Մեր օրերում շատ մարդիկ իրենց քրիստոնյա են համարում, բայց մերկանում են տեսախցիկների առջև, մանվանդ հայտնիները։ Մարմնի մերկությունը վկայում է հոգու մերկության մասին։
Եկեք տեսնենք, թե ի՞նչ են ասում Եկեղեցու սրբերն ու իմաստուն մարդիկ այդ ամենի մասին։
«Պատվիրում եմ նաև ձեզ` կանայք, որ պարկեշտ և բարեձև լինեք ամեն ինչում, ինչպես վայել է քրիստոնյաներին: Ոսկուց ու արծաթից ավելի ամոթխածությամբ և պատկառանքով ձեր անձերը զարդարեք: Եվ թող ոչ ոք օտար ներկերով իր երեսը չայլագունի» (Սուրբ Ներսես Շնորհալի):
Սուրբ Ներսես Շնորհալին հստակ ասում է, որ կինը պիտի ամոթ ունենա, սակայն այսօրվա կանանցից շատերը այնքան են կորցրել իրենց ամոթը, որ իրենց մերկ մարմինը ցուցադրում են մարդկանց և հիանում գովեստներով։
Հայտնիներից ոմանք համարձակվում են իրենց քրիստոնյա կոչել` մարդկանց մեջ քրիստոնեության մասին սխալ կարծիք ստեղծելով։ Ապրելով ոչ քրիստոնեական կյանքով, մտնում են Եկեղեցի ու անգամ մոտենում Սուրբ Հաղորդությանը, այնուհետև տրվում և ծառայում աշխարհին։
«Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։ Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. 2:16-17)։
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը նզովեց այն կանանց, ովքեր տեսան նրան, բայց չփակեցին իրենց սրունքներն ու մազերը։ Այսօր կանանցից շատերն այնքան են կորցրել իրենց ամոթն ու դարձել հանդուգն, որ անգամ հոգևորականների առջև են բաց հագուստով կանգնում։ Սակայն ամենավատն այն է, որ այդ հայտնի «քրիստոնյաներն» ունեն հետևորդների բանակ, ովքեր հիանում են նրանցով և մտածում են, որ քրիստոնյան հենց այդպիսին պիտի լինի։
«Մի՛ նայիր հաճոյաշահ երեսին, որ գրգռում է սատանայական ցանկություն, ավելի զգույշ եղիր նրա խայթող պոչից։ (Սուրբ Հովհան Ոսկեբերան):
Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետն արգելում է անգամ նայել հաճոյաշահ երեսին, որպեսզի չգայթակղվենք, իսկ ժամանակակից շատ «քրիստոնյաներ» քայլող գայթակղություն են, որի մասին Տերն ասաց.
«Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա» (Մտթ. 18:7)։
«Հիսուսն ասաց նաև իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար կախվեր, և ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ» (Ղուկ. 17:1-2)։
Հիրավի, վայ նրան, ով իր մարմինն ի ցույց է դնում և գայթակղում երիտասարդի հոգին կամ` ծերի աչքը։ Ի՞նչ արդարացում պիտի գտնեն իրենց համար նրանք, ովքեր պատճառ են դառնում հազարավոր մարդկանց անկման համար։
«Փախչում ես մարմինը վնասող օձից, առավել փախիր այն կնոջից, որը հոգիդ է տակնուվրա անում» (Սուրբ Եփրեմ Ասորի):
«Կանացի հայացքը թունավոր նետ է, վիրավորում է հոգին և լցնում այն թույնով, և ինչքան երկար է մնում այդ վերքը, այնքան ավելի է խորացնում վնասվածքը: Ով աշխատում է զերծ մնալ այս նետերից, նա չի մասնակցում մարդաշատ հավաքներին, ցրված չի թափառում տոնակատարությունների ժամանակ, քանի որ ավելի լավ է հանգիստ մնալ տանը և հարատևել աղոթքի մեջ, քան թե տեղիք տալ տոնակատարություններին` դառնալով թշնամու համար դյուրին որս (Երանելի Նեղոս Սինայեցի):
«Զուգված կնոջ տեսքը խորտակում է մրրկածուփ ծովից ավելի արագ: Մրրկածուփ ծովից դեռ կարելի է մի կերպ լողալով ափ հասնել: Սակայն կանացի տեսքը հմայում է և ստիպում անփույթ լինել» (Երանելի Նեղոս Սինայեցի):
Եթե զարդարված կինը գայթակղում է, ապա մերկացած կինը` մահ է և սատանայի գործիք։ Կիսամերկ կանայք քայլում են փողոցներով, գայթակղում և դառնում անկման պատճառ և հետո մտնում Եկեղեցիներ` առանց սեփական մեղքի գիտակցման և ապաշխարության։
«Ինչ մեծ վիրավորանք ենք հասցնում Տիրոջը, եթե մեր մարմինը, որ գնված է սրբության համար, ապականում ենք շնության պիղծ կրքին տեղիք տալով: «Դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին ապրում է ձեր մեջ,-ասում է Պողոս առաքյալը,- եթե մեկն Աստծո Տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականության մատնի։ («Խոստովանության կերպ» գրքից):
Ինչպե՞ս կարող է մարդը քրիստոնյա լինել ու իր մարմինը մերկացնել մարդկանց առջև։ Նայեք Եկեղեցում կախված սրբապատկերներին կամ մեր տեղադրած սրբապատկերին, տեսեք առաքինի կանաց տեսքը. նրանք անգամ իրենց մազերը չեն բացել տղամարդկանց առջև, անգամ ուղիղ հայացքով չեն նայել տղամարդու աչքերին, քանզի առաքինության մարմնավորում են եղել։ Ամենասարսափելին այն է, որ շատ չակերտավոր կիսամերկ աստղեր, մարդկանց աչքին քրիստոնյա են երևում և իրենց կենցաղով մարդկանց հեռացնում են Աստծուց։ Այս մարդիկ իրենց քրիստոնյա են կոչում, բայց չեն լսում և չեն հիշում Տիրոջ այս խոսքերը.
«Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ»
(Մտթ. 5:28)։
Քանի՞սն են նայում այդ կիսամերկ կամ մերկ մարմիններին և շնանում իրենց մտքում, մտածե՞լ եք սրա մասին։ Սակայն այդ կիսամերկ կանայք չեն էլ մտածում դրա մասին, քանզի այս աշխարհի իշխանի կամքն են կատարում։
Քրիստոնյաներից շատերը դարձել են շորամոլ ու աշխարհապաշտ։ Շատերը զարդարում են իրենց շքեղ հագուստներով ու զարդերով` կրկնօրինակելով նույն հայտնիներին։
«Շքեղ հագուստը վիրավորում է Աստծուն, մարմնի զարդերը դիվային հայտնագործություններ են» (Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի):
«Ով տրվում է հագուստի շքեղությանը և լեցնում է իր որովայնը, նա ձեռք կբերի աղտեղի մտածումներ և չի հանգչի սուրբերի օթևանում։ Հագուստներով գեղեցկացողը կորցնում է նաև խոնարհ նայվածքի ամոթխածությունը» (Սուրբ Եվագր Պոնտացի):
«Նայենք գերեզմանի մեջ և կտեսնենք մեր էության գաղտնիքները` իրար վրա շարված ոսկորների կույտ և մարմնից մերկացած գանգ: Նայելով նրանց` կտեսնենք ինքներս մեզ: ՈՒ՞ր է ծաղկող գեղեցկությունը, ու՞ր է անուշ բուրմունքը: Այս բաների մասին մտածելով, հրաժարվենք մարմնավոր ցանկություններից, որպեսզի հարության ժամանակ ամոթահար չլինենք» (Եփրեմ Ասորի):
«Որքան այրեր և կանայք կան, որոնք գեղեցիկ հագնվելով իսկապես մերկ են մնում առաքինության զգեստներից: Սակայն հիմա որքան էլ ասենք, այդ մերկությունը հայտնի չի լինի, բայց երևան կգա այնտեղ, ուր առաքինություններից մերկ` չարության հագուստով, բոլորն էլ կերևան: ՈՒր աղքատները փառքով կզարդարվեն, իսկ զարդարվածներն ու փափկակենցաղները մերկ և խայտառակված գեհենը կնետվեն» (Երանելի Բարսեղ Մաշկևորցի):
Քրիստոնյան պիտի խոնրահ լինի ամեն ինչով։
Քրիստոնյա կինը չպիտի նմանվի այս աշխարհի կանանց, ովքեր կոչվում են քրիստոնյա, բայց ամեն ինչով դեմ են քրիստոնեությանը։
Ոչ թե դատելու համար ենք գրում, այլ` ցավով ու ափսոսանքով, քանզի գտնվում ենք հոգևոր դեգրադացման վերջին փուլում։
Երանի թե մարդիկ հասկանան, որ չեն ճանաչում քրիստոնեությունը և սկսեն կամաց֊կամաց ճանաչել` հրաժավելով ստանայից։
Քրիստոնեությունը շոու չէ, ուշքի գանք և ապաշխարենք։
«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից