«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Բուդկչիներն ընդդեմ բուդկչիների

Բուդկչիներն ընդդեմ բուդկչիների
15.10.2026 | 14:04

Վերջին օրերին բազմաթիվ տեսանյութերից տեղեկացանք, որ Երևանի տարբեր հատվածներում քանդվում են շինություններ, որոնք ժամանակին անօրինական կարգով կառուցվել են ընդհանուր օգտագործման համար նախատեսված հողամասերի վրա:

Մեր ողջ երկիրը անցած 20-30 տարում քաղաքաշինական ու ճարտարապետական առումով ոչնչացվեց բառի բուն իմաստով և խեղդվեց բուդկաների մեջ:

Քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը ցանկացած պետության ու ժողովրդի համար ծայրահեղ կարևոր նշանակություն ունեցող ոլորտներ են: Եթե կարճ՝ այդ ոլորտներն են ձևավորում հասարակության միջավայրը, ինչի արդյունքում ձևավորվում է ժողովրդի մենթալիթետը, կուլտուրան, աշխարհայացքը:

Մեր գյուղերից սկսած մինչև մայրաքաղաք Երևան խայտառակ վիճակ է: Տեղից էլ մեր երկրի քաղաքները փոքր ու անշուք էին, այժմ ավելի վատ է: Թամանյանին շատ ենք գովում, բայց պետք է խոստովանել, որ Թամանյանի նախագծով կառուցված Երևանի կենտրոնի մասշտաբներն էլ բավականին փոքր են, փողոցներն ու մայթերը՝ նեղ: Բավական է համեմատել Սովետի մյուս մայրաքաղաքների հետ, և պատկերը պարզ կլինի: Երևանում շինությունների քանդման տեսանյութերին զուգահեռ, կարծես հատուկ պատվերով, ՖԲ-ն պատիս բերում է տեսանյութեր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյից: Երևանը այդ ֆոնին անհասկանալի երևույթ է, այն քաղաք կոչել չես կարողանում: Տաջիկների կառուցած նորակառույց շենքերի ոճն ու տեսքը նայելիս, տպավորություն է, որ նրանք Եվրոպային ու քաղաքակրթությանն ավելի մոտ են, քան մենք:

Նայում ես հետսովետական երկրներից տարածվող պաշտոնական լրատվություն, որտեղ երևում են օդանավակայաններից դեպի պետության ղեկավարների նստավայրեր տանող ճանապարհները, լայն մայթերն ու կանաչ գոտիները, հիշում ես մեր «Զվարթնոցից» դեպի Երևանի կենտրոն տանող Արգավանդի զավթված ու փոքրացված փնթի ճանապարհը:

Արգավանդը քիչ էր, այժմ Սևանի մայրուղին են Արգավանդի վերածում: Երևանի ГАИ-ի պոստի մոտ պետական նշանակության ճանապարհը նեղացվել ու կիսվել է, որպեսզի մայրուղու մոտ ապօրինի կառուցված շինությունների գործունեության հետևանքով վթարային իրավիճակներ չստեղծվեն. թշվառ վիճակ...

Ինչպե՞ս մեծ ու փոքր բուդկչիները ոչնչացրեցին մեր երկրի քաղաքները: Ոճը նույնն էր, որևէ մայթի, ճանապարհի, այգու կամ այլ ընդհանուր օգտագործման տարածքում նախ տեղադրվում էր մետաղական ինքնակամ բուդկա, հետո քաղաքապետը այն ճանաչում էր որպես ինքնակամ և համայնքային սեփականություն, որից հետո այդ բուդկան իր տակի հողամասով կոպեկներով վաճառվում էր հողամասը զավթած բուդկչուն: Բուդկչին էլ դրա տեղում, թիթեղյա բուդկայի փոխարեն, արդեն իր օրինական հողամասի վրա կառուցում էր բետոնե բուդկա: Հետո բուդկեն ընդլայնվում էր, կողքերից, վրան հարկ էր դրվում, և այն դառնում էր ավելի մեծ բուդկա: Բուդկա, որովհետև դրանք հիմնականում առանց ճարտարապետական ու քաղաքաշինական կանոնների կառուցված շինություններ են, որոնք տվյալ քաղաքների ճարտարապետության հետ որևէ կապ չունեն: Արդյունքում ունենք ապականված քաղաքներ, որոնք խելքի բերելու միակ միջոցը 1990-ականներից հետո կառուցված բոլոր այլանդակ շինությունների անխտիր քանդելն է՝ անկախ դրանց չափերից:

Այստեղ սկսվում է հասկանալի դիմադրություն այդ բուդկաների տերերի կողմից: Փոքրերը հացի խնդրից են խոսում, մեծերը՝ սեփականության իրավունքից և այլն:

Բայց նրանք մոռանում են, որ իրենց շինությունները կառուցված են հասարակությանը, պետությանը պատկանող տարածքների վրա:

Մարդկանց կարելի է հասկանալ, բոլորն էլ ցանկանում են աշխատել, գույք ունենալ, դա թողնել իրենց ժառանգներին...

Ինչպե՞ս պետք է ժամանակին լուծվեին գործարար մարդկանց պահանջները: Եթե մեր պետության, քաղաքների ու գյուղերի ղեկին նստած չլինեին բուդկչի փնթիներ, իրավիճակը կլուծվեր կոնցեպտուալ եղանակով: Կմշակվեին քաղաքների զարգացման քաղաքաշինական ու ճարտարապետական ծրագրեր: Համայնքային հողերը աջ ու ձախ աննպատակ, կոպեկներով չէին վաճառվի, և յուրաքանչյուր գյուղում ու քաղաքում կձևաորվեին առևտրի, ռեստորանների, ավտոսերվիսների և ծառայության ոլորտի տարբեր փողոցներ, կենտրոններ: Դա ձեռնտու կլիներ թե՛ տնտեսվարողներին, թե՛ հասարակությանը, և մեր քաղաքները չէին ոչնչացվի, կունենային զարգացման հեռանկար:

Սովետն այդ առումով թողել էր բավականին լավ հիմքեր: Յուրաքանչյուր թաղամասում, բնակչության թվից և աճից ելնելով, կառուցվել էր համապատասխան կինոթատրոնը, մշակույթի տունը, կենցաղի տունը, խանութները, այգիները, մայթերը, ճանապարհները և այլն:

Բայց մեր իշխող բուդկչիները սեփական համայնքներում ծախեցին հնարավոր ամեն ինչ, մայթ, այգի, ճանապարհ, շուկա, ցանկացած տիպի հողամաս: Նույնիսկ Փարիզում, Մոսկվայում ու Լոնդոնում գյուղմթերքի ֆերմերային շուկաներ կան, բայց մեր նույնիսկ փոքր քաղաքներում այդ շուկաները ոչնչացվեցին, մեր գյուղացին իր ապրանքը վաճառելու տեղ չունի...

Բուդկչիությունը վերածվել է մենթալիթետի, աշխարհին մենք նայում ենք բուդկչու աչքով, մի քանի տարի հեռուն նայելու, վերլուծելու և պլանավորելու կարողությունից զուրկ ենք: Գավառական դեմոկրատիա ենք խաղում: Աշխարհի տարբեր քաղաքներում, Փարիզում ու Պոլսում հայ ճարտարապետները հետք են թողել, նրանց տեղ են տվել ու մեծարել են, բայց Հայաստանում հայ ճարտարապետն ու ճարտարապետությունը անտեսված ու արհամարված է...

Արդյունքում անելանելի վիճակում ենք, մանր-մունր բուդկա քանդելով քաղաքաշինական հարցերը չեն լուծվելու: Մենք մոտենում ենք մի վիճակի, երբ ստիպված ենք լինելու քանդել ամբողջը և կառուցել զրոյից՝ գրեթե բոլոր քաղաքները: Բայց մենք նման պոտենցիալ էլ չունենք, Սովետը չլիներ, գուցե Երևանը մի մեծ Կոնդ էլ մնար՝ իր անվերջանալի ֆավելաներով:

Բուդկչիությունը բացահայտ ամբարտավանություն է, արհամարհանք սեփական համաքաղաքացիների ու պետության նկատմամբ: Բուդկչիությունը ամենուր է՝ դպրոցում, բանակում, հիվանդանոցում, ամենուր...

Արա Արայան

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ