Ուրեմն, բոլշևիկների առաջնորդ Լենին Վլադիմիրն ասում էր, որ հեղափոխությունները տեղի են ունենում, երբ «ներքևները չեն ուզում, իսկ վերևները չեն կարողանում»:
Այս իմաստով, Հայաստանում մասամբ ստեղծվել է հեղափոխական իրավիճակ:
Ինչու՞ մասամբ: Որովհետև, Լենին Վլադիմիրի արտահայտության առաջին` «ներքևները չեն ուզում», մասը Հայաստանում գործում է մասամբ: Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում «ներքևների» զգալի մասը կամ չգիտի ինչ է ուզում, կամ ոչինչ չի ուզում: Այլ կերպ ասած` «քաղաքականությամբ չի զբաղվում»:
Ինչ վերաբերում է Լենին Վլադիմիրի արտահայտության երկրորդ` «վերևները չեն կարողանում» մասին, ապա Հայաստանում այն գործում է ոչ թե 100, այլ 200%-ով: Հայաստանի օրվա իշխանությունները ոչ թե «չեն կարողանում», այլ ապրիորի անկարող են:
Եվ, ուրեմն, ունենք իրավիճակ, երբ «ներքևների» ~30-40%-ը չեն ուզում, սակայն «վերևները», վստահաբար` 200%-ով չեն կարողանում:
Այս իրավիճակի վերաբերյալ Լենին Վլադիմիրը ոչինչ չի ասել, սակայն դժվար չէ կռահել, որ այսօրինակ` «մասամբ հեղափոխական» իրավիճակը հանգեցնելու է պետության կործանմանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Ինչու՞ եմ հիշել հեղափոխության նախադրյալները: Որովհետև, Հայաստանում ընտրություններով ոչինչ չի լուծվում: