Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն 10 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է մեկ կանոնավոր ծխող մարդ (2020 թվականին այս ցուցանիշը կարող է փոխվել. մահ՝ ամեն 3 վայրկյանը մեկ):
Հայաստանում ծխում է ամեն 3-րդ մարդը՝ 37,2 տոկոսը։ Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են։ Հանրապետության կանանց 7,4 տոկոսն է ծխում, տղամարդկանց՝ 63,5 տոկոսը։ Վերջին տարիներին ավելացել է ոչ միայն ծխող կանանց թիվը, այլև այն կանանց, ովքեր ծխում են հասարակական վայրերում։ Այսինքն, այս հարցում կանայք ավելի համարձակ են դարձել։ Մենք պատկանում ենք այն հասարակությունների թվին, որ անընդունելի են համարում կանանց ծխելու փաստը. նման կարծիք ունի հարցվածների 73,9 տոկոսը, ընդ որում, այս թվի մեջ մեծ մաս են կազմում տղամարդիկ։ Այս տվյալները ՀՀ 1600 քաղաքացիների շրջանում վերջերս իրականացված հարցումների արդյունքներն են։ Հետազոտությունն իրականացրել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն։ Նշենք, որ հարցվածների 53,2 տոկոսը տղամարդիկ են, 46,8 տոկոսը՝ կանայք։
Ծխողների քանակը՝ ըստ տնային տնտեսությունների. 74,4 տոկոս ընտանիքներում կա գոնե մեկ ծխող, 25,6 տոկոսում ծխողներ չկան։ Այն ընտանիքներում, որտեղ գոնե մեկ հոգի ծխում է, միջին հաշվով 5 մարդ է ապրում։ Սա նշանակում է, որ մյուս չորսը ենթարկվում են երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը։
89,4 տոկոսը կարծում է, որ, այնուամենայնիվ, երկրորդային ծուխը վնասակար ազդեցություն է թողնում առողջության վրա, սակայն շարունակում է ծխել։ Այն տնային տնտեսություններում, որտեղ չեն ծխում, մոտեցումն այլ է. փորձում են հնարավորինս հեռու պահել իրենց հարազատներին ծխից, նույնիսկ արգելում են հյուրերին ծխել իրենց տանը։
Օրը մի քանի անգամ սենյակում ծխում է ծխողների 67,7 տոկոսը։ Օրը մեկ անգամ ծխում է մոտ 11 տոկոսը, շաբաթը մեկ-երկու անգամ՝ 9 տոկոսը և ավելի հազվադեպ, քան շաբաթը երկու անգամ՝ 10,6 տոկոսը։
Ծխողների 86,7 տոկոսը կարծում է` ծխելը մահացու սովորություն է, և անհրաժեշտ է անհապաղ ազատվել այդ չարիքից։ Միևնույն ժամանակ շարունակում է ծխել։ Իսկ ընդհանուր առմամբ, բնակչության 77 տոկոսը լիովին համաձայն է այս դիրքորոշման հետ և ավելի շուտ համաձայն է 11,7 տոկոսը։ Հարցումները ցույց են տվել, որ անգամ ծխախոտի թանկացման դեպքում չեն պատրաստվում թողնելու այդ վատ սովորությունը։
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները նկատում են, որ համեմատած 2012 թ. պաշտոնական տվյալների հետ, ծխողների թիվն ավելացել է։
Հարցվածներն առաջարկում են սոցիալական գովազդերի միջոցով քարոզել առողջ ապրելակերպը, ծխախոտի օգտագործման վերաբերյալ հրապարակել ոչ միայն համաշխարհային վիճակագրական տվյալներ, այլև Հայաստանին վերաբերող թվեր, որոնք հնարավորություն կտան առավել տեղայնացնելու ինֆորմացիան և, ծխախոտի օգտագործման տեսական գիտելիքների տրամադրումից զատ, անդրադարձ կատարելու որոշակի կոնկրետ դեպքերի, որոնք հնարավորություն կտան առավել պատկերավորելու բացասական ազդեցությունները։
Երկրորդային ծխախոտի ծխի ներգործությունը նույնպես լուրջ գործոն է հայաստանցիների համար: Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենք և օրենսդրական ակտեր արդեն ընդունվել են, սակայն գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ:
«Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ն էլ «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման և վերահսկողության խնդիրները ՀՀ-ում» թեմայով ուսումնասիրություն է կատարել, որը կտրամադրվի ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջապահության ազգային ինստիտուտին, խնդրով հետաքրքրված այլ մարմինների և կազմակերպությունների:
Ըստ ուսումնասիրության՝ օրենսդրական լուրջ բացթողում է այն, որ հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակում նախատեսված չէ։ Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ անհրաժեշտ է գոնե փակ հասարակական վայրերում (ռեստորաններ, սրճարաններ, բարեր, փաբեր և այլն) արգելել ծխելը՝ հաշվի առնելով օդափոխության վատ համակարգը կամ ծխելու սրահներ առանձնացնել։ Մյուս խնդիրներն օրենսդրության կիրառման վերահսկողությանն են առնչվում։ Պետք է որոշակի մարմինների վրա հստակ պատասխանատվություն դնել, որպեսզի պարբերաբար այցելություններ, ստուգումներ իրականացնեն՝ վերահսկելու, թե որքանով է պահպանվում օրենքը, բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին։
«Հակածխախոտային օրենսդրության կիրարկման և վերահսկողության խնդիրները ՀՀ-ում» ուսումնասիրության առաջարկությունների բաժնում նշված է ծխախոտի գների բարձրացման միջոցով պահանջարկը կրճատելու տարբերակը։ Եվրոպական շատ երկրներում ծխախոտի արտադրության հարկերի բարձրացումը հանգեցրել է գների բարձրացմանը, և ծխախոտի՝ ոչ մատչելի դառնալու պատճառով ծխողների թիվը կրճատվել է։
Նշենք, որ երկու ՀԿ-ներն էլ իրենց հետազոտությունները կատարել են ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհների շրջանակներում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ