Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Գյումրեցու նամուսին, թասիբին հարիր չէ այդ լեզվակռիվը»

«Գյումրեցու նամուսին, թասիբին  հարիր չէ այդ լեզվակռիվը»
26.03.2013 | 00:39

Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի հարաբերությունները «սատանաների» ու «գժերի» տիրույթից, կարծես, դուրս չեն գալիս: Նրանց հաշտության կոչով է դիմել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցի սկզբում նշեց. «Թող վերջացնեն այդ ամենը, գյումրեցու նամուսին, թասիբին հարիր չէ այդ լեզվակռիվը»:

-Գյումրուց ընտրված մեկ այլ պատգամավոր` Աշոտ Աղաբաբյանը, անդրադառնալով Վարդան Ղուկասյանի վերջին «սկանդալային» հայտարարություններին, ասել է, թե «ժամկետանց» մարդկանց մասին չի ուզում խոսել: Դուք և՞ս Ղուկասյանին «ժամկետը» անցած մարդ եք համարում:
-Ես կոչ եմ արել համերաշխության և նման բան ասելու ցանկություն չունեմ: Եթե այդ տոնով ուզենայի խոսել, կասեի իմ կոչում: Սա գյումրեցիներին պատիվ չի բերում: Կրակի վրա պետք է ջուր լցնել, ոչ թե բենզին, որ կրակն ավելի բորբոքվի:
-Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են նախկին ու ներկա քաղաքապետերի հետ:
-Ինչպես ժամանակին երկուսի հետ եղել է, այնպես էլ հիմա է: Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ: Նախկին քաղաքապետի հետ ընկերական, ջերմ հարաբերություններ չեմ ունեցել, նույնն էլ հիմա է: Սա այն հարցն է, որ կողքից չպետք է նայել ու լռել, ուրախանալ, թե ինչպես երկու գյումրեցիների միջև վեճը վերածվում է թշնամանքի: Ժամանակին ես նախկին քաղաքապետի հետ ունեցել եմ նման խնդիր, քաղաքական ենթատեքստով անհամաձայնություններ: Ցավոք, այդ ժամանակ չգտնվեց մեկը, որ ասեր` դադարեցրեք այդ ամենը:
-Այսինքն, դառը փորձ ունեք` կապված Ղուկասյանի հետ:
-Այո, ու հաշվի առնելով, որ դրանից շատերն ուրախանում են, հրահրում են, որ մինչև արյունահեղության հասնի, այժմ ճիշտ կլինի հանդարտության կոչ անել: Գյումրին շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան այս հարցն է:
-Այդուհանդերձ, ինչպե՞ս կարելի է լռել, երբ խոսվում է քաղաքապետարանի բյուջեից միլիոնների յուրացման մասին:
-Չեմ ցանկանում այդ դաշտը մտնել, բացարձակ չեմ ուզում քննարկել` Վարդան Ղուկասյանը ո՞ր հարցում էր ճիշտ, որում` սխալ, Սամվել Բալասանյանն ի՞նչն է արդարացի ներկայացնում և այլն: Գյումրին այսօր ունի բազում խնդիրներ` սկսած ճանապարհներից: Գյումրուն հատուկ վերաբերմունք է պետք: Այդ ամենը հնարավոր չէ միայն Գյումրու քաղաքապետարանի բյուջեով անել, ու բնական է, Սամվել Բալասանյանի ցայտնոտային վիճակը, քանի որ բյուջեում գումար չկա: Այնինչ, կան բազում խնդիրներ ու շատ պահանջողներ: Սա հասկանալով, ոչ թե Բալասանյան Սամվելին պիտի նեղենք, քշենք անկյուն` թույլ չտալով պաշտպանվել, այլ պիտի օգնենք, հնարավորություն տանք: Կառավարությունը պետք է աջակցի, սատարի, հակառակ պարագայում Գյումրիում ոչ մի լավ բան էլ չի լինի:
-Ղուկասյան-Բալասանյան «փոխհրաձգությունը» հետընտրական շրջանում սկսվեց, քաղաքական տարր տեսնո՞ւմ եք այդ ամենում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց:
-Նման միտում չեմ տեսնում: Ընդամենը նախկին քաղաքապետն ուներ տասներեք տարվա փորձ, գիտեր` որ ծախսը որտեղից հանի, ուր դնի, ում կարող է խաթրով, համոզելով, ստիպելով աշխատեցնել: Այսօրվա քաղաքապետը, որն այդքան էլ փորձ չունի, միանգամից խնդիրները բարձրացրել է ու խնդիրների մի ողջ փաթեթ ներկայացրել է հանրությանը: Հիմա էլ բոլորը պահանջում են այդ խնդիրների լուծումը, իսկ վեց ամսում դա հնարավոր չէ: Ես, որպես պատգամավոր, նախկինում նաև քաղաքապետի թեկնածու, խորացել եմ այդ խնդիրների մեջ ու հասկացել, որ ներկայիս քաղաքապետը պետք է շատ ուսումնասիրեր, բայց դեռևս չբարձրաձայներ: Խնդիրը վերջնական «մարսելուց» հետո պետք է հրապարակայնացներ` լուծումը ևս առաջարկելով: Միգուցե աշխատանքային ոճի խնդիր է:
-Չնայած Սամվել Բալասանյանը, լինելով ԲՀԿ անդամ, հրապարակավ հայտարարեց, թե սատարելու է Սերժ Սարգսյանին, սակայն, Գյումրու աղբյուրների պնդմամբ, ստվերային, բավականին ակտիվ աշխատել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Հնարավո՞ր է` «ստվերային» գործունեության համար է պատժվում:
-Գյումրիում ստվերային բան անել հնարավոր չէ, այսինքն, մի բան անել ու ստվերում մնալ: Այդ խոսակցություններին շատ անլուրջ եմ վերաբերվում: Բայց այդ հարցին ստույգ կպատասխանի հենց Սամվել Բալասանյանը:
-Չնայած վեց ամսվա աշխատանքին ու խնդիրների նման «բարձրաձայնմանը», գյումրեցիները դժգոհում են Սամվել Բալասանյանից: Որպես գյումրեցի, Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Ես ներկայացրել եմ իմ անհանգստությունը Գյումրու ճանապարհների հետ կապված` նշելով, որ այդ ամենը թողնել միայն Գյումրու քաղաքապետարանի վրա ու ակնկալել շուտափույթ լուծում, հնարավոր չէ: Լուրջ գումարների մասին է խոսքը` 2,5 մլրդ դրամ:
-Սամվել Բալասանյանը մեծահարուստ, բարեգործ ղեկավար ունեցող կուսակցության ներկայացուցիչ է, գուցե «Բարգավաճ Հայաստա՞նը» աջակցի:
-Կուսակցությունն ի՞նչ աջակցի, 2,5 մլրդ դրամ տրամադրի, որպեսզի Գյումրու փողոցները բարեկարգվե՞ն: Ո՞ր կուսակցությունն է տրամադրել:
-ԲՀԿ-ի համար ի՞նչ է 2,5 մլրդ դրամը:
-Առանց այն էլ մեր կուսակցությունը շատ գումարներ է տրամադրել Գյումրուն, Շիրակի մարզին` աղբատար մեքենաներ, փողոցները ձյունից մաքրող տրակտորներ, շենքերի կտուրների վերանորոգում, սպորտդահլիճների կառուցում և այլն: Այս աշխատանքների շնորհիվ է, որ Գյումրիում ԲՀԿ-ն հաղթել է, Շիրակի մարզում բարձր տոկոսներ ստացել: Այսօր ակնկալել, որ ԲՀԿ-ն ամբողջովին ֆինանսավորելու է, որ ճանապարհները կառուցվեն, անհնարին է, քանի որ անգամ տեղական ու պետական բյուջեի գումարներով դա միանգամից հնարավոր չէ, էլ ուր մնաց ԲՀԿ-ին մեղադրենք, թե այդ աշխատանքն ինչո՞ւ չի անում:
-Նշեցիք, որ ԲՀԿ-ն Գյումրիում հաղթել է, ունե՞ք բացատրություն` ինչո՞ւ ՀՀԿ-ն պարտվեց:
-Ճիշտն ասած, այս ընտրություններին ես ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, եթե ԲՀԿ-ի հետ կապված լիներ` կարող էի ասել, որտեղ ինչու հաղթեցինք կամ պարտվեցինք: Քանի որ սրանք մեր ընտրությունները չէին, չենք խառնվել, ես էլ մոտիկից չեմ հետաքրքրվել: Այսինքն, եթե մեջը լինեի` կիմանայի ոնց աշխատեցին ու որտեղ թերացան: Գործընթացներին տեղյակ չեմ ու չեմ կարող ասել` ինչու այդպես ստացվեց: Այսուհանդերձ, կարծում եմ, թերացումը պայմանավորված է աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպմամբ:
-Նախընտրակա՞ն աշխատանքների մասին է խոսքը:
-Երևի, կամ ընթացքում կատարված աշխատանքը ժողովրդին ճիշտ չի մատուցվել:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ