«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ռուս-ուկրաինական պատերազմի նոր դիվանագիտական խաղը

Ռուս-ուկրաինական պատերազմի նոր դիվանագիտական խաղը
12.10.2026 | 13:00

Ռուս-Ուկրաինական պատերազմի հոկտեմբերի 10-11-ի իրադարձություններում առանձնանում է երկու զուգահեռ զարգացում՝ ռազմաճակատում շարունակվող արյունալի պայքարը և Վաշինգտոնի նոր փորձը՝ ազդելու պատերազմի ընթացքի վրա։ Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի հարվածը Զապորոժիեին հանգեցրել է բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան․ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաջորդ օրը հայտարարել է 23-ի, այդ թվում՝ չորս երեխայի մասին։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարի մասին, սակայն Կիևը նշել է, որ դեռ սպասում է դրա պաշտոնական մանրամասներին և Մոսկվայի հստակ հաստատմանը։ Այսինքն՝ առայժմ գործ ունենք ոչ թե հաստատված և գործող համաձայնության, այլ քաղաքական հայտարարության հետ։

Իրականում վերջին զարգացումների ամենակարևոր կողմը Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունն է։ Թրամփը փորձում է միաժամանակ առաջ մղել խաղաղության օրակարգը և նվազեցնել էներգակիրների գները՝ Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության միջոցով։ Սակայն սա ստեղծում է հակասություն․ Մոսկվայի հետ տնտեսական գործարքները կարող են մեղմացնել Ռուսաստանի վրա ճնշումը հենց այն ժամանակ, երբ Ուկրաինան փորձում է սահմանափակել ռուսական ռազմական մեքենայի ֆինանսական հնարավորությունները։ Հոկտեմբերի 9-ի Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո Կիևը դժգոհություն է հայտնել, իսկ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչները Մայամիում քննարկել են միասնական խաղաղության առաջարկի մշակումը։ Այս ամենը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը չի դադարել, բայց կողմերի պատկերացումները ցանկալի արդյունքի մասին դեռ էապես տարբերվում են։

Ռազմական առումով պատկերը նույնպես միանշանակ չէ։ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքներին՝ փորձելով ոչ միայն վնասել տնտեսությանը, այլև նվազեցնել պատերազմի ֆինանսավորման հնարավորությունները։ Իհարկե սա հետաքրքիր ռազմավարություն է և գնալով սրա արդյունավետությունը բարձրանում է։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը շարունակում է օգտագործել անօդաչու թռչող սարքերն ու կառավարվող ավիառումբերը՝ Ուկրաինայի քաղաքներին և ենթակառուցվածքներին հարվածելու համար։ Ռազմավարական առումով սա նշանակում է, որ պատերազմը գնալով ավելի շատ վերածվում է տեխնոլոգիական և տնտեսական մաշման մրցակցության, որտեղ միայն առաջնագծում գրաված տարածքները չեն որոշելու վերջնական արդյունքը։

Ի՞նչ սպասել առաջիկայում։

Մոտ ժամանակներս համապարփակ խաղաղության համաձայնության հավանականությունը մնում է ցածր։ Ավելի իրատեսական է սահմանափակ, մասնավորապես էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դադարեցման շուրջ պայմանավորվածության փորձը։ Սակայն դրա հաջողությունը կախված կլինի փոխադարձությունից և վերահսկման մեխանիզմներից։ Եթե Ռուսաստանը չհաստատի հրադադարը կամ շարունակի հարվածները, Ուկրաինան դժվար թե հրաժարվի ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելու իր լծակից։ Իսկ եթե Վաշինգտոնը թուլացնի ճնշումը Մոսկվայի նկատմամբ՝ առանց Կիևի համար բավարար երաշխիքների, դա կարող է ավելի բարդացնել բանակցությունները։ Ռազմաճակատում, իր հերթին, առավել հավանական է շարունակվող մաշման պատերազմը՝ տեղային առաջխաղացումներով, հեռահար հարվածներով և հակաօդային պաշտպանության շուրջ մրցակցությամբ։

Հատկանշական է, որ Թրամփի և Զելենսկու հարաբերությունները կրկին լարվել են, Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր նախագահ, քանի որ գործող նախագահ Զելենսկին մի քանի անգամ բաց է թողել հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները:

Սրան զուգահեռ առաջիկայում կարող է լինել ամերիկացի բանագնացների այց Մոսկվա նոր բանակցություններ սկսելու համար:

Իսկ եվրոպացի առաջնորդները միաժամանակ նշեցին, որ չեն պատրաստվում դադարեցնել կամ թուլացնել աջակցությունը Կիևին:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ նկատվում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների թուլացում Ռուսաստանի նկատմամբ, և նոր բանակցային գործընթացի վերսկսում:

Ակնարկ Քաղաքականություն

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ