Հունվարի 24-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում մահացել է հղիության 8-րդ ամսում գտնվող 19-ամյա Օքսանա Բաղդասարովան։ Օքսանան բնակվում էր Վեդիում։ Մինչև հղիության 7-րդ ամիսն ամեն ինչ ընթացել է նորմալ, որևէ գանգատ չի ունեցել։ Որոշ ժամանակ անց՝ հունվարի կեսերին, հղի կնոջ մոտ սկսվել են փսխումներ, դիմել են Վեդիի հիվանդանոց, որտեղ երկու օր պառկելուց, հետազոտվելուց հետո բժիշկները հավաստիացրել են, թե որևէ լուրջ բան չկա. պտուղն ու ծննդկանն առողջ են։
Ծնողները, տեսնելով, որ վիճակը չի բարելավվում և անհանգստանալով դստեր առողջական վիճակի համար, ուղեգիր են վերցնում Վեդիի հիվանդանոցից և հղի կնոջը տեղափոխում են Երևան՝ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ։ Երեք օր շարունակ հիվանդն այստեղ պառկել և բուժվել է՝ պտուղը պահպանելու համար։ Փսխումների պատճառն այդպես էլ չեն հասկացել. բժիշկները տարբեր պատճառաբանություններ են բերել՝ ստամոքսի խոց, գաղտնի թոքաբորբ, սակայն որևէ հստակ պատճառ չի հայտնաբերվել։
Հիվանդի հարազատները նշում են, որ իրենց այդպես էլ անհայտ է մնացել, թե ծննդկանի հետ ինչ գործողություններ են կատարել, և երրորդ օրը ծայրահեղ ծանր վիճակում կնոջը արյունահոսությամբ տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդը ենթարկվել է կեսարյան հատման։ Երեխան կենսունակ չի եղել, և պտուղը հեռացրել են։ Վերակենդանացման բաժանմունքում 4 օր շարունակ բժիշկները պայքարել են Օքսանայի կյանքի համար։ Հիվանդը մահացել է 4 օր անց՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը։
Փաստաթղթերում որպես կնոջ մահվան պատճառ նշված է՝ անմիջական մահվան հանգեցնող ախտաբանական վիճակ, շոկային երիկամներ, նեկրոնեֆրոզ, մեծահասակների թոքերի դիստրես սինդրոմ, տարբեր այլ պատճառներ։ Օքսանայի հարազատներին մտահոգում է՝ արդյո՞ք ծննդատան բժիշկների կամ հղիության ընթացքին հետևող բժշկի ոչ արհեստավարժությունը կամ անուշադրությունն են պատճառ դարձել դեպքերի նման զարգացման, ինչի հետևանքով մահացել են երիտասարդ կինն ու առողջ պտուղը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- Մենք առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են արդյոք, որ հունվարի 24-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում մահացել է հղիության 8-րդ ամսում գտնվող կին։ Եթե այո, ապա փորձո՞ւմ են մանրամասները, մահվան պատճառները պարզել։ Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք նախարարությունում ենթարկվում է մասնագիտական վերլուծության։