ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Կնոջ արարումը

Կնոջ արարումը
08.03.2025 | 05:47

Եվ Արարչաստեղծ Ոգին կատարյալ

Հղացավ մի նոր Արարած ստեղծել,

Որ Արարչական Ոգու և Հոգու

Կրողը լինի,

Որ կարողանա Ոգեղենության

Լույսով արարել,

Որ կարողանա Սիրով ծնունդ տալ

Իր պես Գոյերին,

Եվ ծնունդը այդ Կյանք պիտի կոչվի:

Իսկ ժամանակը՝ հարաշարժ, անկանգ,

կդառնա Կյանքի լուռ ուղեկիցը…

Եվ ընթացքը այդ կշռութավորվի

և Սերունդ կոչվի:

Եվ Սերունդը այդ լինի բանական,

Լինի իմաստուն

և դառնա անկանգ,հարահոս ընթացք՝

Ոգեղեն լույսով և Հոգու հույզով

շաղախված մի երթ…

****

Խորհեց Արարիչն խորհուրդն անմեկին.

Օ՜, անչափ դյուրին ու հեշտ թվացին

իր արարումի Օրերը այն հինգ՝

սկսյալ Եզերքից՝ Տի և անսահման,

և՛ արարումից Լույս ու ջերմության,

և՛ արարումից Երկիր ածուի,

և՛ նրա գոյաց՝ միայն շնչավոր:

Եվ այդ ամենը Նրան թվացին

պարզ ու մեկնելի արարողություն:

***

Եվ Արարչաստեղծ Ոգին կատարյալ

Առեղծվածային Արարած կերտեց.

Իր Աստվածային բազմաբովանդակ,

Բարդ Էությունից վերցրեց արարման

Ոգեղեն կրակ՝ Լույսի ճաճանչով,

Հոգու թրթռուն Ելևէջները՝

Հույզով շաղախուն,

Հոգու և Ոգու, Կամքի, Արարման,

Նյութի ու մարմնի համաձույլ բանվածք

Կերտեց ներդաշնակ և Կին անվանեց:

Եվ այնուհետև Ոգին Բանական

Կերտեց մարմինը Կին արարածի՝

Շքեղ, գալարուն, ներդաշնակ ու պիրկ:

Եվ շնորհեց Աստված մարմնին կնոջ

Գաղտնիք, առեղծված,

Որ այն միշտ լինի հմայիչ, դյութող

Եվ կախարդական իր գալարումով:

Եվ առեղծվածը նրա էության

Եվ զգայուն մարմնի չբացահայտվի,

Որ գաղտնիք մնան Հոգու և Ոգու

Թռիչքներն անզուսպ…

Կին, այսինքն՝ Էգ, այսինքն՝ Արգանդ,

Արարիչ Մարմին:

Այսինքն՝ Արմատ՝

նոր պտուղ տալու ունակ էություն,

որին Արարիչն անվանակոչեց

Մայր և կամ Ծնող,

Որ պիտի դառնա իր պես Գոյերի

Ոգու և Հոգու,Սիրո և Հույզի

Մայրը կամ ծնող:

Իսկ Մոր արարած Երախայրիքը

Պիտի հորջորջվի Զավակ կամ Որդի:

Եվ պտուղը այդ, որ պիտի լինի

Ոգու և մարմնի, Հոգու և մարմնի

Եռամիություն՝

Անտեսանելի, ամուր կապերով

Դաշն ու միաձույլ կապված պիտ լինի

իրեն արարող և ծնունդ տվող

այն կի՛ն Արմատին

և պիտի լինի պատկերը իր մոր՝

ճիշտ հար և նման:

Ստեղծեց, ավարտեց,

Նախ Ոգի տվեց Կին արարածին,

Որ հաղորդակցվի Ոգու ճաճանչով

Արարիչ Աստծո Լույսին Ոգեղեն,

Ապա պարգևեց Հոգի հուզառատ

Եվ կաղապարեց նյութեղեն մարմնում,

որ դաշն լինի միությունն եռյակ:

Եվ հետո միայն Շունչ տվեց նրան:

****

Եվ նայեց Աստված

Երախայրիքին իր արարումի

Եվ հույժ գոհացավ, նաև հիացավ.

Շատ էր կատարյալ ու նաև չքնաղ,

նաև առինքնող Արարածը այդ:

Կատարյալ էր այն

Երկինք սուրացող Ոգու սլացքով

Եվ Երկրին փարած Հոգու թրթիռով,

Ոգին ու Հոգին պատյանող մարմնով…

Բայց ո՞ւմ համար էր ստեղծել, արարել

զարդն այդ բնության.

Ինքը՝ վերևում,Կինը՝ ներքևում,

Եվ հետո Կինը շատ էր Երկրային…

Իմ՝ «Արարում. Տապան փրկության» պոեմից,

Օր Վեցերորդ,

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ