Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ նախաձեռնել էին Հայաստանի միգրացիոն պատճառների վերլուծություն, որը հիմնված էր «Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոն-Հայաստան»-ի կողմից մեր հանրապետությունում անցկացված սոցիոլոգիական հարցումների բազայի վրա։ Ինչպես մեզ հետ զրույցում նշում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության թեկնածու ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, վերլուծությամբ փորձել են բացահայտել միգրացիոն հիմնական միտումներն ու դրդապատճառները։ Հիմնական շեշտադրումն արվել է տնտեսական և ոչ թե սոցիալ-հոգեբանական գործոնների վերլուծության վրա։ Առանձնացվել է չորս հիմնական գործոն՝ փորձելով հասկանալ դրանց ազդեցությունն անհատի միգրացիոն վարքի դրսևորումների վրա։ Ըստ Կառլեն Խաչատրյանի՝ առաջին գործոնը սեռն էր, երկրորդը՝ աշխատանքի առկայությունը, երրորդը՝ կրթական մակարդակը, և չորրորդ գործոնը՝ եկամուտների մակարդակը։ Բոլոր հարցվածները բաժանվել են երկու խմբի՝ մարդիկ, ովքեր գոնե երեք ամիս արտասահմանում վարձատրվող աշխատանք են կատարել և վերադարձել։ Վերջիններիս միտումներն էապես տարբերվում էին այն մարդկանց միգրացիոն հակումներից, ովքեր երբևէ արտասահմանում որպես աշխատանքային միգրանտ չեն եղել։ Կ. Խաչատրյանը նշում է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սեռն էական նշանակություն ունի թե՛ առաջին, թե՛ երկրորդ խմբի համար. «Պարզապես եթե երբևէ չմեկնած միգրանտների պարագայում առավել հակված են տղամարդիկ մեկնելու, ապա վերադարձած էմիգրանտների պարագայում կանանց մեջ երկիրը լքելու ցանկությունն ավելի մեծ է։ Դա ինչ-որ չափով պայմանավորված է ընտանիքի վերամիավորման խնդրով։ Հետազոտությունը ցույց տվեց, որ կրթական մակարդակը որևէ նշանակություն չունի. թե՛ բարձրագույն կրթություն ունեցողների, թե՛ չունեցողների մեջ մեկնելու ցանկությունը հավասար է։ Հետաքրքիր արդյունք տվեց աշխատանք ունենալու գործոնի վերլուծությունը։ Ընդ որում, մենք դիտարկել ենք և՛ աշխատանքի առկայությունը, և՛ այն մարդկանց, ովքեր մեկից ավելի տեղ են աշխատում։ Այդպիսով փորձել ենք հասկանալ՝ արդյոք մի քանի տեղ աշխատելն ինչ-որ չափով նվազեցնո՞ւմ է միգրացիոն հակվածությունը։ Այստեղ էական տարբերություն կա մեկնածների և չմեկնածների միջև։ Վերադարձած էմիգրանտները, եթե վերադառնալուց հետո Հայաստանում աշխատանք են գտնում, ավելի դժկամորեն են ցանկություն հայտնում երկիրը լքելու, ինչը չես ասի պոտենցիալ էմիգրանտների պարագայում, ովքեր անկախ նրանից` աշխատանք ունեն, թե ոչ, մտածում են երկիրը լքելու մասին։ Այստեղ, մեր դիտարկմամբ, ոչ լիարժեք պատկերացում կա արտասահմանի աշխատանքային շուկայի վերաբերյալ։ Այն մարդը, ով երբևիցե արտասահմանում աշխատանքային հարաբերություններ չի ունեցել, ամեն ինչ իդեալական է պատկերացնում։ Մինչդեռ վերադարձած և աշխատանք գտած միգրանտները ցանկություն չեն հայտնում Հայաստանից մեկնելու, քանի որ քաջ գիտակցում են, որ Հայաստանում առկա խնդիրները կան նաև դրսում»։
Ինչ վերաբերում է 1-ից ավելի տեղերում աշխատողներին, ապա մեր զրուցակիցը նշում է, որ վերջիններիս մեջ մեկնելու ցանկությունը փոքր-ինչ ցածր է։ Նրանք եկամուտների որոշակի մակարդակ ունեն, ինչը բավարար է ընտանիքի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար։ Հետևաբար դուրս գալու ցանկությունն էլ մեծ չէ։ Կ. Խաչատրյանը, խոսելով ընդհանուր միտումներից, նշեց, որ աշխատաշուկան իրականում միգրացիոն հակվածության վերաբերյալ լուրջ ինդիկատոր կարող է հանդես գալ. «Հայաստանի աշխատաշուկայում դրական զարգացումները կարող են էապես զսպել մարդկանց միգրացիոն հակումները։ Իհարկե, շատերը խոսում են նաև արդարության պակասից, կոռուպցիայից, բայց երբ նայում ենք միգրացիոն հոսքերը, ապա մարդկանց ճնշող մասը գնում է Ռուսաստան, որը Հայաստանից օրինականության, կաշառակերության առումով շատ բանով չի տարբերվում։ Հետաքրքիր մի փաստ ևս. հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստան վերադառնալիս էմիգրանտների ճնշող մեծամասնության մոտ մինչև 1000 դոլարին համարժեք դրամ է եղել։ Ըստ էության, դրսում նրանք ընդամենն օրվա հացի խնդիր են լուծում։ Մինչդեռ մեկնելիս մեծ հույսեր են ունեցել»։
Կ. Խաչատրյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ երբևէ երկիրը չլքածների 34 տոկոսը նշել է, որ հնարավորություն ունենալու դեպքում պատրաստ է հեռանալու Հայաստանից, ինչը բավականին մեծ ցուցանիշ է։ Ընդ որում, նրանց մոտ 80 տոկոսն ամեն ինչ անում է առաջիկա 2 տարում երկիրը լքելու համար։
Մարդկանց այս տրամադրվածությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Գուցե կարճաժամկետ հատվածում շոշափելի չեն հետևանքները, սակայն երկարաժամկետ հատվածում լուրջ ժողովրդագրական խնդիրների առաջ կկանգնեցնի։
Տնտեսագետների վերլուծությունը՝ որպես գիտական հետազոտություն, տպագրվել է և առաքվել պատկան մարմիններին՝ ՀՀ ԱԺ, կառավարություն և այլն։ Առանձին մասով հեղինակներն անդրադարձել են նաև պետական քաղաքականության առնչություններին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ