ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Սա խորը ճգնաժամ է, քաղաքական ողբերգության դրսևորում, որի պատվիրատուն ԱԺ ղեկավարությունն է

Սա խորը ճգնաժամ է, քաղաքական ողբերգության դրսևորում, որի պատվիրատուն ԱԺ ղեկավարությունն է
18.08.2026 | 15:11

Ժամանակ առ ժամանակ հետևում եմ ԱԺ ընթացքին։ Ընդհանուր առմամբ, շատ, շատ ցածր մակարդակ է տիրում այնտեղ։ Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ չեն պատկերացնում ո՛չ իրենց դերն ու տեղը քաղաքական իրականության մեջ, ո՛չ էլ Հայաստանի տեղը անընդհատ փոփոխվող ու վտանգներով լի այս աշխարհում։ Եվ չկան այնպիսի պատգամավորներ, ում ամբիոնի մոտ հայտնվելու դեպքում ուղղակի հարգանք ու ակնածանք կհայտնվեն թե՛ դահլիճում, թե՛ էկրաններին հետևողների մեջ։ Չկան այնպիսիք, ում ուղղակի ուզում ես անընդհատ լսել։ Չկան այնպիսիք, ում խոսքը պատռում է իրականություն կոչվող պաստառը, և դու ինքդ քեզ ասում ես` դե հա էլի, ճիշտ է ասում մարդը, իսկ ես մինչ այսօր չէի հասկացել։ Չկան այնպիսիք, ովքեր մարմնավորում են Հայ մարդու խիղճը, ցավը, սերը, մտածելակերպի խորունկ շերտերը։

Չկան, որովհետև ծուռ է այս ընտրական համակարգը, ինչի մասին հետո կխոսեմ, բայց ասեմ, որ կան պատգամավորներ, ովքեր ճշմարիտ արժեքների շուրջ են, գովելի անցյալ ունեն, փորձում են ձգված լինել, չընկնել հայհոյանքի ու փոխադարձ մեղադրանքների մակարդակին, բարեվարքության նշաձող բարձրացնել։ Երկու կողմից էլ կան, չնայած իմ սիրտը ընդդիմության կողքին է, բայց արի ու տես, որ եթե փոխըմբռնման ինչ-որ նոտաներ են հայտնվում, ապա Ռուբինյան-Կոնջորյան-Ալեքսանյան եռյակն է, որ, փոխանակ ի պաշտոնե միավորելու, անմիջապես տանում է բախումների, վենդետաների, ակնընդականների։

Սա խորը ճգնաժամ է, քաղաքական ողբերգության դրսևորում, որտեղ ԱԺ ղեկավարությունն է մեղավորը և այսպիսի վարքի պատվիրատուն։ Ռուբինյանն առիթ ուներ բարձր լինելու, ավելի բարձր, քան Սիմոնյանն ու բոլորը։ Չցանկացավ, որովհետև նորմալ պայմաններում ընդդիմությունը կարող է հասարակությանն ավելի պիտանի լինել և նույնիսկ գերազանցել նրանց, իսկ դա նշանակում է քաղաքական մրցունակության բացակայություն։

Սիմոնյանն էլ արդեն ԱԽ քարտուղար է և կարող էր զբաղվել իր առջև դրված կարևորագույն խնդիրներով։ Բայց չէ, ճահիճը քաշում է ետ իր բնակիչներին։ Հարկավոր է ետ դառնալ և կրակին յուղ ավելացնել։

Սա է ժամանակակից Հայաստանը, որտեղ կփորձեն Հայաստանի շահը հակադարձել համայն Հայության շահին, Արցախի շահին, Եկեղեցուն և այսպես շարունակ։

Կան մի քանի պատգամավորներ, ովքեր փորձում են կոնստրուկտիվ լինել։ Կոնստրուկտիվիզմն է այն ֆորման, ձևը, որ կօգնի մեզ դուրս գալ այս ճահիճից, խոսել մարտահրավերների ու լուծումների մասին։ Ընդհանրապես, երբ հակասությունները խորն են ու գաղափարական, ապա ձևն է, որ գալիս է փրկության, դուրս հանում նիհիլիզմի ու ժխտողականության անդունդից։

Ինչ վերաբերվում է Եղոյանին ու Հայ Դատի գրասենյակներին՝ աշխատող, տասնամյակների փորձով արհեստավարժ համաշխարհային կառույց է, նվիրյալների ու իսկական Հայ մարդկանց քաղաքական սխրանքի համակարգ։ Ձեզ չի հաջողվի այն քանդել, քանի որ ձեր տիրույթից դուրս է, բայց ամոթ է։ Եթե ընդունակ չեք շնորհակալություն հայտնել, ապա լռեք, ընդամենը։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ