ուրիշի քմահաճույքին հանձնելու հնազանդություն է

Ընտրելու իրավունքից հրաժարվելը սեփական ճակատագիրն ուրիշի քմահաճույքին հանձնելու հնազանդություն է
25.05.2026 | 13:05

Իսկ դու գիտե՞ս, թե ում ես նվիրում քո ձայնը, երբ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԵՍ ԳՆՈՒՄ

Եկեք վերջապես անկեղծ խոսենք մի բանի մասին, որը շատերը կամ չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում։

Նախորդ ընտրություններին մեր երկրում տանն է մնացել ընտրողների կեսից ավելին՝ շուրջ 51%-ը։ Ու այդ մարդկանց մեծ մասը հպարտորեն ասում էր՝ «Դե ես ոչ մեկին չեմ ընտրել, իմ ձայնը ոչ մեկին չի գնացել»։

Ուզում եք լսել դառը, հոգեբանական ու մաթեմատիկական ճշմարտությո՞ւնը։ Դուք ընտրել եք։ Ու ձեր պասիվությամբ մեծացրել եք հենց այն ուժերի հաղթանակի շանսերը, որոնց թերևս ամենաշատն եք քննադատում սուրճի սեղանի շուրջ։

Որպես հոգեբան և հասարակական գործիչ՝ բացատրեմ, թե ինչպես է աշխատում այս թակարդը:

Հոգեբանական կույր գոտի. «ձեռքբերովի անօգնականություն»

Երբ մարդն ասում է՝ «իմ ձայնը ոչինչ չի փոխի», սա սովորական ինքնախաբեություն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Սա հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է. մարդը պասիվանում է, որպեսզի հետո ինքն իրեն արդարացնի՝ «դե ես մեղավոր չեմ այս արդյունքի համար»։ Բայց իրականում, սեփական իրավունքից հրաժարվելը ոչ թե չեզոքություն է, այլ սեփական ճակատագիրը ուրիշի քմահաճույքին հանձնելու հնազանդություն։

Իսկ հիմա մաքուր մաթեմատիկա՝ առանց էմոցիաների

Ընտրությունների մեխանիկան դաժան է ու չի սիրում դատարկություն։ Տանը մնալով ու ընտրության չգնալով՝ դուք ձեր ձայնը չեք ջնջում, այլ ավտոմատ կերպով բարձրացնում եք այն ուժերի տոկոսային կշիռը, որոնք ունեն կազմակերպված, կայուն ու վարչական ընտրատարածք։

Պարզ օրինակ. եթե ընտրության գնա ընտրողների ընդամենը 48%-ը, ապա ցանկացած մոբիլիզացված ուժ կստանա անհամեմատ ավելի բարձր տոկոս, քան կստանար այն դեպքում, եթե բոլորը դուրս գային տանից։ Ցածր մասնակցության պայմաններում անցողիկ շեմը հաղթահարելու և մեծամասնություն կազմելու համար շատ ավելի քիչ ձայներ են պահանջվում։

Իսկ եթե, այնուամենայնիվ, գնում եք ընտրության, բայց էմոցիոնալ քվեարկում եք այնպիսի փոքր ուժերի օգտին, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, ձեր այդ ձայների հաշվին մնացած մանդատները, ըստ ընտրական օրենքի բանաձևի (Դոնթի մեթոդ), միևնույն է վերաբաշխվում և անցնում են խորհրդարան հասած հիմնական խոշոր ուժերին։

Այսինքն՝ թե՛ չգնալով, թե՛ անպատասխանատու քվեարկելով՝ դուք ուղղակի նվեր եք անում առաջատարներին։

Մի եղիր պասիվ հանդիսատես

Առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու մեր երկրի համար։ Ու եթե դուք դժգոհ եք ներկա իրականությունից, ունեք մտահոգություններ կամ երազում եք այլ որակի ապագայի մասին, ապա տանը մնալն ու լռելը ամենամեծ սխալն է։

Ընտրությունը սիրո խոստովանություն չէ, այն պետության կառավարման գործիք է։ Եթե այն 51%-ը, որը սովորաբար չի գնում ընտրության, վերջապես գիտակցի իր քվեի կշիռն ու իրացնի այն, մենք կունենանք բոլորովին այլ, անկանխատեսելի և շատ սթափ քաղաքական պատկեր։

Դե ինչ, էլի՞ մտածում ես, որ քո ձայնը ոչինչ չի որոշում, թե՞ վերջապես պատասխանատվություն կվերցնես քո իսկ կյանքի որակի համար։

Արփի Վանյան

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ