Այսօր մի թեմայի մասին պետք է խոսեմ, որն անկասկած ցավալի է և բացատրում է մեր հանրային անշարժությունը, իսկ ավելի ճիշտ, խորացող ճահիճը։
Խոսքի ծայրահեղ էժանացման ու արժեզրկման մասին է։
Իսկ ո՞վ է ինձ տվել խոսք խոսելու խոսքի արժեզրկման մասին՝ կառաջանա տրամաբանական հարց։
Ասեմ՝ (հանրային) գործ անելու իմ գործնական պարտականությունը։ Ինչ-որ բան եմ անում և նոր հետո փորձում եմ սահմանափակ խոսք ասել՝ այս դաժան իրողությունները հաշվի առնելով։
Գիտեմ նույնիսկ՝ իմ խոսքն անկարևոր է հսկայական զանգվածների համար։ Նրանք 90-ականների «արկադա» խաղերի մակաբույծ՝ լափակեր պերսոնաժների նման հաշված ակնթարթներում փորձում են խոսքը և պիտակ դնում՝ աղաղակելով, որ «սրա տերն ագենտ է»։ Եվ քանի, որ արևմտամետ չեմ, ուրեմն սարսափելի «ռուսուլման» եմ։
Գնացինք։ Նախ և առաջ ասեմ՝ «Բարի գալուստ 21-րդ դար», որտեղ ավանդական խոսքը խառնված է արհեստականով և մեքենայականով։
Սա մի դաժան իրողություն է, որ համառորեն չեն ուզում հասկանալ աղետյալ Հայաստանի հանրային դեմքերը։ Համենայն դեպս, մինչ օրս ոչ ոք չի խոսել արհեստական՝ մեքենայական խոսքի մութ մեխանիզմերի մասին։
Խոսում են ժամերով ու մուննաթ գալով իրենց ունկնդիրների վրա՝ է՛լ ավելի բեռնելով նրանց «հասկացողության» բեռը։
Ու այս ամենը՝ աննպատակ։ Հարցրեք այդ ելույթների, հարցազրուցների ունկնդիրներին, թե ինչ են ստացել այդ հեղինակությունների ելույթներից, կտեսնեք, որ իրականում՝ ոչինչ։
Ես դա լավ գիտեմ, որովհետև 2021 թվին մասնակցել եմ քաղաքական նախաձեռնության կազմակերպմանը և հազարավոր մասնակից-ունկնդիրներից վերջում մնում էին մի քանի տասնյակ մարդիկ։
Բայց ինչո՞ւ է արժեքավոր խոսքը կախվում օդում։
Շատ պարզ, եթե գիտեք խաղային, զվարճալիքային, ոչ զվարճալիքային թվային ինդուստրիան ոնց է ձևավորվել, կամ գոնե հետևում եք։
Ամեն ինչ սկսվեց 90-ականներից՝ համակարգչային խաղերով ու խաղային հարմարանքներով՝ սարքերով։ Դրան գումարած՝ սարսափի և այլ բնույթի ֆիլմերը։
Սա մեծ փորձություն էր մարդկային գիտակցության համար։ Պատկերավոր ասած՝ հսկա բուլդոզերներով տեղ բացվեց վիրտուալ իրականության համար։ Նրա թիրախը թույլ, կամազուրկ ու բարդույթավորված մարդն էր։
Հետո այդ մարդը պիտի խոսեր Skype-ով ու մյուս մեսենջերով, ֆոտոներ ու տեսանյութեր նայեր համացանցով, մեկ ու մեջ էլ գրառումներ անելով ֆորումներում։
Կերտվում էր ապագայի թվային «հսկան»։ Նրա վերջնական արդյունքն էլ «հպումով (touch) մարդն» էր, որը ակնթարթում թերթում էր տեղեկությունը:
Իսկ դուք ինչքան ուզում եք խոսեք։ Նա վաղուց իր իմունիտետն ունի ձեր խոսքից։
Հետո՞ ինչ՝ թվային իմունիտետ է։
Կարևորը՝ գործում է:
Այդպես չէ՞, բարեկամներ։
Հիմա ո՞րն է լուծումը։
Պետք է խոսեն միայն այն մարդիկ, որոնք հանրային կառուցողական գործերով են զբաղված։ Իրենց գործի արդյունքները ներկայացնելով՝ փորձեն սահմանափակ խոսք ասել։
Սա միակ ռացիոնալ տարբերակն է։
Հակառակ դեպքում, հիշեք, որ ձեր ամեն մի խոսքի հակազդեցությունը կարմիր լույսով «պի֊պին» է։
Մի խոսեք առանց անհրաժեշտության և, շատ կարևոր է, գործնական կշռի։
Ուրախ կլինեմ, եթե այս տրիվյալ ճշմարտությունը գեթ փոքր-ինչ հաստատվի պնդաճակատ ու հետամնաց իմ հայրենիքում։
Արտակ Հովսեփյան