ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Արցախում պաշտոնյաները կերուսուս են արել՝ չնկատելով, թե ինչպես է պետական կառավարման համակարգը վերածվում քայլող ստամոքսի

Արցախում պաշտոնյաները կերուսուս են արել՝ չնկատելով, թե ինչպես է պետական կառավարման համակարգը վերածվում քայլող ստամոքսի
22.07.2023 | 18:53

Հայաստանի կողմից Արցախին հատկացվող միջպետական չվերահսկվող վարկը տարիներ ու տասնամյակներ շարունակ եղել է պաշտոնական Երևանի նկատմամբ արցախյան քաղաքական վերնախավի և, ըստ այդմ էլ՝ պետական-կառավարման համակարգի լոյալության գինը։

Քաղաքական անմռունչության-անծպտունության, ավելի ստույգ՝ քաղաքական անէության գինը։

Մի խոսքով՝ քաղաքական կերուսուս։

Քաղաքական լոյալության այս մոդելը շարունակում է գործել, դրա այլընտրանքը չի գտնվել նաև 2018-ի հեղափոխությունից հետո, եթե ճիշտն ասենք՝ դրա ցանկությունն էլ չի եղել, դրա անհրաժեշտության գիտակցումն էլ չի եղել։

Գերադասել են «պատրաստի կոստյումը հագնել» այս և շատ այլ հարցերում։

ՈՒ Արցախում պաշտոնյաները կերուսուս են արել՝ չնկատելով, թե ինչպես է պետական կառավարման համակարգը վերածվում քայլող ստամոքսի, չհասկանալով, որ ոչ միայն վարկն են ուտում, այլև երկրի ապագան, չգիտակցելով, որ քաղաքական համակարգը ստանում է «երեխան բութ է ու շատակեր» անմխիթար ախտորոշումը: Հովվերգական վիճակ էր, բայց ոչ թե ժողովրդի, այլ քաղաքական վերնախավի համար, որը ոչ մի բանի համար պատասխանատու չէր, ավելին՝ չէր էլ ուզում պատասխանատու լինել։

ՈՒ երբ տարիներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը Ստեփանակերտում ասաց, որ բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցությանը դեմ են ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլ նաև պաշտոնական Երևանը, և, որ առավել տարակուսելին է, պաշտոնական Ստեփանակերտը՝ շատերին սա սյուրռեալիզմ թվաց։

Ինչու՞ եմ սա վերհիշում։ Որպեսզի հասկանանք, թե որտեղից է երկրորդ հայկական պետականության քաղաքական սնանկությունը, Արցախի քաղաքական վերնախավի այսօրվա ճչացող խնամարկյալության բարդույթը։ Քաղաքական ինքնուրույնության իսպառ բացակայությունը, ավելին՝ ահավոր վախը դրանից։

ՈՒ թե ինչու, ասենք, արցախյան խորհրդարանից, որը պետք է քաղաքական մտքի դարբնոց լիներ, այսօր գանգատներից, նզովքից ու խնամառուի վերականգնման կատաղի պահանջից բացի ուրիշ ոչինչ գրեթե չի հնչում։ Չի հնչում ոչ միտք, ոչ գաղափար, չի արվում սեփական պատասխանատվությամբ զուգակցված ոչ մի քայլ։ Քաղաքական ուժերն իրենց պատասխանատու չեն զգում, քաղաքական գործիչները գտնվում են անմեղսունակության սահմանից վտանգավոր հեռավորության, ավելի ճիշտ՝ մերձության վրա։

Բայց, մյուս կողմից էլ, այս ճակատագրական պահին խնամառուի կողմից խնամարկյալին անողոք քննադատության տակ առնելը, խրատական քոթակներ տալն ու փոթորկոտ ծովում խարխուլ մակույկով նրան մենակ թողնելը, մեղմ ասած, արդարացի չէ։

Ինչպես ասում են՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում վարժեցրել ենք, ում «ընտելացրել ենք»։ Առավել ևս, որ մեր խնամարկյալին վտանգ է սպառնում, լուրջ վտանգ։ Այլապես գեշ բան կստացվի։ Կստացվի, որ պաշտոնական Երևանը պաշտոնական Ստեփանակերտին հետևողականորեն զրկել է քաղաքական ինքնուրույնությունից և քաղաքական ամենածանր պահին նրան մենակ է թողնում։

Իմ կարճ խելքով՝ Արցախում քաղաքական նոր էլիտայի ձևավորումն ու անվտանգության գոնե տանելի միջավայրի ապահովումը զուգընթաց են լինելու, ընդ որում՝ մեկի հաջողությունը խստորեն պայմանավորված է լինելու մյուսով, դրանք փոխլրացնող են լինելու։ Պատմական շռայլությունը սպառել ենք ու արդեն շանս չունենք դինջ ու խաղաղ կերպով բարենպաստ միջավայր ձևավորել նոր, արդիական, առաջադեմ ու խելամիտ էլիտա ձևավորելու համար։

Գիրկընդխառն են լինելու այս երկուսը։

ՈՒ պիտի կարողանանք մեր համազգային «բալիկի» համար թե՛ անվտանգության նվազագույն միջավայր ապահովել, և թե՛ նրան ինքնուրույն քայլել սովորեցնել։ Այն, ինչ պիտի անեինք նախորդ երեսուն տարում։

Այն, ինչ միգուցե ստիպված ենք լինելու անել երեսուն օրում։

ՈՒ հասկանում ենք, իհարկե, որ նման կարճ ժամանակահատվածում իրատեսականը փոքրիշատե «մեղսունակ» քաղաքական էլիտայի ձևավորումն է։

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ