«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Նույնիսկ մի սեղանի շուրջ չեն կարողանում նստել ու խնդիրներ քննարկել»

«Նույնիսկ մի սեղանի շուրջ չեն կարողանում նստել ու խնդիրներ քննարկել»
07.06.2013 | 17:40

irates.am-ի հարցերին պատասխանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ՍԱՐՈ ՍԱՐՈՅԱՆԸ:

-Պարոն Սարոյան, կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ` ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում սոցիալական ընդվզումներ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր ուժերի ցաքուցրիվ բեկորները կարող են համախմբվել և ուղղորդել սոցիալական բողոքի ալիքը:
-Ոչ: Կարծում եմ, որ դա հնարավոր չէ: Եվ ոչ այն պատճառով, որ մեր ընդդիմադիր ուժերը գտնվում են տապալված վիճակում, այլ` մեր ընդդիմադիր ուժերի առջև դրված խնդիրները թույլ չեն տալիս համախմբվել ու միավորվել: Բացառում եմ նաև սոցիալական խնդիրների շուրջ միավորվելու տարբերակը:
Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ ընդդիմադիր ուժերը չեն կարողացել համախմբվել: Իսկ համախմբման օրինակներն էլ ցույց են տվել, որ դրանք անարդյունավետ են: Մենք ունենք Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի օրինակները: Բոլոր այդ օրինակները ցույց են տալիս, որ գաղափարական հենքի վրա համախմբումը խնդիրներ լուծելու նպատակով հնարավոր չէ: Այն ներուժը, որը կա այսօր ընդդիմադիր դաշտում, հնարավորություն չի տալիս պայքար մղել իշխող վարչախմբի դեմ: Ուստի ընդդիմադիրները պետք է մտածեն այլ տարբերակների մասին` վերադասավորումներ, նոր կադրերի առաջ քաշում:
-Սակայն ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բռնությունները, սպանությունները, դրանց դեմ բողոքի բռնկումները ցույց են տալիս, որ քրեաօլիգարխիկ համակարգն էլ է կորցրել իր կենսունակությունը, և պահանջվում է վիրահատական միջամտություն: Սպասվո՞ւմ է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնանկությանը կհետևեն նաև այլ պաշտոնանկություններ: Հիշենք թեկուզ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամիսներ առաջ ՀՀ նախագահի ընտրություններից հետո պահանջում էր պաշտոնանկ անել մի քանի օդիոզ մարզպետների:
-Եթե հետևում ենք վերջին տարիների իրադարձություններին, ապա կտեսնենք, որ հաջողություն արձանագրել են քաղաքացիական նախաձեռնությունները: Այն քաղաքական ուժերը, որոնք դեկլարատիվ հայտարարություններով փորձում են երանգ ստեղծել, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քաղաքական դաշտում վերադասավորումների վրա: Արդեն նկատելի է, որ քաղաքացիական համախմբումները, նախաձեռնությունները կարող են ձևավորել շարժում: Կան նաև ռեժիմի դեմ պայքարում ինքնաբերաբար հաջողություններ արձանագրած քաղաքացիական նախաձեռնություններ:
Հենց Արմավիրի մարզում գյուղացիների կողմից մայրուղի փակելու արդյունքում տեսանք, թե ինչպես կառավարությունը որոշակի զիջումների գնաց և առաջ քաշեց խնդրի լուծման իր տեսլականը: Դրանք էական օգուտ տվեցին սոցիալապես խոցելի խմբերին: Այս օրինակը ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին խնդրի լուծման այս տարբերակն է գործելու:
Այստեղ է, որ քաղաքացիական հատվածը պետք է պայքարի և քաղաքական հայտ ներկայացնելով փորձի լուծել համապետական նշանակության խնդիրներ:
-Հայաստանում այսօր գործում են ազատական գաղափարների կրող մի քանի կուսակցություններ: Կա՞ն նախադրյալներ, որ նրանք առաջիկայում կմիավորվեն:
-Գաղափարական ոչ մի հենքի վրա ներկա իրավիճակում չեմ տեսնում հնարավորություն, որ նրանք կարող են հասնել միավորման: Մենք տեսնում ենք, թե գաղափարախոսական հենքի վրա միավորումների ինչ փորձեր են արվում, սակայն դրանք չեն ձևավորվում, էլ ուր մնաց, որ իրենց առջև դնեն խնդիրներ ու հասնեն դրանց լուծմանը: Նույնիսկ մի սեղանի շուրջ նրանք անզոր են քննարկել խնդիրներ ու լուծել դրանք:
Իմ կարծիքով` Հայաստանի ապագան քաղաքացիական շարժումների մեջ է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ