Օրերս մամուլում արծարծվեց այն թեման, թե մաքսազերծման գործընթացներում վերահսկվող ապրանքների նույնականացման փորձաքննությունը, որ գործում է կառավարության 2009թ. որոշմամբ, ապրանքներ ներկրողների համար բարդություններ է առաջացնում: Բացի այդ, երկակի նշանակության ապրանքների փորձաքննության մենաշնորհ կա դաշտում, և այդ փորձաքննությունն իրականացնում է «Էն-Փի-Սի» կազմակերպությունը, որի տնօրենը, ըստ հրապարակումների ՀՀ ոստիկանության պետի ազգական է։
Նշված թեմաների շուրջ մենք զրուցեցինք «Էն-Փի-Սի»-ի տնօրեն Կարեն Գասպարյանի հետ, ով նշեց, որ ոչ մի բարեկամական կապ չունի Վլադիմիր Գասպարյանի հետ, ավելին՝ երբևէ շփում չի ունեցել վերջինիս հետ։
Ինչ վերաբերում է վերահսկվող ապրանքների փորձաքննության ոլորտում ունեցած մենաշնարհին, ապա Կարեն Գասպարյանը նկատեց, որ նշված ոլորտում այս պահին գործում է երեք կազմակերպություն։ Բացի «Էն-Փի-Սի»-ից, «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ն, որն ունի նույն գործառույթները, և ՀՀ ՊՆ համապատասխան ՊՈԱԿ-ը, որը ռազմական ապրանքների փորձաքննություն է իրականացնում։ Այս պահին հավատարմագրման գործընթացում է գտնվում ևս մեկ կազմակերպություն՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն, որը մոտ մեկ ամսից արդեն կսկսի իր աշխատանքները։
Կարեն Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտահանման վերահսկողության գործընթացը միջազգային պահանջ է։ «Հայաստանի Հանրապետությունը 1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո երկրորդ փաստաթուղթը որ ստորագրել է, եղել է Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին փաստաթուղթը։ ՀՀ-ն ստանձնել է միջազգային պահանջը կատարելու պարտավորություն և զբաղվել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրներով։ Այսօր արդեն Հայաստանը այս ոլորտում ստորագրել է մի շարք պայմանագրեր, կոնվենցիաներ, աշխատում է ՄԱԿ-ի 15-40 բանաձի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ռազմական և երկակի նշանակության ապրանքների ցանկերին, ապա դրանք միջազգային են, այսպես կոչված, Վասենարի համաձայնագրով ամրագրված ցանկերը։ Դրանք որևէ լուրջ փոփոխության չեն կարող ենթարկվել։ Այդ ցանկերը մշակված են միջազգային կազմակերպությունների կողմից։ Հայաստանում դրանք թարգմանվել են հայերեն և տեղայնացվել։ Ապրանքային ցանկի մասով որևէ փոփոխություն անել հնարավոր չէ։ Այդ դեպքում չեն համապատասխանի եվրոպականին, ինչը կհանգեցնի խնդիրների, կապերի խզման և այլն»։
Կարեն Գասպարյանը նշեց, որ փորձաքննությունը մեկ ապրանքատեսակի համար արվում է մեկ անգամ։ Եթե մեկ կազմակերպություն նույն ապրանքն է ներմուծում կամ արտահանում, ապա այդ կազմակերպությունը, մեկ անգամ ստանալով ապրանքի համար եզրակացություն, այլևս փորձագետին դիմելու որևէ կարիք չունի։ «Փորձագիտական եզրակացությունն անժամկետ է։ Եթե տվյալ ապրանքն այսօր երկակի կամ ռազմական նշանակության չէ, ապա վաղն այն չի կարող փոխել իր նշանակությունը։ Փորձաքննությունը մեր կազմակերպության կողմից իրականացվում է առանց որևէ դժվարության։ Մենք ունենք պրակտիկա, որ մաքսային կառույցների էլեկտրոնային հայցերին անվճար տրամադրում ենք էլեկտրոնային պատասխան։ Եթե ապրանքն ակնհայտ կենցաղային է, ասենք, սովորական հեռակառավարման վահանակ է կամ հեռախոսի լիցքավորման սարք և այլն, ապա ընդհանրապես մեզ մոտ գալու կարիք չկա։ Իսկ եթե նամակ չի ուղարկվում մաքսային ծառայություններից, ապա մեր կենտրոնում մեկ օր է տևում փորձաքննությունը, որի արժեքն ընդամենը 3000 դրամ է։ Մենք փորձել են հնարավորինս հեշտացնել գործընթացը»,- նշեց Կարեն Գասպարյանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ