Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նախընտրական ոտանավորներն ու հացադուլավորները

Նախընտրական ոտանավորներն ու  հացադուլավորները
01.02.2013 | 13:39

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
(Երևանի մամուլի ակումբի նախագահ)


-Դուք թեկնածուներին կոչ եք անում հեռուստաբանավեճի մասնակցելու, փոխարենը թեկնածուներից չորսն ամեն օր ասուլիս են տալիս, քաղաքական այս «մշակույթն» արդեն ձանձրալի չէ՞:
-Իհարկե, քաղաքացին հոգնում է ու ձանձրանում: Քարոզարշավի ընդամենը մի տարրն են մամուլի ասուլիսները, երբ թեկնածուները կամ իրենց ներկայացուցիչներն ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել: Սակայն չեն պատասխանում այն հարցերին, որոնք հանրությունը կուզենար տալ: Ցավոք, և՛ մամուլի ասուլիսները, և՛ հարցազրույցները մենախոսություններ են: Թեկնածուներին շատ հեշտ է անգիր անել «ոտանավոր» և արտասանել: Շատ հեշտ է այդպիսի արշավ անելը, բայց թեկնածուն պիտի պատրաստ լինի ցանկացած անսպասելի, ամենասուր հարցերի պատասխանելու: Հենց դրա համար էլ անհրաժեշտ են բանավեճերը թեկնածուների միջև, երբ հակառակորդը կուղղի հարցեր և կակնկալի պատասխաններ: Սա ցանկացած նախընտրական պայքարի անհրաժեշտ բաղադրիչն է:
-Գուցե հենց նման հարցերից խուսափելու, հանրության աչքին «ամենագետ» երևալու համա՞ր են ընտրել «ասուլիսվելու» տեխնոլոգիան:
-Ցավոք, քաղաքական գործիչները լրատվամիջոցներին թելադրում են հանրությանը տեղեկացնելու ձևը, այսինքն` իրենք են որոշում ինչպես շփվել հանրության հետ: Շատ հարցազրույցներում տեսնում ենք, որ թեկնածուներին հաջողվում է ասել միայն այն, ինչ իրենք են ուզում` խուսափելով կամ շրջելով հարցերը այնպես, որ իրենց նույն ոտանավորն ասեն: Կարծում եմ` արդեն այնքան ենք հասունացել, որ դրանից մեկ քայլ առաջ պիտի գնալ:
-Բանավիճելու լավագույն «զույգերը», ըստ Ձեզ, ովքե՞ր են:
-Բոլորը` բոլորի հետ:
-Ամենահետաքրքիրը:
-Որպես քաղաքացի, ինձ համար հետաքրքիր է բոլոր թեկնածուների բանավեճը Հրանտ Բագրատյանի հետ: Կոնկրետ հարցեր է բարձրացնում ու լուծումներ առաջարկում, գուցե դրանք իդեալական չեն, բայց թող հակառակորդներն ապացուցեն, որ այդպես չէ: Ես էլ եմ համարում, որ նրա շատ լուծումներ կասկածելի են: Սա պիտի երևա բանավեճի ընթացքում:
-Համեմատություններ անցկացնելով նախկին ընտրությունների հետ, այս անգամ արդյոք պասիվությունն ավելի շատ չէ՞:
-Պասիվությունը նրանից է, որ քաղաքական շատ ուժեր թեկնածու չունեն: Հանրության պասիվությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ շատերը մտածում են, թե ընտրությունների ելքը կանխորոշված է: Երկրորդ` եթե մարդը չունի իր հավանությանն արժանի թեկնածու, ինքը ևս կորցնում է հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ:

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ
(նախագահի թեկնածու)
Երբ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանից հարցազրույց էինք վերցնում, նրան մոտեցավ ու գրկեց տասնմեկամյա դուստրը: Հարցազրույցը հետաձգվեց. հոր ձեռքից բռնած աղջնակը, մի փոքր զրուցելուց հետո, հրաժեշտ տվեց նրան: Ասացին, որ Ղուկասյանի կինն օրը մի քանի անգամ այցելում է ամուսնուն, իսկ դուստրը` մի քանի օրը մեկ:

-Ձեր աղջիկը չհորդորե՞ց դադարեցնել հացադուլը:
-Հացադուլ անելու որոշումն ընտանիքիս անդամների հետ համաձայնեցված եմ կայացրել: Յուրաքանչյուրը պարտավորվել է այս ընթացքում լինել ձիգ, զգոն, չստեղծել խնդիրներ:
-Հացադուլ անելու Ձեր պահանջը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «քաղաքականապես տհաս» է համարել: Ձեր մեկնաբանությունը:
-Համամիտ չեմ, պահանջները հանրության համար ակնհայտ են: Ոչ ոք չի վիճարկում, որ ՀՀԿ-ն կաշառքներ է բաժանել: Այդ քաղտեխնոլոգը կարո՞ղ է հակառակն ասել: ՀՀԿ-ն իր գործունեությամբ հակասում է սահմանադրությանը, հետևապես ընտրություններին մասնակցելու իրավունք չունի:
-Այդ մասին գիտեիք նաև մինչև նախընտրական քարոզչությունը: Ինչո՞ւ ավելի շուտ հացադուլ չհայտարարեցիք:
-Որովհետև ընտրությունների ժամանակ կարող ես այդ կուսակցությանն ասել` դու ընտրություններին մասնակցելու իրավունք չունես:
-Հացադուլով Ձեր արդարացիությունը կարող եք ժողովրդին հասկացնել: Ճի՞շտ պայքարի ձև եք ընտրել:
-Դա կախված է ժողովրդի բարոյական նկարագրից, արժեքային համակարգից: Հացադուլը եղել է պայքարի ամենաուժեղ ձևը:
-Մեր ժողովրդի «բարոյական նկարագիրը» թույլ կտա՞ Ձեզ հասկանալ:
-Ինձ համար կարևոր է, որ ժողովուրդը կարողանա իր դիրքորոշումը ցուցաբերել:
-Եթե նույնիսկ հեգնանքո՞վ է դա արտահայտում:
-Դա յուրաքանչյուրի արժեքային համակարգից է կախված: Մեր հանրության մեջ տարածված է քրեաօլիգարխիկ համակարգով ապրելը, այսինքն` որոնել հովանավոր և ուրիշների նկատմամբ արտոնություն ձեռք բերել:
-Ձեզ ո՞վ է հովանավորում: Ասում են` դրսից էլ եք «գրանտներ» ստանում:
-Դրանք սխալ, կեղծ տեղեկություններ են: «Ռադիո հայը» վերջին անգամ 2009-ին է դրամաշնորհ ստացել:
-Հայաստանում էլ «գրանտատուներ» չունե՞ք ու ինչ-որ մեկի «մարդը» չե՞ք:
-Որևէ քաղաքական ուժի հովանու ներքո չեմ գործում: Եթե այդպես լիներ, ապա դա կարտահայտվեր ԶԼՄ-ների դաշտում, որոնք բաժանված են երեք կենտրոնների` Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան: Երեքն էլ հեգնանքով են վերաբերվում հացադուլին:
-Երևանի մամուլի ակումբը կոչ է արել թեկնածուներին բանավիճելու միմյանց հետ: Ո՞Ւմ հետ կցանկանայիք բանավիճել:
-Սերժ Սարգսյանի: Իմ պայքարը շինծու ընտրությունների դեմ է: Մյուս թեկնածուները մասնակից են այդ ամենին, ու կբանավիճեմ բոլորի հետ:
-Ընտրություններից հետո ի՞նչ եք անելու:
-Եթե հացադուլով չհաջողվի իրադրությունը փոխել Հայաստանում, ուժերս կներդնեմ, քաղաքացիական շարժում կնախաձեռնեմ: Հիմա իմ խնդիրն է` չթողնել, որ այս ընտրությունները ճանաչվեն միջազգային ստանդարտներին համապատասխան:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ