Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Մեծ կոմբինատորուհու» վերջին վոդևիլը

«Մեծ կոմբինատորուհու» վերջին վոդևիլը
28.07.2026 | 22:21

(ու՞մ է պետք «ընտանեկան բռնության» նոր թատրոնը)

Բացարձակ նպատակ չունեի անդրադառնալու կառավարական կեցավայրում «յաթրջի արաղի» ու խոզի չալաղաջի ուղեկցությամբ գրված հերթական սև PR-սցենարին, որտեղ կիրառված են ֆարսի և բուֆոնադի կոպիտ տարրեր։ Բայց երբ օրվա լրահոսը հրամցրեց հանուն հայ կանանց ազատագրման «վեհ գաղափարի»՝ գիտակցաբար կառափնարան քայլող զոհի կերպարը, հարկ համարեցի ավելի ուշադիր զննել հանրության գրպանը որպես տեղեկատվական թմրանյութ «գցված» քաղաքական ու հասարակական այս սադրանքը։

Ակնհայտ էր՝ Reels-երով շրջանառության մեջ դրված ցածրորակ պամֆլետ-խոտանը, որին բնորոշ է գրոտեսկային կիտչի գեղագիտությունը, միտված էր բացառապես սպառողի առաջնային բնազդների վրա խաղալուն և էժան մեդիա-էֆեկտ կորզելուն։

«Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Բայց, սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել»,- թլվատ լեզվով հավաստիացնում էր «մեծ կոմբինատորուհին»։

Այստեղ է, որ քաղաքական դրամատուրգիան վերածվում է պրիմիտիվ գավառական աբսուրդի։ Փետրվարին «մենակ ու չունևոր» կառավարական ամառանոցից հեռացող, ապրիլին սրճարանային Reels-երով «վերադարձ» ազդարարող «ինքնուրույն կինը» հանկարծ հիշեց իր բուն կարգավիճակի մասին՝ «վարչապետի տիկին»։

Պարզվում է՝ «բաժանված» լինելն ու անջատ ապրելը գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պետք է շահարկել «անձնական ողբերգությունը», իսկ երբ անհրաժեշտ է հանրային զայրույթից թաքնվել պետական թիկնազորի հետևում կամ արդարացնել բյուջեից սնվող շքեղությունը, «բաժանվածն» ակնթարթորեն վերանվանվում է պետական բարձրագույն ստատուսով։

«Եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա» ձևակերպումը պարզապես նախադասություն չէ, այլ PR-տեխնոլոգիական հնարքների ամբողջական փաթեթ, որը ճշգրիտ կերպով մերկացնում է այս նոր «օպերացիայի» բուն նպատակները։

ա) «Անխոցելի զոհի» կերպարի կերտում

Փետրվարյան «չունևոր ու մենակ» հեռացողի դերը չաշխատեց, ապրիլյան «սրճարանային վերադարձը» լկտիացած ընկալվեց։ Հիմա գործի է դրվում ամենաագրեսիվ հոգեբանական քարտը՝ «կյանքիս սպառնում են»։

Սրանով տիկինը փորձում է սեփական անձը դասել «հանուն ճշմարտության տառապող նահատակների» շարքին։

Եթե նախկինում հանրության զայրույթը պայմանավորված էր պետական կորուստներով, ապա հիմա նա փորձում է այդ զայրույթը ներկայացնել որպես... «բռնարարների հարձակում խիզախ կնոջ վրա»։ Հանրային քննադատությունը կոծկելու և այն «կենցաղային/քրեական սպառնալիքի» վերածելու պրիմիտիվ հնարք։

բ) Պետական ապարատի և պահպանության լեգիտիմացում

«Հուսով եմ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ...» տողը պատահական չէ։ Այսքան ժամանակ հանրությունը հարց էր տալիս․ «Եթե բաժանվել ես, էլ ինչու՞ ես օգտվում պետական ամառանոցից, պետական թանկարժեք պահպանությունից, մեքենաներից ու ախրանայից»։ Ահա և պատասխանը․ ստեղծում է «սպառնալիքի» ֆոն, որպեսզի հանրային բյուջեի հաշվին իրեն մատուցվող պետական թանկարժեք շքեղությունն ու ինչպես ընդունված է միջազգային իրավական տերմինաբանության մեջ՝ Personal security-ն ներկայացնի որպես «անվտանգային անհրաժեշտություն»։

գ) «Վարչապետի տիկինը»․ դերերի կատարյալ շփոթ

ՈՒշադրություն դարձրեք ձևակերպմանը․ «...երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»։

Բա փետրվարին «բաժանվել էիք», չէ՞։

Բա «վարձով» էիր ապրում, «անջատ» էիր, «ինքնուրույն քաղաքական նախագիծ» էիր։

Հենց անհրաժեշտ է պաշտպանվել, հանրային զայրույթից թաքնվել կամ պետական լծակներին դիմել, «բաժանված կինն» ակնթարթորեն հիշում է, որ ինքը «վարչապետի տիկինն է»։

Հիշյալ արտահայտությամբ գիտակցաբար թե անգիտակցաբար վերջնականապես պատռվում է «բաժանման» ամբողջ ֆարսը։

դ) Մեծամտության և «երկրի հեղինակության» ցինիկ նույնացումը

«Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի...»։ Այսինքն՝ Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, պետականության փշրվելը, հայրենազրկումը երկրի հեղինակությանը հարված չէին, բայց ահա սրճարաններում Reels-եր նկարող տիկնոջ քննադատությունը «երկրի հեղինակության հարց է»։ Սա էգոցենտրիզմի և ցինիզմի այնպիսի մակարդակ է, որտեղ սեփական անձը վեր է դասվում ամբողջ պետությունից։

Բեմադրված աճպարարությունը ոչ թե «ուղերձ» է «բռնության» երևակայական զոհերին, այլ սեփական հաստ կաշին ու պետական արտոնությունները փրկելու հերթական «տրյուկ»։

«Սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել» կոչով նա փորձում է ձևավորել «զոհերի բանակ», որի հետևում կթաքցնի իր և ամուսնու քաղաքական ու իրավական պատասխանատվությունը։ Բայց երբ «աճպարարն» ինքն է նախապես հայտարարել իր աճպարար լինելու մասին, նրա նոր «բեմադրած» վտանգներին ու «սպառնալիքներին» այլևս ոչ ոք չի հավատում։

Սակայն տրագիկոմեդիայի գլխավոր արարը դեռ առջևում էր․ ՀՀ դատախազությունը, որի դարակներում տարիներով թաղվում են պետականության դեմ ուղղված հանցագործությունների, բացահայտ կոռուպցիայի ու սպառնալիքների մասին հազարավոր ահազանգերը, կայծակնային ծառայամտությամբ «ընթացք տվեց» սրճարանային տեսանյութին։

Ի՞նչ նոր սցենարի են նախապատրաստում սրանք հանրությանը։

Դատախազության այսօրինակ կայծակնային արձագանքն ու «ընթացք տալը» վերջնականապես քանդում են անկախ իրավապահ համակարգի պատրանքը և ի ցույց դնում, թե ինչպես է պետական ապարատը ծառայեցվում մեկ ընտանիքի PR սցենարներին։

Երբ հազարավոր լուրջ ահազանգեր, կոռուպցիոն բացահայտումներ, պետական դավաճանության մասին հայտարարություններ ու բացահայտ սպառնալիքներ տարիներով թաղվում են դատախազության դարակներում, իսկ սրճարանային Reels-ի տակ արված հայտարարությանն անմիջապես ընթացք է տրվում, սա արդեն իրավական աբսուրդի և բեմադրված թատրոնի հստակ ապացույց է։

Այս քայլով իշխանական «ստուդիան» նախապատրաստում է նոր սցենարներ։

Նախ՝

քաղաքական ընդդիմախոսների և քննադատների նոր «լեգալ» թիրախավորում, ինչն ամենավտանգավորն է։ «Վարչապետի տիկնոջ կյանքին սպառնացող վտանգի» մասին քրեական կամ քննչական վարույթը դատախազությանը և ԱԱԾ-ին լայն լծակներ է տալիս

լռեցնելու սուր քննադատներին։

Այսուհետ ցանկացած լրագրող, հանրային գործիչ կամ քաղաքացի, որն ակտիվորեն մերկացնում է Աննա Հակոբյանին կամ նրա ամուսնուն, կարող է կանչվել հարցաքննության, թիրախավորվել կամ մեղադրվել «սպառնալիքների», «ատելության խոսքի» և «բռնության կոչերի» մեջ։

Կատարվում է տեղեկատվական դաշտի ահաբեկում։ Ստեղծվում է նախադեպ, որտեղ տիկնոջ հասցեին քննադատությունը հավասարեցվում է «պետական անվտանգության դեմ հանցագործության»։

«Սրբացվում» են պետական պահպանությունը և շքեղությունը։

Ինչպես արդեն փաստեցինք, հանրային մեծ զայրույթ կա առ այն, թե ինչու է «բաժանված» կամ պաշտոն չունեցող անձը շարունակում օգտվել պետական բյուջեի հաշվին ապահովվող միլիոնանոց թիկնազորից, ծառայողական մեքենաներից ու ամառանոցից։

Դատախազության ընթացք տալով՝ ստեղծվում է պաշտոնական «իրավական հիմք»․

«Տեսնու՞մ եք, նրա կյանքին իրական սպառնալիք կա, հետևաբար պետությունը պարտավոր է նրան տրամադրել առավելագույն պահպանություն և անվտանգություն»։

Սրանով «լվացվում է» հանրային գումարները վատնելու մեղադրանքը։

Այսպիսով պետական ապարատը վերածվում է անձնական վահանի։

Այս շոուն «ուղերձ» է նաև մերձավոր ՔՊ-ականներին, կողմնակիցներին և արտաքին աշխարհին, թե իբր.

«Մենք պայքարում ենք բռնության դեմ, բայց հետադիմական/բռնարար ուժերը սպառնում են անգամ վարչապետի տիկնոջը»։

Մի փորձ ևս միջազգային կառույցների աչքում կրկին խաղալ «դեմոկրատիայի ու կանանց իրավունքների համար տառապող զոհի» դերը՝ դրանով իսկ շեղելով ուշադրությունը երկրի իրական, գոյաբանական աղետներից։

Եվ ամենակարևորը՝ կատարվում է հանրային օրակարգի վերջնական «կլանում»։

Չեմ էլ կասկածում՝ առաջիկա շաբաթների ընթացքում լրահոսը կլցնեն «դատախազության քննությամբ», «հարցաքննություններով», «անվտանգության ուժեղացմամբ» և նորանոր շոուներով։

Սա տեղեկատվական աղբի այն ծավալն է, որով փորձում են խլացնել Արցախի, Սյունիքի, տնտեսական փլուզման ու պետականության կորստի մասին ահազանգերը։

Դատախազության ներգրավումն ապացուցում է, որ այս «պրեմիերան» ոչ թե Աննա Հակոբյանի անհատական նախաձեռնությունն էր, այլ իշխանական բուրգի մշակած պետական-քաղաքական օպերացիան։

«Աճպարարները» որոշել են իրենց սցենարով բեմադրված «ֆարսին» տալ պետական-իրավական կնիք։ Բայց որքան ավելի են լարում աղեղը, այնքան ավելի պարզ է դառնում, որ գործ ունենք սեփական ձայնագող էությունն ու աթոռը փրկելու համար պետական ողջ համակարգն աճուրդի հանած վարչակույտի հետ։

Բայց «աճպարարների» գլխավոր հաշվարկն այլևս չի աշխատում․ երբ դերասանն ինքն է նախապես հայտարարել իր աճպարար լինելու մասին, նրա բեմադրած «վտանգներին» ու «ողբերգություններին» արդեն ոչ ոք չի հավատում։

Եվ որքան էլ դատախազությունն ու պետական ապարատը լծվեն սրճարանային Reels-երին «պետական նշանակություն» հաղորդելու գործին, միևնույն է՝ հանրության համար սա ընդամենը խոզի չալաղաջով ու «յաթրջի արաղով» համեմված հերթական գռեհիկ ֆարսն է, որի վերջնախաղը վաղուց կանխորոշված է։

Մատուցված Reels-ը քաղաքական սնամեջության այն վերջին փուլն է, երբ իշխանությունը զրկվել է հանրային հենարանից և ստիպված է սեփական գոյությունը քարշ տալ բացառապես մանիպուլյացիաների, «զոհի» կեղծ կերպարների և պետական ապարատի բռնազավթված լծակների հաշվին։

Բայց պատմությունը դաժան օրինաչափություն ունի․ երբ պետական կառավարումը վերածվում է աճպարարական վոդևիլի, «դերասանների» վերջնական հանգրվանը ոչ թե ծափահարություններն են, այլ հանրային անարգանքն ու իրավական պատասխանատվությունը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ