Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Փաշինյանական իշխանությունները, այսպես կոչված, «խաղաղությունը» բերում են ոչ թե Հայաստան, այլ «Արևմտյան Ադրբեջան»

Փաշինյանական իշխանությունները, այսպես կոչված, «խաղաղությունը» բերում են ոչ թե Հայաստան, այլ «Արևմտյան Ադրբեջան»
23.02.2026 | 11:41

Կարելի է ընտելանալ սովին ու ցրտին։ Կարելի է ընտելանալ հալածանքներին ու բռնաճնշումներին։

Կարելի է ընտելանալ ամեն ինչի, բայց մարդու հոգեբանությունը երբեք չի կարող ընտելանալ նվաստացումներին։

Հիշեք՝ նրան, ում նվաստացնում են և ում ծաղրում են, «խաղաղության» չեն պատրաստում` նրանք համակարգված կերպով պատրաստում են ամենավատին։

Այն, ինչ անում են մեզ հետ փաշինյանական իշխանությունները, այն, ինչ անում են մեզ հետ թուրքերը և ադրբեջանցիները, այն, ինչ անում են մեզ հետ նույն ամերիկացիներն ու եվրոպացիները, «խաղաղության հաղթանակ» չէ․ դա զզվելի նվաստացում է, վատ քողարկված հերթապահ ժպիտներով և ձեռքսեղմումներով։

Այն «խաղաղությունը», որն առավոտից երեկո գովազդում են այս մարդիկ, որևէ կապ չունի ոչ Հայաստանի և ոչ էլ հայ ժողովրդի անվտանգ ապագայի, ներկայի կամ ապրելու իրավունքի հետ։

Սա խաղաղություն չէ, սա Հայաստանի վերջնական և անդառնալի ոչնչացման նախերգանքն է, եթե, իհարկե, ամեն ինչ շարունակվի նույն ոգով։

Դատեք ինքներդ՝ ի՞նչ ստացան երկրները և Հայաստանը (ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունները), որոնք առավոտից երեկո գոռում են «խաղաղության» մասին։

ԱՄՆ-ը ստացավ Հայաստանի տարածք՝ անմիջապես Իրանի սահմանին հարակից, ինչը թույլ է տալիս ոչ միայն վերահսկել Իրանի հյուսիսը, այլ նաև ձևավորել նոր լոգիստիկ ուղիներ՝ ճնշելով Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ը վերահսկողություն է ստանում «մեծ թուրքական ճանապարհի» նկատմամբ, այդպես կոչված, TRIPP նախագծի (ներկա կոնֆիգուրացիայով) իրականացման դեպքում։

ԵՄ-ն Հայաստանի տարածքի հաշվին ստացավ լոգիստիկ երթուղի՝ Ռուսաստանի վերահսկողությունից դուրս, Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգակիրների տեղափոխման համար։

Թուրքիան և Ադրբեջանը ստացան միջանցք (հենց միջանցք) ամերիկյան փաթեթավորմամբ (կրկին TRIPP նախագծի շրջանակներում) հայկական Սյունիքի հաշվին՝ Հայաստանի հարավը կտրելու հեռանկարով՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացման և Հայաստանի փուլային ապամոնտաժման համատեքստում։

Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կոչվում է «խաղաղություն», ըստ էության, նշանակում է հետևյալը․ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ փոխարենը այն բանի, որ Ադրբեջանն առայժմ չի կրակի, կվաճառի մեզ բենզին և առայժմ թույլ կտա հայկական բեռների տրանզիտը իր տարածքով։

Մնացած գործընթացները՝ հայ գերիների ազատ արձակումը Բաքվի բանտերից, Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացումը, ԵՄ միջոցառումը մայիսին, Մակրոնի և Էրդողանի այցը Հայաստան կրկին մայիսին որևէ առնչություն չունեն խաղաղության հետ։ Դրանք բացառապես վերաբերում են Հայաստանի իշխանությունների նախընտրական աջակցությանն այն ուժերի կողմից, որոնք մեր երկրի գոյության հաշվին ցանկանում են լուծել իրենց գլոբալ հարցերը։ Հատկապես, որ օրինակ թուրքերը և ադրբեջանցիները դիտարկում են ներկայիս հայաստանյան իշխանություններին որպես պատմական շանս` վերջնականապես «փակելու» հայկական հարցը։

Այս ամենը չտեսնելն անհնար է։

Հետևաբար, իրավիճակը հետևյալն է․ փաշինյանական իշխանությունները, այսպես կոչված, «խաղաղությունը» բերում են ոչ թե Հայաստան, այլ «Արևմտյան Ադրբեջան»։ Եվ եթե որևէ մեկին թվում է, թե դա այդպես չէ, ապա խորհուրդ եմ տալիս դիմել հոգեբանի՝ իրականության ադեկվատ ընկալումը ստուգելու համար։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 100

Մեկնաբանություններ