«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Դաշինքի լուծարումը Լևոն Տեր-Պետրոսյանի ասելով հո չէ՞»

«Դաշինքի լուծարումը Լևոն Տեր-Պետրոսյանի ասելով հո չէ՞»
01.03.2013 | 00:38

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» միության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրված քվեները ցույց են տալիս, որ ընդդիմադիր դաշինքը չի կարողացել մինչ օրս լուծել հասարակությանը հուզող խնդիրները:
-Ավարտվեցին ՀՀ նախագահի հերթական ընտրությունները: Ընդդիմադիր թեկնածուն վիճարկում է ընտրությունները: Ձեզ համար կանխատեսելի՞ էին այս արդյունքները, եթե նկատի ունենանք, որ ՀԱԿ-ը, որի մասն է կազմում նաև Ձեր ղեկավարած «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» միությունը, բոյկոտել էր ընտրությունները:
-ՀԱԿ-ի մի մասն էր միայն ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ որոշել բոյկոտել ընտրությունները, քանի որ համարում էին ոչ մրցակցային: Սակայն այդ ծրագիրը տապալվեց, և ժողովուրդը մեկ մարդու պես գնաց, քվեարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Ժողովուրդը ցուցաբերեց միասնական դիրքորոշում` ցույց տալով, որ իր համար անձերը երկրորդական են: Մենք տեսանք, որ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին լավ ընդունեց: Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ ինքը պատրաստ է փոխզիջումների: Իշխանությունը փոխզիջման դեպքում կարող է անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Իսկ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում հնարավոր կլինի կոնսոլիդացնել հասարակությանը և խորհրդարանում մեծամասնություն կազմելու հայտ ներկայացնել: Շատ կարևոր է, որ այս անգամ ժողովուրդը կարողանա հասնել որոշակի արդյունքների, և երկրում փոխվի իրավիճակը: Աստված չանի, որ իշխանությունը նորից գնա առճակատումների ճանապարհով և փորձի լուծումներ գտնել:
-Ստեղծվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, որը, փաստորեն, չեղյալ է հայտարարում հինգ տարի առաջ ստեղծված նույնանուն դաշինքը: Ո՞րն է լինելու Ձեր կուսակցության դիրքորոշումն այս պարագայում:
-Ես շարունակում եմ մնալ ՀԱԿ-ի կազմում: Մենք կուսակցություններով հանդիպումներ ենք ունենում, և կա ընդհանուր մոտեցում, որ պետք է պահպանել կոնգրեսը: ՀԱԿ-ը որպես դաշինք, ստեղծվել է տասնութ կուսակցությունների համաձայնությամբ, իսկ դաշինքի լուծարումը Լևոն Տեր-Պետրոսյանի ասելով հո չէ՞ կամ նրա ցանկությամբ, որ պարտադիր պետք է կատարվի:
ՀԱԿ-ը ստորագրել էր հռչակագիր, որ նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններով պետք է վերականգնել սահմանադրական կարգը: Այդ խնդիրները մինչ օրս չի հաջողվել լուծել, հակառակը` շեղվել են հռչակագրի դրույթներից: Հիմա պետք է հասկանալ սխալները և չշեղվել այդ դրույթներից: Իսկ առանձի՞ն կգործենք, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, էական չէ: Պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը և փորձենք լուծել այն խնդիրները, որոնք լուծում չեն ստացել, թեկուզ փոքր կազմով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ