Վերջերս ստեղծվեց ճարտարապետության պետական կոմիտեն։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նորաստեղծ այդ կոմիտեն (նախագահ Նարեկ Սարգսյան), իրականում ոչինչ էլ չի տա ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը։ «Նարեկ Սարգսյանի բարձրացրած խնդիրների լուծման համար հարկավոր չէր կոմիտե ունենալ։ ՈՒղղակի քաղաքաշինության նախարարությունը պետք է արդյունավետ աշխատեր և ունենար ճկուն համակարգ։ Կարելի է, իհարկե, որոշ օպերատիվ ժամանակավոր միավորներ ստեղծել, որպեսզի օգնող ուժ հանդիսանա տարբեր նախարարություններում կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց սա այդ տարբերակը չէ։ Նարեկ Սարգսյանը գերկառույց ստեղծելու մտադրություն ունի, ի դեպ, մինչև անգամ քաղաքաշինության նախարարությունը կիսելու։ Հնարավոր է նաև՝ մտադրություններ կան այդպիսով քաղաքաշինության նախարարությունը մասնակիորեն վերցնել ՕԵԿ-ից։ Նարեկ Սարգսյանը նաև մատնանշում է, որ կան խնդիրներ, որոնք միաժամանակ մի քանի նախարարությունների հետ կապ ունեն, և ճարտարապետության կոմիտեն պետք է միավորի նախարարությունները, որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի։ Բայց բոլոր խնդիրներն են բազմաոլորտային, և նախարարություններն իրենք պետք է մշակեն այդ միջգերատեսչական մեխանիզմը, այլ ոչ թե ամեն տեղ ստեղծվեն նոր կառույցներ՝ նախարարությունների միջև հարցերը լուծելու համար։ Ասեմ ավելին, այդ ստեղծված կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մեթոդաբանական և իրավաբանական բնագավառներից շատ հեռու մարդ է, և ճարտարապետության ու քաղաքաշինության մեջ առաջնորդվում է «խաղեր առանց կանոնների» մեթոդով՝ աշխատելով մակերեսորեն։ Դա է նաև պատճառը, որ կոմիտեի աշխատանքն ընդհանրապես էական արդյունք չի գրանցի»,- նշում է Մարիամ Խաչատրյանը։
Մասնագետը նաև հարցադրում է՝ ինչպե՞ս կարելի է ճարտարապետության զարգացումը և կանոնակարգումը վստահել մի մարդու, ով ճարտարապետությունը քանդում, ավերում է. «Արևմուտքում ասում են՝ քանդողն ավելի լավ գիտի վերականգնելու ուղիները, քանի որ ինքն է քանդել։ Բայց քանի որ մենք քաղաքակիրթ երկրում չենք, քանդող Նարեկ Սարգսյանն էլ սովետական քանդող է և առաջ է շարժվում «բուլդոզերներ, առաջ» կարգախոսով, ասել է թե՝ չգիտի՝ ինչ արժեքներ է ոչնչացնում, ոչ թե վերակառուցում, այլ ոչնչացնում է Երևանի առանց այն էլ փոքրաթիվ հուշարձանները, հին քաղաքը, սոցիալական միջավայրն ընդգծող շենքերն ու տարածքները։ Ավելին, հնարավոր է՝ Նարեկ Սարգսյանը ճարտարապետական կոմիտեի շնորհիվ ամենուրեք իր ճարտարապետական և քաղաքաշինական սկզբունքներն ու նորմերը սկսի տարածել (ամրագրելով դրանք օրենքներով), որոնք զուրկ են հիգիենիկ, սեյսմիկ, էսթետիկ լինելուց, էլ ավելի են բեռնավորում տարածքները և զրկում շարժունակությունից»։
Մարիամ Խաչատրյանն ընդգծում է նաև, որ այսօր բացահայտ ասվում է, որ Նարեկ Սարգսյանը ցանկանում է քաղաքաշինության նախարարությունից իր կոմիտե տանել ճարտարապետական վարչությունը։ Այդ վարչությունը զբաղվում է «ՀՀ ճարտարապետության բնագավառի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացմամբ, պետական քաղաքաշինական և զարգացման ծրագրերի մշակմամբ, քաղաքաշինական ոլորտի զարգացումն ապահովող ու գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմամբ և դրանք ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելով»։ Քանի որ այդ կոմիտեն մտադիր է լայն լիազորություններ ունենալու, նշանակում է՝ Նարեկ Սարգսյանի լիազորությունների շրջանակներում են հայտնվելու հատուկ նշանակության (և ոչ միայն) շենքերն ու քաղաքային տարածքները։ «Ավելին, հատուկ կարգավորման օբյեկտների քանակը կարող է ավելանալ առանց խնդիրների։ Նաև բոլոր երկրներում կառավարական և մեծ պետական շենքերը հանդիսանում են հատուկ կարգավիճակ ունեցող օբյեկտներ, և այսպիսով Հանրապետության հրապարակի կառույցների, ինչպես նաև ամբողջ տարածքի վերակառուցումը, քանդումը Նարեկ Սարգսյանը կարող է իրականացնել առանց խոչընդոտների։ Մյուս խնդիրը, որ սկսում է առաջ գալ, գլխավոր ճարտարապետի պաշտոնն ընդհանրապես վերացնելն է։ Եթե դա մոտ ապագայում արվեց, ուրեմն Նարեկ Սարգսյանն է լինում միակ պատասխանատուն այդ բնագավառում և դառնում է գերհզոր մի անձ։ Եթե նկատեք, շատ լրագրողներ սկսել են այդ ուղղությամբ աշխատել և ներկայացնում են տարբեր երկրների քաղաքաշինական պրակտիկաները՝ նշելով, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնն ավտորիտար, խորհրդային, պլանավորման համակարգ ունեցող երկրների համար է։ Գուցե գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է վերանա, բայց այդ պաշտոնը պետք է փոխարինվի ապակենտրոնացված կառույցներով և իրավաբանական մշակված քաղաքների քաղաքաշինական օրենքներով ու նորմերով, այլ ոչ թե մի գերկառույցով, ինչպիսին է ճարտարապետության կոմիտեն ու իր նախագահ Նարեկ Սարգսյանը՝ իրենց կենտրոնացված որոշումներով և իրենց կողմից քաղաքների քաղաքաշինական գործնական փաստաթղթերի մշակմամբ»,- նշում է Մարիամ Խաչատրյանը։ Նա նաև նկատում է, որ եթե պետք է վերացվի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ապա դրա հետ մեկտեղ պետք է վերացվեն շատ ու շատ բաներ, որոնք նույնպես ավտորիտար պլանավորման համակարգում են եղել։ Օրինակ, գլխավոր հատակագիծը պետք է փոխարինվի այլ, ճկուն փաստաթղթերի համակարգով, որպեսզի լինի գործող փաստաթուղթ, այլ ոչ թե մնա թղթի վրա, կամ էլ ճարահատյալ շեղումներ անեն գլխավոր հատակագծից, կամ էլ կյանքի կոչեն ամեն գնով։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ