«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց

Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց
11.03.2025 | 12:38


Օրերս Վրաստանի կառավարության և ԱՄԷ-ի խոշորագույն դեվելոփերական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջև 6 մլրդ դոլարի ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թե՛ կոմերցիոն, թե՛ աշխարհաքաղաքական նպատակներ։

Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և մեծացնել իր գրավչությունը միջազգային կապիտալի համար։ Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագիրը ոչ միայն կարդիականացնի Թբիլիսիի, Բաթումիի և Գոնիոյի ենթակառուցվածքային համակարգը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության ակտիվացմանն ու կայունության բարձրացմանը։

Մինչ Թբիլիսին հաստատում է իր կարգավիճակը որպես տարածաշրջանի ներդրումային կենտրոն, Երևանը մնում է ստվերում՝ օտարերկրյա կապիտալի համեմատաբար ցածր ներհոսքով։

Այսպես, 2023 թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ 2,3 անգամ նվազել է՝ կազմելով 443 մլն դոլար։ Ակնհայտ միտում է դարձել Հայաստանից բաժնետիրական կապիտալի արտահոսքը, ինչը հանգեցրել է բաժնետիրական կապիտալի զուտ ֆինանսական պարտավորությունների 335 մլն դոլարով նվազմանը։ Այս գործընթացը բացասաբար է ազդել նաև վերաներդրված կապիտալի վրա, որը կրճատվել է 200 մլն դոլարից ավելի։

ԱՄԷ-ից ներդրումների առումով խոշորագույն գործարքը դեռևս մնում է Masdar ընկերության և Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (լուծարվել է ֆինանսական խախտումների պատճառով) միջև կնքված պայմանագիրը՝ 300 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ։ Սակայն այս ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվում է։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից, իսկ պետական քաղաքականությունը ներդրումների ներգրավման ոլորտում մնում է ֆրագմենտար ու չհամակարգված։ Դա նաև հետևանք է հստակ արտաքին քաղաքականության բացակայության։

Ակնհայտ է, որ վրացա-արաբական գործարքը նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ ԱՄԷ-ի ներդրումներն առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ կարող են հավասարակշռել Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությունը։ Դա, իր հերթին, համապատասխանում է ԱՄԷ-ի շահերին՝ միջազգային տրանսպորտային միջանցքներում իր դիրքերը ուժեղացնելու և Հարավային Կովկասից քաղցրահամ ջրի մատակարարումները զարգացնելու առումով։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 12958

Մեկնաբանություններ