«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Այսօր քաղաքական դաշտը շարժվում է մի լուռ համաձայնությամբ՝ ընտրողին չծանրաբեռնել գաղափարներով

Այսօր քաղաքական դաշտը շարժվում է մի լուռ համաձայնությամբ՝ ընտրողին չծանրաբեռնել գաղափարներով
12.04.2026 | 14:44

Ես քաղաքական մարդ եմ իմ ողջ բնութով ու սկզբունքներով: Դրանով զբաղվում և այն ուսումնասիրում եմ երկու տասնամյակից ավել: Քաղաքականությունը ինձ համար էպիզոդիկ զգաղմունք կամ հոբբի չէ: Այն իմ մասնագիտությունն է, և ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ սիրում և հարգում եմ իմ մասնագիտությունը, նրա օրենքները և հատկապես այդ օրենքները իգնոր անողների բազմաթիվ ձախողված քաղաքական ճակատագրեր եմ տեսել: Ես քաղաքականությունը դիտարկում հենց քաղաքական, այլ ոչ՝ ապաքաղաքական պրիզմայով, և դա է ճիշտ ճանապարհը, ոչ թե դրա մեջ արագ մտնելն ու նույքան արագ դուրս գալը, ինչը այսօր անխուսափելիորեն տեղի է ունենալու շատերի հետ, ովքեր դրա մեջ ապաքաղաքական մտել են, բայց ցավոտ քաղաքական էլ դուրս են գալու անխուսափելիորեն (հիշեք քաղաքական օրենքների իգնորի դաժան դասը):

Ուստի ես, ի տարբերություն շատ շատերի, կարող եմ ինձ թույլ տալ խոսել այն ամենից, ինչը համարում եմ ամենաէականը այսօրվա «քաղաքական մրցարշավում»՝ խորքային առումով:

Նախընտրական ժամանակահատվածում քաղաքականությունը գրեթե միշտ պարզեցվում է։ Ես կասեի՝ երբեմն իջեցվում է մինչև կենցաղի մակարդակ։ Սա ընդունված տեխնոլոգիա է՝ խոսքը դարձնել հասկանալի, միտքը՝ արագ ընկալվող։ Բայց Հայաստանում այս գործընթացը վաղուց անցել է իր բնական սահմանը, և պարզեցումը վերածվել է համատարած ապագաղափարականության։

Այսօր քաղաքական դաշտը շարժվում է մի լուռ համաձայնությամբ՝ ընտրողին չծանրաբեռնել գաղափարներով։ Արդյունքում՝ բոլորը խոսում են նույն՝ սոցիալական, կենցաղային, իրավիճակային թեմաներով։ Բոլորը խուսափում են հստակ գաղափարական դիմագծից։ Բոլորը փորձում են հասկանալի լինել՝ զիջելով բովանդակությունը։

Բայց հենց այստեղ է հանգույցը։ Երբ ամբողջ դաշտը հրաժարվում է գաղափարից, նա ինքնակամ տեղափոխվում է մի տարածք, որտեղ խաղի կանոններն արդեն ձևավորված են։ Եվ այդ խաղի լեզուն պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Ոչ այն պատճառով, որ նա ունի գաղափարական խորք, հակառակը, որովհետև նա քաղաքականությունը հասցրել է մի վիճակի, որտեղ գաղափարի բացակայությունն ինքնին դարձել է գործիք, որտեղ պարզեցված, արագ սպառվող, հուզական հաղորդագրություններով կառուցված համակարգը, լինի դա սխալ, ճիշտ, կիսաճիշտ, նրա բնական միջավայրն է։

Եվ այստեղ առաջանում է այն հարցը, որից քաղաքական դաշտը խուսափում է։

1. Ինչպե՞ս մրցել մի դաշտում, որտեղ քո մրցակիցը սահմանափակում չունի։

2. Ինչպե՞ս հաղթել մի լեզվով, որը քոնը չէ։

3. Ինչպե՞ս տարբերակվել, եթե բոլորը հրաժարվել են տարբերությունից։

Երբ դու հրաժարվում ես գաղափարից, իսկ մյուսը հենց այդ բացակայության վրա է կառուցել իր ամբողջ քաղաքական մեխանիզմը, դու այլևս չես մրցում։ Դու մտնում ես մի խաղ, որտեղ նա ունի ոչ թե առավելություն, այլ՝ բնական գերակայություն։

Ահա թե ինչու մեր քաղաքական դաշտը գնալով նմանվում է ոչ թե մրցակցային համակարգի, այլ՝ նույն լեզվով խոսող դերակատարների բազմության։ Տարբերությունը մնում է ոչ թե բովանդակության, այլ միայն տոնի, ձևի և սկզբունքայնության մակարդակում և՝ ոչ ավել, չեմ խոսում գաղափարականության մասին:

Եվ այստեղ է այն հարցը, որը շարունակում եմ հնչեցնել, բայց առանց որի այս ամբողջ գործընթացը դատապարտված է ինքնակրկնության։

Ո՞վ է Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապանը։

Ո՞վ է այն քաղաքական ուժը, որը չի սահմանափակվում ընտրություններին մասնակցելով, այլ հստակ ասում է՝ ինչ պետություն է պահում, ինչ ինստիտուտներ է պաշտպանում՝ ինչ սահմանների և ինչ սկզբունքների վրա։

Ո՞վ է ՀՀ-ի պահպանողականը՝ ոչ թե ուժեղը, ոչ թե նախկինը, ոչ թե ապագան, ոչ թե նորը, ոչ թե հզորը, ոչ թե ժողովրդավարականն ու ժողովրդականը, այլ՝ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆԸ:

Ո՞վ է այն ուժը, որը դուրս կգա այս կենցաղայնացված քաղաքականությունից և քաղաքականությանը կվերադարձնի նրա բնական բովանդակությունը՝ գաղափար, համակարգ, պատասխանատվություն։

Ո՞վ է այն ուժը, որը չի վախենա «ծանրացնել» խոսքը, հասկանալով, որ առանց այդ ծանրության ընտրությունը դադարում է լինել գիտակցված և վերածվում է պարզապես արձագանքի՝ իշխանությանը, որը իր ողջ բնույթով, կոնստիտուցիայով և պատվերով հակապահպանողական է, քանդող է, և դա ապացուցում է ամեն օր:

Այսօր քաղաքական դաշտի առաջ կանգնած է հենց այս ընտրությունը։

Ոչ թե՝ ով որքան ձայն կհավաքի,

Այլ՝ ո՞վ կհամարձակվի դուրս գալ ապագաղափարական հարմարավետությունից և իր վրա վերցնել պետականության պահապանի պատասխանատվությունը:

Եթե այս հարցին պատասխան չլինի, ապա «ով է քանդողը» հարցը կկորցնի իր իմաստը, որովհետև պահապան չունեցող պետության մեջ քանդումը դառնում է ոչ թե գործողություն, այլ վիճակ, որի մաս ինքնաբերաբար դառնում է նաև նա, ով դեմ էր դրան, բայց, բացի դեմ լինելուց, այլ ռեալ գաղափարական հենք ու հիմք չստեղծեց կամ վախեցավ էլեկտորալ կորստից և արդյունքում կորցրեց նույնիսկ իր էլեկտորալ բազան:

P.S. Կներեք, որ ծանրաբեռնեցի: Բոլորը սպասում են Իրանի անկմանը: Իրանը չի ընկնում, որովհետև բոլոր վերը նշված հարցերի պատասխանը աներկբա ունի և տալիս է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 213

Մեկնաբանություններ