ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Կարևորը ՀՀ նախկին ղեկավարների հետ կռիվ-կռիվ խաղալն է

Կարևորը ՀՀ նախկին ղեկավարների հետ կռիվ-կռիվ խաղալն է
13.10.2025 | 16:55

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»-«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։

Մարդ, ով վերջերս խոստովանեց, որ մերժել է պատերազմի կանխման, թեկուզ և տեսական, հնարավորությունը, ով ժամանակին բղավում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ով 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցով մեկնեց Արցախ և անգամ հայտարարեց, որ «ո՞վ ասեց՝ Արցախը գերտերություն չի»,․․․ և նման այլ տեքստեր արտաբերողը հիմա դարձել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման, բռնի տեղահանման փաստացի «մաքրազերծողը»։

Ինքը Ադրբեջանի հետ կապված հարց չունի, իրեն «հետաքրքիր չի», որ Ադրբեջանը տարբեր դրվագներով մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները, պետական մակարդակով տասնամյակներ շարունակ էթնիկ հայի դեմ ատելություն է քարոզել, իրեն հետաքրքիր չի, որ 2022 թվականի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը ուղեկցվեց հայ կին զինծառայողի դաժան անդամահատման դեպքով, իրեն հետաքրքիր չի, որ Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար թոշակ է ստանում հիմա։ Սրանք կարևոր չեն, կարևոր չի նաև, որ այսօր Ադրբեջանի դպրոցներում քարոզվում է, որ ՀՀ-ն «պատմական Ադրբեջան» է, որը իրենցից «խլել» են։ Կարևոր չեն այս հարցերը, կարևորը նախկին ղեկավարների հետ կռիվ-կռիվ խաղալն է, կարևորը սեփական քայլերը կոծկելն է, կարևորը Ադրբեջանի հրահանգով հայոց պետականության գաղափարական քանդումն է։ Սրանք են իշխանության առաջնահերթությունները, իսկ Ադրբեջանի հետ կապված իրենք թեմա չունեն, չէ՞ որ հիմա «խաղաղություն» է՝ իսկ իրականում՝ անպաշտպանություն գալիք վտանգներին ընդառաջ։

Ինչպես Արցախի հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ և ուղիղ տեքստերով ու քայլերով խոսում է իր վտանգավոր, զավթողական ծրագրերի մասին, բայց դե կարևորը նախկինների հետ «չանա-չանա» տալն է․․․Հո պետական պաշտպանության հարցերով չի՞ զբաղվելու պետության կազմաքանդիչը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 148

Մեկնաբանություններ