Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Մամուլն այսօր խնդիրներ ունի հայոց լեզուն անաղարտ պահելու հարցում»

«Մամուլն այսօր խնդիրներ ունի հայոց լեզուն  անաղարտ պահելու հարցում»
17.10.2014 | 11:09

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է Հայկական մամուլի օրը: Մասնագիտական այս օրվա ակունքները գնում են դեպի 1794 թ. հոկտեմբերի 16, երբ Մադրասում (Հնդկաստան) տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Լույս է տեսել պարբերականի 18 համար: Ի հիշատակ այդ օրվա՝ 2004 թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր:
Այսօրվա հայկական մամուլի մասին զրուցեցինք Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ: Վերջինս, գնահատելով վերջին 10 տարիներին հայաստանյան մամուլի զարգացումները, այն համարեց բարելավված այն առումով, որ անընդհատ մեծանում է լրատվադաշտը: Աստղիկ Ավետիսյանը նաև նշեց որակի պակասի մասին. «Եթե նախկինում ավելի քիչ էին լրատվամիջոցները, և ավելի շատ հնարավորություն կար սրբագրվելու, խմբագրվելու, ապա այսօր էլեկտրոնային մամուլը բավականին արագ, օպերատիվությունը չկորցնելու համար նյութերը տեղադրում է, և այստեղ մենք որակային բավականին լուրջ խնդիր ենք ունենում, հատկապես հայոց լեզվի անաղարտ պահպանման հետ կապված: Թիվ մեկ խնդիրը սա է: Եվ երկրորդ՝ լրագրողի կերպարն է կորչում, որովհետև ցանկացած ոք կարող է դառնալ լրագրող՝ որևէ կարծիք հայտնելով: Այդ առումով խնդիր կա լրագրողական կրթությունն առավելապես ամրապնդելու և լրատվադաշտում ունենալու իսկապես արհեստավարժ լրագրողներ: Եթե գործ է արվում, պետք է արվի արհեստավարժ: Այդ առումով դիլետանտներ են հայտնվել ոլորտում, ինչը խնդիր է առաջացրել: Եթե նախկինում լրագրողը որևէ նյութ պատրաստելու համար պարտադիր պետք է վերցներ երկու աղբյուրի ինֆորմացիա և, երկու կողմի կարծիքները վերլուծելով, մեկնաբանություն աներ, այսօր մենք տեսնում ենք, որ ցանկացած նյութ կարող է տեղ գտնել մամուլում»:
Մեր հարցին, թե, ի վերջո, խմբագիրներն են ընտրում խաղի կանոնները ու պահանջ ներկայացնում լրագրողներին, Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ կան շատ խմբագիրներ, որոնք, չունենալով լրագրողական կրթություն, բայց ունենալով ֆինանսավորում, կարողանում են ստեղծել թերթ կամ լրատվամիջոց և լրագրողներին ուղղորդել այնպես, ինչպես ֆինանսավորողն է պահանջում: Այստեղ նույնպես ունենում ենք մասնագիտական կորուստ:
Մեր զրուցակիցը նկատեց, որ լրագրության առաջին պայմանն է՝ սկզբունքայնորեն և չեզոք լուսաբանել իրավիճակը, ինչը մեր օրերում գրեթե չենք տեսնում, և նույն արշինով ենք չափում արհեստավարժին ու ոչ արհեստավարժին:
Աստղիկ Ավետիսյանը նշեց նաև, որ մուլտիմեդիայի դարաշրջանում ձևավորվել է մուլտիմեդիա լրատվությունը: «Այդ առումով, կարծես, ռադիոն, հեռուստատեսությունն ու մամուլը հայտնվում են մի տեղում: Աշխարհը քիչ-քիչ գնում է մեդիահոլդինգների ստեղծման. մի քանի փոքր խմբագրություններ ի վերջո միավորվելու են, և ստեղծվելու է մեկ հզոր համակարգ»,- եզրափակում է մեր զրուցակիցը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ