«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Վախի վաճառք»․ ի՞նչ են հրամցնում մեր երեխաներին

«Վախի վաճառք»․ ի՞նչ են հրամցնում մեր երեխաներին
14.10.2026 | 10:41

Ուշադրությո՛ւն, քրիստոնյա՛ ծնողներ
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը «Yerevan Park»-ը հայտարարում է «Վախի օրեր» խորագրով եռօրյա միջոցառում։ Թեև հայտարարության մեջ «Հելոուին» անունը չի հիշատակվում, ընտրված օրերը, սարսափի, մթության, առեղծվածների և վախի շուրջ կառուցված ծրագիրն ակնհայտորեն հիշեցնում են հենց այդ տոնակատարությունը։ Եվ ամենամտահոգիչն այն է, որ այս ամենը մատուցվում է որպես ընտանեկան ժամանց՝ երեխաների մասնակցությամբ։
Ուշագրավ է, որ այս տարի՝ հոկտեմբերի 31-ին, երբ աշխարհում նշում են Հելոուինը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների հիշատակը։ Մի կողմից՝ սրբերի, այդ թվում` սուրբ նահատակների ոգեկոչումն է, մյուս կողմից՝ սարսափի ու խավարի խորհրդանիշներով զվարճանքը։ Քրիստոնյա ծնողն ի՞նչ հոգևոր արժեքներ է ցանկանում փոխանցել իր երեխային։
Քրիստոնեական դաստիարակությունը կոչված է երեխայի հոգում սեր արթնացնելու լույսի, բարության, սրբության և ճշմարտության նկատմամբ։ Իսկ ի՞նչ հոգևոր արժեք է փոխանցում այն ժամանցը, որի գլխավոր գրավչությունը վախն է, սարսափը, մթությունն ու խավարի խորհրդավոր աշխարհը։ Մի՞թե մեր երեխաների ուրախությունը պետք է կառուցվի սարսափի և վախի վրա։
Հելոուինը և Բոլոր Սրբերի հիշատակը
Գիտե՞ք արդյոք, որ արևմտյան քրիստոնեական ավանդության մեջ հոկտեմբերի 31-ը Բոլոր Սրբերի տոնի նախօրեն է, իսկ նոյեմբերի 1-ը՝ Բոլոր Սրբերի տոնը։ Այդ հիշատակի մեջ ընդգրկվում են հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերն ու նահատակները։
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան սրբեր ու նահատակներ ունի մեր ժողովուրդը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Քրիստոսի, հավատի, հայրենիքի ու սրբությունների։ Մեր պատմությունը լի է մարդկանցով, որոնք մահվան առաջ չուրացան իրենց հավատքը, պաշտպանեցին իրենց ընտանիքները, իրենց սրբություններն ու հայրենիքը։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն լույսի, իսկ մենք ինչո՞ւ պիտի մեր երեխաներին հրավիրենք խավարի շուրջ կազմակերպված խրախճանքի։
Քրիստոնյան չի կարող անտարբեր լինել հոգևոր խորհրդանիշների նկատմամբ
Սարսափի խաղն ինքնին դեռ դիվապաշտություն չէ։ Սակայն երբ զվարճանքի առարկա են դառնում դիվական կերպարները, չարի խորհրդանիշները կամ օկուլտական պատկերացումները, քրիստոնյա ծնողը պարտավոր է լրջորեն գնահատել դրանց ազդեցությունն իր երեխայի դեռևս փխրուն և տպավորվող հոգևոր աշխարհի վրա։
Չարի հետ չի՛ կարելի խաղալ, որովհետև չարը զվարճանքի առարկա չէ, իսկ խավարը՝ անմեղ խաղի միջավայր։ Չարի հետ խաղալը հոգևորապես վտանգավոր անհոգություն է, որը բթացնում է մարդու հոգևոր զգոնությունը, ընտելացնում չարի կերպարներին ու խորհրդանիշներին և թուլացնում դրանց նկատմամբ մերժողականությունը։
Քրիստոնյան կոչված է ոչ թե խաղալու չարի հետ, այլ մերժելու այն, ոչ թե ընտելանալու խավարին, այլ հեռու մնալու նրանից։ Առավել ևս անթույլատրելի է երեխաներին զվարճանքի անվան տակ ընտելացնել այն ամենին, ինչը հակասում է քրիստոնեական հավատքին ու սրբությանը։
Հարգելի՛ ծնողներ, մի՛ թույլ տվեք, որ ձեր երեխաների հոգևոր անվտանգությունը զոհաբերվի հանուն ժամանցի կազմակերպիչների առևտրային շահի։ Երեխան կարող է ուրախանալ, խաղալ, զվարճանալ և անմոռանալի օրեր անցկացնել՝ առանց խավարի ու սարսափի խորհրդանիշները տոն դարձնելու։ Եվ եթե այս միջոցառման շրջանակում իսկապես նախատեսվում են դիվական, կախարդական կամ օկուլտական կերպարներով ներկայացումներ, ապա կազմակերպիչները պարտավոր են հստակ տեղեկացնել ծնողներին։
Քրիստոնյայի կոչումը լույսին հետևելն է, ոչ թե խավարը տոնելը։ Թող մեր երեխաները ճանաչեն իրենց սրբերին, նահատակներին ու հերոսներին, սովորեն նրանց հավատարմությունից, անձնազոհությունից և խիզախությունից։ Մեր երեխաներին պետք են լույսի օրինակներ, ոչ թե խավարի հերոսներ։
Խնդրում ենք տարածել այս գրառումը, որպեսզի այն հասնի հնարավորինս շատ ծնողների։ Մեր երեխաների հոգևոր պաշտպանությունը մեր համատեղ պատասխանատվությունն է։ Առաջարկում ենք նաև կոչով դիմել «Yerevan Park»-ին` չեղարկելու Բոլոր Սրբերի տոնի հետ համընկնող և քրիստոնեական արժեքներին հակասող այս միջոցառումը:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ.
Քրիստոնյա ընտանիքների համար լավագույն ընտրությունը կլինի հոկտեմբերի 31-ին երեխաների հետ եկեղեցի այցելելը, ժամերգությանը կամ, որտեղ մատուցվում է, Սուրբ Պատարագին մասնակցելը և երեխաներին մեր սրբերի կյանքի, հավատքի ու անձնազոհության օրինակներին ծանոթացնելը։
Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ