(սկիզբը` այստեղ)
«ՕՐՀՆՅԱ՜Լ ԵՍ ԴՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԵՎ ՕՐՀՆՅԱ՜Լ Է ՔՈ ՈՐՈՎԱՅՆԻ ՊՏՈՒՂԸ՝»
(Ավետարան ըստ Ղուկասի, 1:42)
«Եվ Մարիամն ասաց. «...այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկաս, 1:46-4):
Եվ եթե ոմանք սուտ հոգուց դրդված Մարիամին չեն օրհնում, ինչպես Եղիսաբեթը, ինչպես մենք՝ առաքելականներս, եւ երանի չեն տալիս, ինչպես բոլոր սերունդները, ինչպես մենք՝ առաքելականներս, ապա, երիցս անկարելի է, որ այդ վարմունքը լինի Սուրբ Հոգու առաջնորդությունից, քանի որ գրված է. «Սուրբ Հոգին Ինքն Իրեն երբեւէ հակառակ չի՛ լինում, Ինքն Իրեն հակառակ չի՛ վկայում»: Մինչդեռ Սուրբ Հոգին Եղիսաբեթի միջոցով Մարիամ Կույսի համար աղաղակեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ եւ օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»:
Սակայն որպեսզի Մարիամը ծնվեր եւ նրանից Քրիստոս, նախորդող արժանի սերունդների մասին Քրիստոսի ծննդաբանության մեջ կարդում ենք. «Արդ, Աբրահամից մինչեւ Դավիթ բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դավթից մինչեւ Բաբելոնի մեջ գերությունը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ» (Ավետարան ըստ Մատթեոսի 1:17):
Հավատի եւ աստվածպաշտության ամենակատարյալ քառասուներկու սերընդի պտուղն եղավ Աստվածամայրը: Եվ Աստված նախ ծնեց երկրորդ, արդեն արժանավոր Եվային՝ Մարիամին, որից միայն ծնեց Երկրորդ, արդեն անարատ Ադամին, մեր ամենքի Տիրոջն ու Փրկչին:
Որովհետեւ «արմատը պիտի կատարյալ լիներ, որ պտուղը լիներ կատարյալ»: Անհեթեթ ու կեղծ եւ դատապարտելի են այն թունավոր խոսքերը, որ իբր Աստված պատահական մեկից կամենար Հիսուսին ծնել:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ