Հասարակական կյանքի ցանկացած դրսևորում ու շարժում ունի ընթացք, որը կառավարվում է ֆունդամենտալ բնույթի օրենքներով, որոնք, վերջին հաշվով, բաժանվում են երեք խմբի:
Այսինքն, ցանկացած հասարակական շարժում կամ մարդկային գործունեություն ունի
1. Նպատակ կամ նպատակներ:
2. Ներքին հիմնարար բնույթի օրենքներ ու օրինաչափություններ, որոնց ենթարկվում է այդ շարժումը կամ մարդկանց գործունեությունը:
3. Ներքին ու արտաքին բնույթի սահմանափակումներ, որոնցով որոշվում է հասարակական շարժումներից հնարավորն ու թույլատրելին կամ էլ անհնարինն ու անթույլատրելին:
Ցանկացած մարդկային գործունեություն հնարավոր է հասկանալ ու բացատրել, եթե հնարավոր լինի ունենալ հավաստի ինֆորմացիա մարդկանց նպատակների, դեպի այդ նպատակը տանող նրանց ընտրած ճանապարհների ու այդ ընթացքում նրանց հանդիպած ներքին ու արտաքին դժվարությունների ու սահմանափակումների մասին:
Բացի այս երեքից, միակ բանը, որ պակասում է մարդու կամ մարդկանց արածը լրիվ հասկանալու կամ նրանց անելիքը կանխատեսելու համար, դա նրանց կողմից տարբեր մասշտաբի ու բնույթի սխալներ թույլ տալու հնարավորությունն է:
Այսինքն, նշված չորս միավոր/նկատառումների միջոցով կարելի է կառուցել մարդու կամ մարդկային տարբեր մեծության խմբերի վարքի ու գործունեության դետերմինիստական կամ ոչ հավանականային բնույթի տեսություն, լինի այն բառային/որակական բնույթի, թե քանակական/մաթեմատիկական բնույթի:
Նման տեսությունների կառուցման ժամանակ շատ կարևոր են նաև մի շարք այլ նկատառումներ, ներառյալ՝ էներգետիկ, ռիսկային ու մարդկային հաճույքների հետ կապված նկատառումները:
Վայրի կենդանիների կյանքի և մարդկանց պարզունակ կենսաբանական կյանքի համար շատ կարևոր է էներգետիկ նկատառումը, քանի որ այն կապված է դժվար ձեռք բերվող սննդի հետ, այստեղից էլ կյանքի հիմնարար բնույթի սկզբունքներից մեկը՝ էներգիայի խնայողության սկզբունքը ամեն ինչում:
Ռիսկային նկատառումները կապված են վտանգներով լի պատահական միջավայրերում կյանքի անվտանգության ապահովման հետ, ու այստեղից էլ ռիսկի մինիմումի սկզբունքը՝ պաշտպանվելիս, և ռիսկի մաքսիմումի սկզբունքը՝ թշնամու վրա հարձակվելիս:
Իր հերթին, հաճույքի մաքսիմումի սկզբունքը ունի խոր կենսաբանական իմաստ՝ կշտության հաճույքի, հաղթելու և փրկվելու հաճույքի ու բազմացման հետ կապված հաճույքի տեսքերով:
Մարդկության ու հասարակությունների անհամաչափ զարգացման արդյունքում նրանց մի մասի համար կյանքի անվտանգության և սննդով ապահովվածության կենսաբանական իմաստը կորցնում է իր նշանակությունը:
Դրանից բացի, իր կենսաբանական իմաստն է կորցնում նաև հաճույքի ֆունկցիան, որին փոխարինելու է գալիս կենսաբանական իմաստ չունեցող հաճույքի հիպերտրոֆացված ֆունկցիան:
Վերջինս էլ նման մարդկանց մոտ ծնում է որակապես նոր և հիմնարար բնույթի տենդենց՝ կենսաբանական զգոնության աստիճանական կորուստ, որը շատ մեծ վտանգ է ներկա գոյաբանական բնույթի հակամարտության պայմաններում:
Պավել Բարսեղյան