«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ինչու Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր

Ինչու Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր
03.05.2025 | 16:40

Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգ է առաջ տանում: Շատ բնական հարց է ծագում. արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր, թե՝ ոչ:

Պատասխանը միանշանակ ՈՉ է: Եվ այս ՈՉ-ը զգացմունքային պատասխան չէ, այլ՝ պարզ իրողությունների վերլուծության արդյունք:

Եկեք հարցը դիտարկենք Ադրբեջանի և նրա հպարտացած ղեկավարի տեսակետից:

Փոքր Ալիևն իր հորն անցել է, քանի որ արել է մի բան, որն իր հայրը չի կարողացել անել: Արցախը խլել է, Հայաստանի տարածքներն է մտել, խեղճացրել է հայերին: Հիմա կարո՞ղ է արդյոք փոքր Ալիևը հաղթողի մեծահոգություն դրսևորել և փաստաթղթով ամրագրել այս վիճակը: Պատասխանը պարզ է. ՈՉ:

Երկու պատճառ կներկայացնեմ:

Առաջինը փոքր Ալիևի մեծ հպարտությունն է: Ժամանակավոր հաղթանակով նա հպարտության մեծ դեղաչափ է ստացել:

Երկրորդ, 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտը (այսուհետ՝ Անկախության ակտ) թույլ չի տալիս փոքր Ալիևին «մեծահոգություն» դրսևորել և խնդիրը լուծել վերջնականապես:

Ադրբեջանի Անկախության ակտի 1-ին հոդվածում նշվել է՝ 1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ 11-րդ բանակի կողմից Ադրբեջան ներխուժումը, հանրապետության տարածքի անեքսիան և միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության տապալումը հանդիսանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի անկախության օկուպացիա։

Նույն Անկախության ակտի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանական Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Հիմա պարզ հարց է ծագում. 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը ի՞նչ տարածքներ է համարել իրենը: Իրավանախորդ Ադրբեջանը իրենն է համարել Արցախը, Հայաստանի Սյունիքի մարզն ամբողջությամբ, Վայոց Ձորի մարզի մեծ մասը, Գեղարքունիքի մարզի մի մասը, այդ թվում՝ Սևանա լճի կեսը, Տավուշի մարզի մի մասը (տես՝ կցված քարտեզը): Իհարկե, Ազգերի Լիգան չի ընդունել Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը, սակայն այստեղ կարևոր է Ադրբեջանի ախորժակը:

Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ինչ զիջումներ էլ անի, Ադրբեջանը այդ զիջումը կուլ տալով (ընդունելով) հանդերձ նոր պահանջներ է դնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել վերը նշված չափերով հողազավթումին: Եվ, երբ գա մի պահ, որ Հայաստանը Ադրբեջանի որևէ պահանջ մերժի (իսկ դա մի օր լինելու է, հիմար կկվի «Չարի վերջը» հեքիաթը վկա), ապա վերջինս կհարձակվի Հայաստանի վրա:

Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի: Միայն ուժեղ Հայաստանը կարող է կանգնեցնել թշնամու ախորժակը:

Արա Զոհրաբյան

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ