Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շահե՞ր, թե՞ արժեքներ. ո՞րն է գերակա

Շահե՞ր, թե՞ արժեքներ.  ո՞րն է  գերակա
16.04.2013 | 01:55

Ապրիլի 11-ին Իսպանիայի Սենատը քննարկում էր Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին, քննարկում էր սենատորների, կոնգրեսմենների, դիվանագետների, փորձագետների, գործարարների, մտավորականների մակարդակով: Ապրիլի 13-ին Երևանում քննարկվում էին Հայաստանի աշխարհաքաղաքական ու ինտեգրման հեռանկարները` Հայաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի պատգամավորների, փորձագետների, գիտնականների, ուսանողների մասնակցությամբ: Մադրիդյան քննարկումը կազմակերպել էր Իսպանիայի խորհրդարանը, երևանյանը` «Ինտեգրում և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Արամ Սաֆարյանին հաջողվել էր «Մետրոպոլի» հյուրասրահում հավաքել եվրալավատեսներին ու եվրահոռետեսներին` ապահովելու բազմակողմ քննարկում: Բացելով կոնֆերանսը` ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ կարևորեց ինտեգրման քաղաքականությունը, նշելով, որ Հայաստանի իշխանությունները շահագրգիռ են քաղաքացիական հասարակության առավելագույն տեղեկացվածությամբ: «Մենք վստահ ենք, որ ինտեգրացիոն հեռանկարների հետազոտությունը կնպաստի հասարակության զարգացմանը»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահն այն կարծիքին է, որ գլոբալացման ժամանակաշրջանում հնարավոր չէ միայնակ դիմակայել մարտահրավերներին, և մերձբալթյան երկրների հարուստ փորձը օգտակար և ուսանելի է:
Էստոնիայի խորհրդարանի` Ռիյգիկոգուի ընդդիմադիր պատգամավոր ՅԱՆԱ ՏՈՈՄԸ ներկայացնում էր եվրալավատեսներին. նա համոզված է, որ փոքր պետությունները, Եվրոպայում միավորումներին անդամակցելուց բացի, գոյության ու զարգացման այլընտրանքներ չունեն: Էստոնիան պետականություն չի ունեցել, և ինքնության պահպանման միակ միջոցը եղել է լեզուն: Տիկին Տոոմը, բացի ոչքաղաքացիների պրոբլեմից, անդրադարձավ երկրի պաշտպանունակության, էներգակիրների, գյուղատնտեսության ու արդյունաբերության խնդիրներին. «Մենք նավթ ու գազ չունենք, զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ չկան, միակ բնական պաշարը ֆոսֆորն է, որը մշակելը նշանակում է բնությունը ոչնչացնել: Այդ պայմաններում Եվրամիությանն անդամակցելը միակ ելքն էր, բայց ԵՄ-ն ունի իր կանոնները, առավել ևս հիմա, որ ճգնաժամի պատճառով բոլորովին այլ կառույց է, քան երեկ էր ու նախորդ օրը»:
Լատվիայի Սեյմի պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԿԱԲԱՆՈՎԸ ներկայացնում էր եվրահոռետեսներին. նա անդրադարձավ Եվրամիությանն անդամակցության բացասական հետևանքներին: Պարոն Կաբանովը թվարկեց հայ-լատվիական միջպետական այցերը, համաձայնագրերը, պայմանագրերը` դրանց տված հնարավորություններն ու հեռանկարները: Նա անդրադարձավ նաև Մեծամորի ատոմակայանի փակման ԵՄ պահանջին` սեյսմիկ գոտում գտնվելու և արդեն հնացած տիպի ռեակտոր ունենալու պատճառով, և նշեց, որ ԵՄ-ից պետք է պահանջել համարժեք փոխհատուցում, որը նույնքան կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը:
«Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԸ պրագմատիզմի վրա կառուցեց ելույթը և հիշեցրեց Հայաստանի աշխարհաքաղաքական ու աշխարհագրական դիրքը, ապա Իրան-Արևմուտք, Իրան-ԱՄՆ, Իրան-ԵՄ փոխհարաբերությունները, հիշեցրեց նաև, որ Հայաստանը շարունակում է շրջափակման մեջ մնալ (փակ սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ): Կարեն Բեքարյանն անդրադարձավ Արևմուտքի վերաբերմունքին հայ-իրանական հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը կարողանում է լավ հարաբերություններ պահպանել և՛ ԱՄՆ-ի, և՛ Արևմուտքի հետ: Հարաբերությունների մեկ այլ խաչմերուկ նա համարեց հայ-վրացական առնչությունները` դարավոր բարեկամությամբ ու գործընկերությամբ: Այնուամենայնիվ, ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ, նրա գնահատմամբ, ամենածանր վիճակում Հայաստանն էր: Նա նշեց, որ Հայաստանը հայտնվել է դիլեմայի մեջ. եվրոպացիներին դուր չի գալիս, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական միությանը, Ռուսաստանին դուր չի գալիս Հայաստանի եվրաինտեգրումը: Որևէ ընտրություն Հայաստանի համար, նրա կարծիքով, վտանգավոր է. ոչ այն պատճառով, որ լավ է, կամ վատ, բարոյական, կամ անբարո: Նրա գնահատմամբ` պահը ճգնաժամային է, և պետք է ընտրել` շարունակելո՞ւ ենք եվրաինտեգրումը մինչև ազատ առևտրի համաձայնագիր, թե՞ անդամակցելու ենք Եվրասիական միությանը: Այս դիլեման Կարեն Բեքարյանը համարում է արհեստական, մտածողության կարծրատիպերի հետևանք: Որևէ ընտրությունից առաջ նա կարևորում է արդյունքը: Իսկ Եվրասիական միությանն անդամակցությունից առաջ պետք է պարզել` ապագա գործընկերները պատրա՞ստ են աջակցել Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությանը, աբխազական երկաթուղու վերագործարկմանը, Թուրքիայի հետ սահմանի բացմանը:
Լիտվայի Սեյմի պատգամավոր, դիվանագետ ԱԼԳԻՐԴԱՍ ՊԱԼԵՑԿԻՍԸ կարծում է, որ իր հայրենիքն Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում է. մի կողմից` գերմանական մեծ աշխարհը, մյուս կողմից` սլավոնական մեծ աշխարհը: Պատմության ընթացքում ճոճանակն անընդհատ մեկ այս, մեկ մյուս կողմի վրա է ծանրացել: Նրա կարծիքով` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որոշակի հավասարակշռության պահ է ստեղծվում: «Չնայած մեր իմիջին` մերձբալթներս էմոցիոնալ մարդիկ ենք»,- ասաց նա` համոզված, որ սթափ քաղաքականության ժամանակն է գալիս, որտեղ հույզերին փոխարինում են դատողությունն ու հաշվարկը: Նա նշեց, որ ԽՍՀՄ-ից անջատվելուց հետո իրենք կորցրին արևելյան շուկան, իսկ արևմտյանում արդեն առանց իրենց էլ կային ավելի մրցունակ ապրանքատեսակներ: Դիվանագետն անդրադարձավ ռուսաֆոբիային, որը, նրա գնահատմամբ, 3-միլիոնանոց Լիտվայի համար պատմական սպեկուլյացիայի պարարտ հող է: Մեծ ու փոքր ժողովուրդների հարաբերություններում այդ հարցը այսօր էլ մնում է շահարկման միջոց` ընտրազանգված ապահովելու, տնտեսական ու քաղաքական հարցեր լուծելու համար: «Հիմա մենք դանդաղ սթափվում ենք ռուսաֆոբիայից»` ասաց Սեյմի պատգամավորը` իրենց վարած քաղաքականության հետևանք համարելով, որ ռուսական գազի դիմաց Լիտվան ավելի է վճարում Գերմանիայից, որն ավելի հեռու է Ռուսաստանից: Նա համոզված է, որ Հայաստանում սեփական շահերի գիտակցումը, աշխարհաքաղաքական գործընթացների հետ համադրումը և անկախության մակարդակը շատ ավելի բարձր են:
«Ժառանգության» գլխավոր քարտուղար, փորձագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ևս անդրադարձավ եվրասիական ու եվրաինտեգրման խնդիրներին: Հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացները նա համեմատեց Արևելքի ու Արևմուտքի դիլեմայի հետ` նշելով, որ շատ վերլուծաբաններ ԵՄ, թե Եվրասիական միություն ընտրությունը համարում են Արևելքի ու Արևմուտքի մրցակցություն: «Ժառանգություն» կուսակցությունը ինտեգրման գործընթացները դիտարկում է այլ տեսանկյունից` որքանո՞վ է այս կամ այն նախագիծը համապատասխանում Հայաստանի կենսական շահերին, մասնավորապես անվտանգությանը և զարգացմանը: Այդ շահերի շրջանակում պարոն Սաֆարյանը թվարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը և Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից պաշտպանությունը, ժողովրդավարական պետության ստեղծումը` քաղաքական, տնտեսական, ռազմական անվտանգության ապահովմամբ, երկրի տնտեսության զարգացումը շրջափակման պայմաններում և արտասահմանյան շուկաներ մուտքի ապահովումը:
Լատվիացի անկախ վերլուծաբան, տնտեսական հարցերի փորձագետ, եվրահոռետես ԷՅՆԱՐՍ ԳՐԱՈՒԴԻՆՇԸ ներկայացրեց Լատվիայի քաղաքական ու տնտեսական վիճակը: Նրա կարծիքով` 2004-ին Լատվիան ԵՄ անդամ դարձավ հանրաքվեի կեղծված արդյունքներով, 2014-ին էլ առանց համաժողովրդական հանրաքվեի կանդամակցի եվրոյի գոտուն: «Բոլոր ցուցանիշներով մեր երկիրը արևմտյան քաղաքակրթության մասն է կազմում, պատկանում է մեր մոլորակի ոսկե միլիարդի ցանկին, բայց ամե՞ն ինչ է լավ Լատվիայում»,- հարցրեց Էյնարս Գրաուդինշը և օրինակներով «ոչ» պատասխանեց քաղաքական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, բանկային, մշակութային քաղաքականությանն առնչվող հարցերին:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կոչ արեց լրջորեն վերաբերվել արժեքային համակարգին: «Չի կարելի գունավոր հեղափոխություններ անել` չիմանալով այս կամ այն երկրի արժեքային համակարգը»,- ասաց նա: Պարոն Հարությունյանը կարևորեց սեփական դիրքի կոորդինատների ճշգրտումը որոշումներ ընդունելուց առաջ:
Վրաստանի Եվրասիայի ինստիտուտի տնօրեն ԳՈՒԼԲԱՏ ՌՑԽԻԼԱՁԵՆ անդրադարձավ վրաց-ռուսական հարաբերություններին: Հայաստանի ինտեգրացիոն հեռանկարները Վրաստանի արտաքին քաղաքականության շրջագծում պարոն Ռցխիլաձեն մեծ փոփոխությունների ենթարկված չի համարում, թեպետ Վրաստանի նոր ղեկավարությունը նախորդից տրամագծորեն տարբերվել է ձգտում: Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայություն մնում են եվրաինտեգրումը, անդամակցությունը ՆԱՏՕ-ին. այս դրույթները քննարկման ենթակա չեն: Եվրամիությանն անդամակցությունը Վրաստանի համար նա համարեց հեռավոր հեռանկար: Վրաստանը նաև ԱՊՀ չի վերադառնա և չի ճանաչի իր տարածքում պետական նոր կազմավորումները: Այս հարցերում հասարակությունը միասնական է, ի տարբերություն ՆԱՏՕ-ին անդամակցության դիրքորոշման: Մինչև 2008 թ., երբ արտահերթ նախագահական ընտրությունների հետ հանրաքվե անցկացվեց, և Վրաստանի բնակչության 70 տոկոսից ավելին կողմ էր ՆԱՏՕ-ին անդամակցությանը, հիմա այս հարցում տարակարծություն կա: Եվրասիայի ինստիտուտի 2012-ի սեպտեմբերին կատարած հարցումներով` հասարակության 80 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և հետո միայն ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: Վրաստանի նոր ղեկավարությունը հաշվի է առնում այս տրամադրությունները և այն կարծիքին է, որ Վրաստանը չպետք է Արևմուտքի ու Ռուսաստանի փոխհարաբերություններում կռվախնձոր լինի, ուստի Արևմուտքի ու Ռուսաստանի միջև որոնում է հավասարակշռություն` հրաժարվելով հակառուսական քաղաքականությունից: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը Վրաստանի համար կարող է օրինակելի լինել` նկատի ունենալով, որ Հայաստանը կարողանում է Արևմուտքի հետ լավ հարաբերություններ պահպանել` լինելով ՀԱՊԿ-ի անդամ և ռազմավարական համագործակցություն ունենալով ՌԴ-ի հետ: Համեմատելով Հայաստանի ու Վրաստանի անկախությունը` նա պնդում է, որ այսօր Հայաստանն ավելի անկախ քաղաքականություն է վարում, քան Վրաստանը, որտեղ ԱՄՆ-ը շարունակում է թելադրող մնալ: Պարոն Ռցխիլաձեի կարծիքով` Վրաստանի նոր ղեկավարությունը մտադիր է Հայաստանի հետ որակապես նոր հարաբերություններ կառուցել: Վրաց-հայկական հարաբերությունների զարգացմամբ շահագրգիռ են երկու կողմերն էլ, Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կմեծանա, եթե կարգավորվեն վրաց-ռուսական հարաբերությունները: Շատ կարևոր է ամրապնդել տնտեսական կապերն ու զարգացնել ինֆրակառույցները: Նա կոչ արեց Հայաստանին ավելի ակտիվ լինել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում` օգտագործելով բոլոր լծակները, միջնորդ դառնալով վրաց-աբխազական երկխոսության համար:
Կոնֆերանսին մասնակցող ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, որ ղեկավարում է Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնը, հարցրի, թե ինտեգրման գործընթացների գաղափարական հենքը ո՞րն է:
-Ի վերջո, պետք է որոշես` այս կամ այն դաշինքին անդամակցելը արժեքների՞ վրա է հենված, թե՞ ոչ: Գլխավորը շահե՞րն են, թե՞ սկզբունքները: Մեզ ձեռնտու չէ առանց այդ հիմքի մտնել նոր դաշինքների մեջ: Արժեքների վրա պետք է կողմնորոշվել, խնդիրը միայն ժողովրդավարությունը չէ, շատ կարևոր է, թե օրենքների գերակայությունը գործելո՞ւ է, իրավահավասարություն լինելո՞ւ է: Տեսեք` Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի ներկայացուցիչներն ասում են, որ Եվրամիությանն անդամակցելը լավ է, բայց ձևական հավասարության մեջ պարզվում է, որ փոքր երկրները շատ խնդիրներ ունեն: Եվրամիությունում, ուր ամեն ինչ կետ առ կետ համաձայնեցված ու հստակ է, ծագում են շուկայի հարցեր, սպառման, արտահանման ու ներմուծման: Մենք, որ ծրագրում ենք դաշինքների անդամակցել, պետք է կանխավ պարզենք` ի՞նչ է մեզ այդ դաշինքում սպասում, հարգվելո՞ւ է մեր ինքնիշխանությունը: Եթե ոչ, ինչի՞ դիմաց:
-Ձեր գնահատմամբ` Հայաստանի հեռանկարն այդ հարցերի պատասխանների հիման վրա որտե՞ղ է:
-Ես կարծում եմ, որ բավականին երկար ժամանակ կպահպանվի այսօրվա իրավիճակը: Հայաստանը փորձում է իր ռազմաքաղաքական, տնտեսական անվտանգությունն ապահովել համագործակցելով մի քանի կենտրոնների հետ` ունենալով Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցություն, Հայաստանն ակտիվ է աշխատում ՆԱՏՕ-ի հետ, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, փորձում է իր համար կարևոր կենտրոնների հետ միաժամանակ աշխատել: Կան պարամետրեր, որ մեզնից կախված չեն. աշխարհաքաղաքական զարգացումների վրա մենք վճռորոշ ազդեցություն ունենալ չենք կարող, բայց ես համոզված եմ, որ ապագայում Հայաստանի տեղը Եվրոպայում է: Առաջին հերթին` ԵՄ-ում, դա կլինի մեր անվտանգության երաշխիքը, ռազմաքաղաքական, տնտեսական, հումանիտար անվտանգության ապահովումը: Ռազմավարական անվտանգությունը դժվար է առանց Ռուսաստանի ապահովել, բայց ես հույս ունեմ, որ ապագայում Ռուսաստանն էլ կգնա դեպի Եվրոպա, և մեր ռազմաքաղաքական հարցերի լուծումը կհեշտանա:
Հավարտ կոնֆերանսի` խնդրեցի արդյունքներն ամփոփել կազմակերպչին` ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ.
-«Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպությունն արդեն երրորդ կոնֆերանսն է կազմակերպում Հայաստանի ինտեգրային հեռանկարների վերաբերյալ: Առաջին երկու կոնֆերանսները եվրասիական ինտեգրման հարցերն էին արծարծում, երրորդին մասնակցում էին այն երկրները, որոնք եվրաինտեգրման ասպարեզում որոշակի հաջողություններ ունեն, մենք փորձում էինք պարզել ինտեգրման գործընթացի դրական ու բացասական կողմերը: Բալթյան երկրները 2004-ին են անդամակցել ԵՄ-ին և շուտով եվրոյի գոտու մաս կկազմեն: ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո նրանց համար Եվրամիությունը երազանք է եղել, նրանք պայքարել են Արևմտյան աշխարհի մաս կազմելու համար: Ի՞նչ է տվել իրենց երազանքի կատարումը: Ականատեսն էիք, որ հրավիրյալները` և իշխանական, և ընդդիմադիր հատվածներից, անկեղծ էին իրենց դատողություններում ու գնահատականներում: Ակնհայտ է, որ բալթյան երկրները, Վրաստանը, Հայաստանն այսօր էլ ունեն ընդհանուր խնդիրներ` անկախ այն փաստից, որ նրանք ԵՄ անդամ են, իսկ Վրաստանն ու Հայաստանը նոր են քայլեր կատարում այդ ճանապարհին: Կոնֆերանսների նյութերը առանձին գրքով պատրաստվում են տպագրության և, կարծում եմ, մտածելու լավ նյութ կդառնան: Եթե նկատեցիք` կոնֆերանսին մասնակցում էին բազմաթիվ ուսանողներ, ես կարծում եմ, որ այդկերպ նրանց քաղաքական աշխարհայացքն էականորեն ընդլայնվում է: Մեր գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը հաջորդ սերնդի նախապատրաստումն է, որ չլինեն նեղմիտ, սահմանափակ ու կիսակիրթ:
-Ո՞րն է լինելու Ձեր կազմակերպության հաջորդ քայլը:
-Համագործակվելով «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, ԱՊՀ տարածքի գործընկերների հետ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, կփորձենք ուսումնասիրություններ և օրենսդրության, հասարակական տրամադրությունների, քաղաքական տեսակետների համեմատական վերլուծություններ կատարել և մինչև 2013-ի վերջը կհրապարակենք հետաքրքիր զեկույցներ, որոնք կարող են օգտակար լինել ինտեգրման գործընթացներում:
-Այդ գործընթացներում շահերո՞վ պիտի առաջնորդվենք, թե՞ արժեքներով:
-Մենք պիտի առաջնորդվենք և՛ շահերով, և՛ արժեքներով: ՀՀ ազգային անվտանգության շահերը պահանջում են հավատարիմ մնալ մեր ռազմաքաղաքական դաշինքին, բայց արժեքային համակարգն էլ թելադրում է աշխարհաքաղաքական գործընթացներից չկտրվել: Երբ գնահատում ենք եվրոպական, թե եվրասիական ինտեգրում, պիտի հիշենք, որ այդ արժեքների հակադրումը մեզ կնետի երրորդ աշխարհ` Մեծ Մերձավոր Արևելք, որտեղ այսօր հեղափոխություններ են, պատերազմներ և մշտական անկայունություն, և կդարձնի Թուրքիայի, Իրանի, արաբական աշխարհի միջև չնչին քրիստոնեական փոքրամասնություն, որի ձայնն ավելի անլսելի է, քան այն անհանգստությունը, որ մենք ունենք Բրյուսելի, թե Մոսկվայի հետ համագործակցելու հարցում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- Կոնֆերանսի ամփոփման ժամանակ ելույթ ունեցողներից մեկն ասաց. «Երբ ուզում ենք և՛ այս, և՛ այն, կարող է չունենանք ո՛չ այս, ո՛չ այն»: Չգիտեմ` լավատեսությա՞ն, հոռետեսությա՞ն, իրատեսությա՞ն արգասիք էր նրա կարծիքը: Դատեք ինքներդ: Ինձ թվում է, որ մենք սխալվում ենք մեկնակետի իրավիճակը ստատիկ համարելով հետագայի համար. գլոբալացվող աշխարհի փոփոխությունները նոր իրավիճակ են բերում, ուստի առաջնորդվել պետք է արժեքներով, որովհետև շահերը հարափոփոխ են:

Դիտվել է՝ 2663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ