Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

Ո՞վ կարող է լինել Մկրտության կնքահայր Մայր Եկեղեցում

Ո՞վ կարող է  լինել Մկրտության կնքահայր Մայր Եկեղեցում
26.02.2026 | 12:49

Եկեք անդրադառնանք մկրտության ժամանակ կնքահոր դերին՝ ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի և նրա ընտրության համար անհրաժեշտ կարևոր հանգամանքներին.

1. Մկրտությունը աստվածային խորհուրդ է, այն համարվում է վերստին ծնունդ, հետևաբար կնքահայրը, որպես հոգևոր ծնող, ունի որոշակի դեր առաջնորդելու մկրտվողին դեպի հոգևոր կյանք:

2. Կնքահայրն ինքը պետք է լինի մկրտված և Հայ Առաքելական Եկեղեցու զավակ:

3. Սակայն, կնքահայրը չի կարող լինել աղանդավոր կամ այլադավան, քանի որ չի կարող իր սանին դաստիարակել այն հավատքով, որին ինքը չի պատկանում։

4. Քանի որ մկրտվող մանուկը չի կարող սեփական հավատքն արտահայտել, կնքահայրը մանուկի անունից հրաժարվում է սատանայից և դառնում նրա հավատքի երաշխավորը Աստծո առաջ:

5. Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգում Մկրտությունն ու Դրոշմը (Մյուռոնով օծումը, որը համարվում է հոգևոր զինվորագրություն) կատարվում են անմիջապես իրար հետևից՝ որպես մեկ ամբողջական խորհուրդ։ Կնքահայրն այդ պահին նմանվում է այն վկային, ով երաշխավորում է նորագիր զինվորի հավատարմությունը թագավորին՝ Քրիստոսին։ Նա պատասխանատվություն է ստանձնում իր սանի համար, որ վերջինս չդավաճանի այդ հոգևոր կնիքներին:

6. Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության մեջ Մկրտությունը, Դրոշմը և Սուրբ Հաղորդությունը անբաժանելի են և կատարվում են հաջորդաբար նույն պահին։ Կնքահոր պարտքն է հոգալ, որ երեխան պարբերաբար Ս.Հաղորդություն ստանա, մասնակցի Ս.Պատարագներին և չդառնա «միայն մեկ օրվա քրիստոնյա»։

7. Կնքահայրը պետք է հետևի իր սանի հոգևոր աճին, սակայն դա իրականացնելու համար ինքը նախևառաջ որոշակի հոգևոր աճ պետք արձանագրած լինի իր կյանքում: Բացի այդ, նման պարտականությունն իրագործելու համար անհրաժեշտ է, որ ծնողները ստեղծեն առիթներ երեխայի հետ շփման և հանդիպման համար:

8. Կնքահայրը պարտավոր է երեխային սովորեցնել քրիստոնեական հիմնական սկզբունքները, առաջնորդել դեպի Մայր Եկեղեցի, բացատրել աղոթքի ու խորհուրդների նշանակությունը։

9. Կնքահայրը պարտավոր է մշտապես աղոթել իր սաների համար, հետևաբար նա ցանկալի է, որ եկեղեցական կյանքով ապրող մարդ լինի, Ս.Պատարագներին մասնակցող:

10. Կնքահայրը պետք է գիտակից քրիստոնյա լինի, քրիստոնեական նկարագիր ունենա, որպեսզի կարողանա օրինակ ծառայել իր սաների համար:

11. Եթե մարդը պատրաստ չէ պատասխանատվություն կրել երեխայի հոգևոր աճի համար, ավելի լավ է չստանձնի կնքահոր դերը:

12. Կնքահայրությունը ոչ թե պատիվ է, այլ ծառայություն: Նա խոստում է տալիս քահանային իր սանի համար՝ ծառայել Աստծուն, այսինքն դառնում է դրա երաշխավորը:

13. Կանոնագիրքն արգելում է ամուսնությունը կնքահոր և սանի ընտանիքի անդամների միջև։ Սա ցույց է տալիս, որ կնքահայրությունը դիտվում է որպես արյունակցական կապին հավասարազոր սուրբ ընտանեկան կապ։

14. Կանոնները պատվիրում են քահանաներին քննել կնքահորը մինչև մկրտությունը՝ համոզվելու համար, որ նա գիտի «Հայր մեր»-ը և «Հավատամքը»։ Եվ եթե որևէ մեկը տգետ գտնվի, քահանան չպետք է համարձակվի նրան կնքահայր վերցնել, որպեսզի իր տգիտությամբ մանկան հոգին չկորցնի:

15. Եթե քահանան գիտի, որ կնքահայրը անարժան է իր բացահայտ մեղսալից ընթացքի համար կամ տգետ, բայց թույլ է տալիս նրան ստանձնել այդ դերը, ապա նման որոշման համար Աստծո առաջ պատասխան է տալու հենց քահանան:

16. Ս. Ներսես Շնորհալին ուղիղ հրահանգում է քահանաներին, որ թույլ չտան տգետ աշխարհականներին կարգվել կնքահայր մարմնական ընչասիրության պատճառով, իսկ եթե հանդգնեն, ապա հանձն չառնեն մկրտել և աստվածային խորհուրդը անհավատների առջև ծիծաղելի չդարձնեն:

17. Ս. Ներսես Շնորհալին շարունակում է. «Եթե հնարավոր լիներ, նրանցից ոչ մեկն էլ չպիտի լիներ մկրտության ժամին սուրբ Ավազանի մոտ, որպեսզի ճշմարտության հակառակորդների պատճառով Սուրբ Հոգին չհեռանա մկրտվողներից»:

18. Մեր Եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս հավատք չունեցող մեկին չկարգել կնքահայր, քանզի ինչպե՞ս կարող է մեկը երաշխավոր լինել մեկ ուրիշի հավատքի համար, երբ ինքը չունի այդ հավատքը, կամ ինչպե՞ս կարող է կույրը առաջնորդել մեկ այլ կույրի. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն (Ղուկ. 6:42)։

19. Կնքահայր ընտրելիս չպետք է առաջնորդվել նրա ֆինանսական կարողություններով, դիրքով, աշխարհիկ հեղինակությամբ, պաշտոնով, այլ նրա հոգևոր հասունությամբ, բարեպաշտությամբ, բարոյական կերպարով, քանզի եթե մարդն, ով ապրում է բացահայտ մեղսալից կյանքով կամ հեռացած է եկեղեցուց, կամ եկեղեցատյաց վարքագիծ է ցուցաբերում, չի կարող երաշխավոր լինել մեկ այլ հոգու համար։

20. Կնքահայր լինելը ոչ թե «քեֆի» կամ «խնջույքի» առիթ է, այլ հոգևոր ծանր լուծ։ Կնքահայրը պատասխանատու է Աստծո առաջ իր սանի յուրաքանչյուր սայթաքման համար, եթե դա տեղի է ունեցել իր անփութության, մեղսալից ընթացքի, եկեղեցատյաց արարքների պատճառով։

21. Հաճախ ծնողները տարիներով հետաձգում են երեխայի մկրտությունը կնքահոր մեկ այլ երկրում ապրելու պատճառով՝ զրկելով իրենց զավակին հոգևոր ծնունդից և Աստծո պաշտպանությունից: Հաշվի առնելով այն, որ նման դեպքում կնքահայրը չի կարող ապահովել իր սանիկի հոգևոր աճը, նրա ընտրությունը կարող է դառնալ ձևական և հոգևոր տեսանկյունից բովանդակազուրկ:

Ամփոփում. Մկրտության կնքահոր ընտրությունը պատասխանատու քայլ է թե՛ մկրտվողի ծնողի, թե՛ ապագա կնքահոր, թե՛ քահանայի համար: Հետևաբար ծնողները կնքահայր ընտրելիս ցանկալի է, որ հաշվի առնեն վերը թվարված հանգամանքները, ստեղծեն հետագայում պայմաններ մկրտվածի նկատմամբ կնքահոր կողմից հոգևոր խնամքի իրականացման համար: Կնքահայրերը նույնպես պետք է հաշվի առնեն այն մեծ պատասխանատվությունը, որն իրենք պատրաստվում են ստանձնել և գնահատեն դրա իրականացման հնարավորությունները: Քահանաներն էլ իրենք Մայր Եկեղեցու կանոններով և Աստծո առջև իրենց ստանձնած պատասխանատվությամբ պետք է առաջնորդվեն:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ