Հունիսի 27-ին Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում կկայանա «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում պատրաստված սոցիալական հոլովակների շնորհանդեսը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ներկայացվելու է 30 սոցիալական հոլովակ, որոնցում անդրադարձ է կատարվել Արցախյան ազատամարտի հերոսներից նրանց, ովքեր զոհվել են պատերազմի դաշտում և հետմահու պարգևատրվել են ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Ծրագրի նպատակն է ծավալուն քարոզարշավ իրականացնել ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ սոցցանցերում և համացանցում` ծանոթացնելով մերօրյա հերոսների կյանքին: Առաջիկա ամիսներին զուգահեռաբար իրականացվելու են նաև դասախոսություններ, որոնց ընթացքում ներկայացվելու են Արցախյան ազատամարտի հերոսներն ու նրանց գործած սխրանքը: