Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Թուրքավարի ընտրություններ

Թուրքավարի ընտրություններ
12.06.2026 | 20:55

(ինչպես է Փաշինյանը Հայաստանում ներդնում կառավարման էրդողանական մոդելը)

Հայաստանի ծրագրված թուրքացմանն ընդառաջ ՔՊ-ն Հայաստանում անցկացրեց, ըստ էության, առաջին թուրքավարի կամ «էրդողանական» ընտրությունները։ Փաստերի ամբողջությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանի գլխավոր խորհրդատուները առաջնորդվել են նույն քաղաքական տեխնոլոգիաներով, որոնց օգնությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տասնամյակներում կազմակերպել և վերահսկել է Թուրքիայի ընտրական գործընթացները։

Ստորև շատ համառոտ ներկայացնում եմ «ընտրությունների» էրդողանական մոդելը, որը կարելի է համեմատել Հայաստանում Փաշինյանի կողմից ներդրվող ընտրական համակարգի հետ։ Նմանությունները ակնհայտ են։

Եվ այսպես, վերջին 15–20 տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգը Թուրքիայում ձևավորել է հիբրիդային-ավտորիտար կառավարման մի համակարգ, որտեղ ընտրությունները ձևականորեն պահպանվում են, սակայն իրական քաղաքական մրցակցությունը լրջորեն սահմանափակված է։ Ըստ Human Rights Watch-ի և Amnesty International-ի գնահատականների՝ ընտրական գործընթացը դարձել է խորապես անարդար՝ պետական ռեսուրսների չարաշահման, տեղեկատվական անհավասարության և ընդդիմության նկատմամբ համակարգված ճնշումների պատճառով։

Ահա այսպիսին են ռեժիմի կիրառած հիմնական մեթոդներն ու առավել բնորոշ օրինակները;

1. Դատական հետապնդումներ և քաղաքական մրցակիցների հեռացում

Դատական համակարգը լայնորեն օգտագործվում է իշխանության համար վտանգավոր մրցակիցներին չեզոքացնելու նպատակով։

• Սելահաթին Դեմիրթաշ (քրդամետ առաջնորդ) — 2016 թվականից գտնվում է բանտում՝ «ահաբեկչության» շինծու մեղադրանքներով, ինչի հետևանքով զրկվել է 2018 և 2023 թվականների ընտրարշավներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։

• Էքրեմ Իմամօղլու (Ստամբուլի քաղաքապետ) — Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցներից մեկը։ 2022 թվականին դատապարտվեց «Բարձրագույն ընտրական հանձնաժողովին վիրավորելու» մեղադրանքով, իսկ 2025 թվականին կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալվեց և փաստացի դուրս մղվեց քաղաքական պայքարից։

• «Դատական հեղաշրջում» (2026 թ.) — դատարանի որոշմամբ չեղարկվեցին գլխավոր ընդդիմադիր CHP կուսակցության համագումարի արդյունքները, իսկ կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հեռացվեց պաշտոնից՝ ճանապարհ բացելով իշխանություններին առավել հարմար ղեկավարության վերադարձի համար։

2. Ընտրական արդյունքների չեղարկում և տեղական ինքնակառավարման խաթարում

Այն դեպքերում, երբ ընդդիմությունը հաղթանակ է գրանցում, իշխանությունները հաճախ դիմում են արտակարգ միջոցների։

• Ստամբուլի քաղաքապետի ընտրություններ (2019 թ.) — իշխանությունները չեղարկեցին Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը, սակայն կրկնակի ընտրություններում նա հաղթեց ավելի մեծ տարբերությամբ։

• Քուրդ քաղաքապետերի հեռացում — 2019 և 2024 թվականների ընտրություններից հետո արևելյան նահանգներում ընտրված բազմաթիվ քուրդ քաղաքապետեր հեռացվեցին պաշտոններից և փոխարինվեցին կենտրոնական իշխանության կողմից նշանակված կառավարիչներով (կայմակամներով)։

3. Մեդիա շրջափակում և վարչական ռեսուրսների օգտագործում

• Տեղեկատվական դաշտի գերիշխող վերահսկողություն — Թուրքիայի լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը գտնվում է իշխանության անմիջական կամ անուղղակի ազդեցության ներքո։ 2023 թվականի ընտրությունների ընթացքում պետական TRT հեռուստաընկերությունը Էրդողանին տրամադրեց հարյուրավոր ժամերի եթերաժամ, մինչդեռ ընդդիմության թեկնածուն ստացավ ընդամենը հաշված րոպեներ։

• Արտակարգ լիազորությունների կիրառում — 2017 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Էրդողանը ստացավ աննախադեպ նախագահական լիազորություններ, իսկ 2018 թվականի ընտրություններն անցկացվեցին արտակարգ դրության պայմաններում, ինչը հնարավորություն տվեց սահմանափակել ընդդիմության քաղաքական գործունեությունը և հանրահավաքները։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ Թուրքիայում ընտրական գործընթացը դարձել է խորապես անհավասար՝ իշխանության և ընդդիմության միջև ռեսուրսների հսկայական տարբերության, ինչպես նաև պետական ինստիտուտների քաղաքականացման պատճառով։ Ընդդիմության նկատմամբ ճնշումները հատկապես սաստկանում են ընտրական արշավների ժամանակ։

Այսպիսով, Էրդողանի վարչակարգը Թուրքիայում ձևավորել է մի համակարգ, որտեղ ընտրությունները պահպանվել են որպես ինստիտուտ, սակայն վերացվել են արդար և հավասար քաղաքական մրցակցության հիմնական նախադրյալները։

Եթե վերոհիշյալ մեթոդները համեմատենք Հայաստանում վերջին շրջանում ձևավորված քաղաքական իրականության հետ, ապա նմանությունները դժվար է չնկատել։ Այստեղ ևս ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները դարձել են քաղաքական պայքարի սովորական գործիք, տեղական ինքնակառավարման մարմինները ենթարկվում են ճնշումների, վարչական ռեսուրսը ծառայեցվում է իշխող կուսակցության շահերին, իսկ ընտրողներին մշտապես ներկայացվում է նույն երկընտրանքը՝ «կա՛մ Փաշինյան, կա՛մ պատերազմ»։ Տարբերությունն առայժմ միայն ծավալների մեջ է. Էրդողանը այս համակարգը կառուցել է ավելի վաղ և հասցրել է այն կատարելության, իսկ Փաշինյանը կարծես ընդամենը ջանասիրաբար յուրացնում է թուրքական քաղաքական դպրոցի դասերը։

Ամփոփենք. Էրդողանի վարչակազմը Թուրքիայում ստեղծել է մի հիբրիդային ռեժիմ, որտեղ ընտրությունները պահպանվել են, սակայն հավասար պայքարի հնարավորությունն իսպառ վերացված է: Նույնը անում է Փաշինյանը Հայաստանում, ով, «Եվրոպա» ու «եվրոպական արժեքներ» գոռալով, գնում է ոչ այլուր, քան... դեպի Թուրքիա։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ